Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիից հետո Բերձորն էր

Մայիս 10,2018 10:19

Իներցիայով շարունակվում են նախկին սխալների կրկնությունները
եւ բազմիցս արծարծված փաստերի խեղաթյուրումները

Սուրեն Բաղդասարյանը սովետական բանակի կադրային սպա էր։ 1928թ. ծառայել էր հայկական ազգային դիվիզիայում՝ սովետական բանակի կազմում: Նա Հայրենական պատերազմի ժամանակ 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիայի 400-րդ գնդի կոմիսարն էր, հերոսաբար զոհվել է Կրասնոդարի շրջանի Գորբուզովայա Բալկա գյուղում։ Ս.Բաղդասարյանը 1943թ. փետրվարին հետմահու պարգեւատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով:

Արցախյան պատերազմի, մասնավորապես՝ Շուշիի, դրան հաջորդած հաղթանակներից անմասն չմնաց Սուրեն Բաղդասարյանի որդին՝ իրավաբան, ռազմական գործիչ, խորհրդային բանակի սպա, հրետանավոր, Արցախյան ազատամարտի հերոս, հրթիռային-հակաօդային զորքերի հրամանատար Դնեպրիկ Բաղդասարյանը:
Շուշիի հաղթանակին հետեւեց Լաչինի ազատագրումը:

«Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետախուզական խմբի պետ, «Հետախույզ» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Սուրեն Կարապետյանը մի առիթով ասել է, որ Լաչինի ազատագրումը պետական այրերի կողմից երբեւէ մտածված չի եղել, այն կապ չի ունեցել Շուշիի ազատագրման հետ, դրա համար էլ չի հիշատակվում որպես կարեւոր ձեռքբերում. «Գորիսի շրջանում բավականին լարված իրավիճակ էր, ադրբեջանական զորքերը մեզանից 3-4 անգամ ավելի զինուժ ունեին կուտակած: Մտածելով, որ Լաչինում հիմնականում քրդեր են ապրում` փորձեցինք առանց մարտերի նրանց բաց թողնել, բայց նրանք չհամաձայնեցին, եւ մարտերը շարունակվեցին»: Ըստ նրա` Լաչինի ազատագրման հրամանատարը` Դնեպրիկ Բաղդասարյանը, պետական կերակրամանին մոտ կանգնած մարդ չէր: Այն ժամանակ էլ նա հակասություններ ուներ ղեկավարության հետ, դրա համար գուցե չի նշվում Լաչինի ազատագրումը:
Դնեպրիկ Բաղդասարյանը 1989թ. սեպտեմբերից քիմիական տեխնիկումում մարտական պատրաստություն էր ուսուցանում կամավորական ջոկատներին, որոնց կազմում էին Լեոնիդ Ազգալդյանի, Աշոտ Նավասարդյանի, Աղասի Արշակյանի, Կոնդի Վաչագան Չիբուխչյանի, «Մուսա լեռ» Հայորդ նախագիծ ինստիտուտի ջոկատները։
1990թ. նա ստեղծում է «Հատուկ Գունդը», որի հիմնական հիմնադիրն է եղել իր կողմից պատրաստված Կոնդի հետախուզության վաշտը՝ ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի եւ Սուրեն Կարապետյանի գլխավորությամբ:

1990թ. փետրվարի 26-ին կազմակերպում է «Բարձրունու» կողմից ադրբեջանական Բյուրմանչաթախի հրետակոծումը եւ գրավումը, ղեկավարում «Մեծն Տիգրան» զորամիավորումը:

ՀՀ Գերագույն խորհրդի, Պաշտպանության եւ ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Վ. Սարգսյանի կողմից Դ. Բաղդասարյանին լիազորվել էր պաշտպանության կոորդինացիոն կոմիտեի ներկայացուցիչ:

Սակայն 1990թ. մայիսին մարտական գործողություններ կատարելիս գերի է ընկնում Նախիջեւանի շրջանում, ազատվում դեկտեմբերին:

Փառապանծ ռազմագետը 1991-1992թթ. ակտիվ մասնակցություն է ունենում Շահումյանի շրջանի մարտերին, մարտի ժամանակ ծանր վիրավորվում է։
1992թ. ապրիլի 22-ից մայիսի 14-ը անձամբ ղեկավարում է Լաչինի մարտերը, ինչը նպաստում է Շուշիի ազատագրմանը, իսկ մայիսի 15-ից հունիսի 22-ը մասնակցում է Կապանի պաշտպանությանը:

Փոխգնդապետ Դնեպրիկ Բաղդասարյանի «Դիմակայություն» հուշագրությունների գրքում նկարագրված են արցախյան ազատամարտի այն իրադարձությունները, որոնց անմիջական մասնակիցն է եղել հեղինակը. «Քաոս», «Բարձրունու պաշտպանությունը եւ առաջին լուրջ հարվածը հակառակորդին», «Կանոնավոր ազգային գվարդիա ստեղծելու մտահղացման եւ իմ գերության մեջ հայտնվելու մասին», «Ադրբեջանի տանջարաններում» հատվածներում:

1992թ. մայիսի 18-ին Լաչինի ազատագրման մասին ԼՂՀ պաշտպանության բանակի գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանն իր հուշերում գրել էր. «Հայկական ուժերն առանց լուրջ հարձակումների մտան Լաչինի շրջան՝ ապահովելով անվտանգություն աջ եւ ձախ կողմերում: Մայիսի 18-ին ինքնապաշտպանության ուժերի կազմավորումները մտան նաեւ շրջկենտրոն՝ Բերձոր քաղաք, ապա դուրս եկան ՀՀ պետական սահման, բացելով Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհը՝ «Մարդասիրական միջանցքը»:

Իսկ «Տիգրան Մեծ» ջոկատի հիմնադիրներից Սուրեն Կարապետյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր. «Շուշիի ազատագրումն ամենակարեւոր օպերացիաներից էր: Բայց, նախ եւ առաջ, պետք էր Լաչինն ազատագրել, որովհետեւ միայն օդուժով հնարավոր չէր պահել Արցախը, նաեւ ցամաքային ճանապարհ էր պետք: Ապրիլի 24-ից մինչեւ մայիսի 18-ը մեր հետախուզական խմբերը գտնվում էին Գորիսում եւ քարտեզագրում, եւ ուսումնասիրում էին այդ տարածքը: Դեռ մայիսի 6-ից մենք սկսեցինք հրետակոծել Լաչինը: Ռադիոկապով նրանք մեզ հետ բանակցությունների դուրս եկան, իսկ Շուշիի վրա հարձակումն արդեն սկսվել էր: Փակվեց նաեւ Ջանասան- Քյոսալար հատվածը եւ թշնամին խուճապի մատնվեց»:

Առհասարակ, ինչպես Մհեր Հարությունյանն է նկատել Շուշիի ազատագրման պատմագրության հիմնահարցերին նվիրված իր հոդվածում՝ «իներցիայով շարունակվում են նախկին սխալների կրկնությունները եւ բազմիցս արծարծված փաստերի խեղաթյուրումները»: Մասնավորապես, խոսքը Շուշիի ազատագրման պատմագրության հիմնահարցերին նվիրված հրատարակությունների մասին է.
«Գնալով ավելի ու ավելի շատ հեղինակներ են փորձում արծարծել այդ կարեւոր իրադարձության տարբեր կողմերին առնչվող հիմնահարցերը: Թե ինչքանով են հաջողված այդ փորձերը, մենք կտեսնենք ստորեւ, սակայն մի բան աներկբա պիտի լինի. ամեն ոք, ով ձեռնարկում է նման գործ, պարտավոր է պատասխանատու վերաբերմունք հանդես բերել եւ ճշմարտության ամուր հիմքերի վրա կառուցել անցյալի վերաիմաստավորման շենքը»:
Ի դեպ, ըստ նրա, Շուշիի ազատագրմանը առաջիններից է անդրադարձել Վահան Հարությունյանը` «Իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում» ժամանակագրության մեջ, Զորի Բալայանը՝ հուշագրությունում, Վալերի Մարությանը, Ռազմիկ Պետրոսյանը, Դնեպրիկ Բաղդասարյանը, Հովհաննես Այվազյանը, Սենոր Հասրաթյանը, Գոհար Ղարիբյանը եւ ուրիշներ:

Մհեր Հարությունյանի դիտարկմամբ, նշյալ հեղինակները, թեեւ Շուշիի ազատագրումն ուսումնասիրության առանձին նյութ չեն դարձրել, բայց հաջորդական ընթացքի մեջ ներկայացրել են նախորդած իրադարձություններն ու ռազմական այն հաջողությունները, որոնք քայլ առ քայլ մոտեցրել են 1992-ի մայիսի 9-ի հաղթանակը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031