Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Դեսպանությունում չգիտեն ով, երբ, ինչպես, բայց վրդովված են

Մայիս 05,2018 21:09

Հայկական թավշյա հեղափոխության շուրջ ծավալված ինֆորմացիոն աժիոտաժը՝ համեմված սև, սպիտակ և բազմագույն քարոզչական և հակաքարոզչական հնարքներով, դեռ մասնագիտական ուսումնասիրության կարիք ունի, սակայն մեկ դրվագ այդ խառնաշփոթից, այնուամենայնիվ արժանի է ոչ միայն ուշադրության, այլև անհապաղ արձագանքի:

Այն որ ռուսաստանյան ինֆորմացիոն դաշտը այս օրերին, ընդհանուր առմամբ հանդես եկավ հավասարակշռված դիրքերից, դա ակնհայտ է, սակայն մեր ռուսաստանցի գործընկերների մեջ գտնվեցին նաև այնպիսիները, ովքեր մոռանալով աշխարհում ամեն ինչ՝ օրենք, ինքնահարգանք, մասնագիտական պատիվ և վերջապես քրիստոնեության պատվիրանները, լծվեցին ոչ թե հակաքարոզչություն իրականացնելուն, որը ի դեպ նույնպես մասնագիտական գործիք է, այլ վերածվեցին էժանագին բանսարկուների, ովքեր հաստատապես չեն գիտակցում, որ հսկայական լսարան ունեցող դաշնային ռադիոեթերը իրենց խոհանոցը չէ և որ այդ եթերից հնչող մտքերի համար կարելի է ենթարկել նույնիսկ քրեական պատասխանատվության: Խոսքը ապրիլի 26-ին Կոմսոմոլսկայա պռավդա ռադիոկայանով եթեր հեռարձակված Գլխավոր թեմա հաղորդման մասին է, որտեղ ներկա բանախոսներ Միխաիլ Լեոնտևը և Միխաիլ Յուրիևը Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին հնչեցնում են հետևյալ մտքերը.

«Ռուսաստանը, որպես կայսրություն պետք է հետ վերադարձնի այն հողակտորը, որը նախկինում իրեն է պատկանել, (ի նկատի ունի Հայաստանը) , և դիտարկի այդ  ժամանակավորապես անկախացած երկիրը, որպես իր պրովինցիա», – Միխաիլ Յուրիև:

«Ամաչելու բան Ռուսաստանը չունի և եթե, որևէ երկրում, ասենք Հայաստանում, տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն, ապա պետք է այնտեղ  իջեցնել երկու գունդ և արյան մեջ թաղել այդ ամենը, եթե տեղական իշխանությունը քաջություն չունի դա անելու: Եվ պետք է անել դա առանց վախենալու, թե ինչ կասի արևմուտքը: Բռնությունը այնպիսի բան է, որ պետք է անել լի ու լի»,- Միխաիլ Յուրիև:

«Ինչ ասել է հակառուսական տրամադրություններ Հայաստանում: Դա սովորական  պոռնկություն է: Դա նշանակում է, ես լիզելու եմ այն հետույքը, որը ավելի համեղ է, ահա թե ինչ է հակառուսական տրամադրությունը Հայաստանում»,- Միխաիլ Լեոնտև:

Զառանցանքը կայսերական պրովինցիայի մասին և հայ հասարակությանը հասցրած վիրավորանքի լեզվամտածողության պահը, կարելի է համարել վատ մարսողության կամ ալկոհոլի նկատմամբ ունեցած չափազանց սիրո հետևանք, բայց ահա արյան մեջ խեղդելու կոչը լուրջ, շատ լուրջ ուշադրության և պատասխանատվության ենթարկելու կարիք ունի, առավել ևս, որ ռուսական քրեական օրենսգրքում հստակ սահմանում է այդ պատասխանատվությունը՝ բռնության և թշնամանքի տարածման պարագայում:

Համացանցում վերոհիշյալ հաղորդման տարածումից հետո, բազմաթիվ հայ օգտատերեր արդարացիորեն վրդովված են և բոլորի մոտ ծագում է տրամաբանական հարց՝ արդյոք Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղյակ է այդ միջադեպից և եթե այո, ինչ դիրքորոշում ունի այդ մասին: Դիրքորոշումը, որը պարզելու համար Առաջին համահայկական համացանցային հեռուստաընկերությունը նամակ էր հղել դեսպանության մամուլի քարտուղարություն, հետևյալն է: Մեզ հետ ունեցած առաջին հեռախոսազրույցի արդյունքում, դեսպանության մամլո քարտուղար Լևոն Թորգոմյանը հայտնեց, որ այդ խնդրով զբաղվում են հայկական երիտասարդական և հասարակական կազմակերպությունները Մոսկվայում, իսկ թե ինչով է զբաղվում հատկապես դեսպանությունը, այդ մասին պարոն Թորգոմյանը հայտնեց արդեն երկու ժամ անց, մեր երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում: Նա հավաստիացրեց, որ իրենք հայերի կողմից ստանում են բազմաթիվ նամակներ և նույնպես վրդովված են միջադեպի հետ կապված:

Նա հայտնեց, որ դեսպանությունը իր դժգոհությունն է հայտնել ռադիոկայանի խմբագրությանը: Ինչ կերպ և ում է փոխանցվել այդ դժգոհությունը հնարավոր չեղավ պարզել: Պարզել չհաջողվեց նաև, թե կոնկրետ երբ է դեսպանությունը հայտնել այդ դժգոհությունը (հիշյալ հաղորդումը եթեր է գնացել ապրիլի 26-ին), պարոն Թորգոմյանը դժվարացավ նշել կոնկրետ ժամանակացույցը: Նա ասաց նաև, որ իրենք խորհրդակցում են մասնագետների և իրավաբանների հետ՝ հասկանալու համար, թե ինչպիսի իրավական մոտեցում կարելի է ցուցաբերել վերոհիշյալ միջադեպի նկատմամբ: Ահա Ռուսաստանում Հայաստանի դեսպանության այն ամբողջ պաշտոնական դիրքորոշումը, որի մասին արդեն քանի օր ուզում է լսել հայ հասարակությունը:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031