Լրահոս
Օրվա լրահոսը

Համազգային-համաժողովրդական հեղաշրջո՞ւմ, թե՞ դասական հեղափոխություն

Մայիս 21,2018 11:55

Քաղաքական վերլուծաբաններն ու մեկնաբանները տուրք տալով իշխանափոխության կարեւորությանը մեր երկրում, հաճախ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքը բնորոշում են որպես հեղափոխություն:

Մինչդեռ հասարակագիտությունն ու քաղաքագիտությունը հստակ սահմանում են քաղաքական գործընթացների արդյունքում ձեւավորված նոր իրավիճակները եւ եզրահանգում են, որ տեղի ունեցածը ուղղակի հեղաշրջում էր:

Համաձայն գիտական մտքի՝ հեղափոխություն կարելի է անվանել այն վերափոխումները, որոնց արդյունքում վերաձեւվում են արտադրահարաբերությունները, պետական կառուցվածքը, հիմնական եւ հարակից օրենքները եւ ձեւավորվում է այնպիսի մի հասարակարգ, որը ժխտում է նախկին գործող իշխանության գործունեության ձեւերն ու մեթոդները: Անգլիական, ֆրանսիական, ռուսական եւ այլ հեղափոխությունների ժամանակ վերափոխվեցին սեփականության, պետական կառուցվածքի եւ իրավական փոխհարաբերությունների ողջ համակարգերը եւ ստեղծվեցին նոր օբյեկտիվ ռեալություններ բոլոր ոլորտներում: Անգամ այդ հեղափոխությունների արդյունքում տեղի են ունենում հեղաշրջումներ, երբ իշխանության լծակներն իրենց ձեռքն էին վերցնում խարիզմատիկ առաջնորդները: Անգլիայում հեղափոխությունից հետո ամբողջ իշխանությունը եւ առաջնորդումը դարձավ Կրոմվելի մենաշնորհը, Ֆրանսիայում Նապոլեոնը բացարձակ իշխանության հասավ, Ռուսաստանում Ստալինը ստեղծեց խորհրդային միապետություն: Սակայն բոլոր դեպքերում այդ երկրները հասան աննախադեպ զարգացման: Բայց շեշտակի նվազեցին ժողովրդավարական արժեքները եւ ազգաբնակչության հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Հայաստանում վերջին իրադարձությունները կրկնեցին հեղաշրջումների համաշխարհային փորձը եւ նոր ազատական հարաբերությունները ավարտվեցին Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անհատական իշխանության հաստատմամբ, որոնց արդյունքում ընտրելու եւ ընտրվելու իրավունք ունեցող մասսաները զրկվեցին քաղաքական ակտիվությունից եւ արդյունքներից, իսկ մարդկանց փոքր ու բավականին ոչ ինտելեկտուալ խումբ կարողացավ օգտագործել պետական ինստիտուցիոնալ հնարավորությունները եւ հաստատեց մեկ անհատի համարյա անսահմանափակ իշխանություն: Հայաստանում իրավիճակի բարեփոխման բոլոր փորձերը՝ 1996, 1998, 2008, ավարտվեցին ժողովրդավարական ուժերի պարտությամբ: Իսկ 2015թ. Սահմանադրության վրա խարսխված անձի բացարձակ իշխանության հաստատման փորձը, երբ պետական բոլոր ինստիտուտներն ու իշխանության ճյուղերը իրավունքի ուժով ենթարկվում էին գործադիր իշխանության ղեկավարին, հասարակությանը մղեցին պայքարի: Ժողովրդական լայն զանգվածները ըմբռնեցին, որ բացարձակ իշխանություն հաստատած փոքրիկ խմբին կարող է հաջողվել հավերժական գերակա քաղաքական վիճակ հաստատել երկրում: Եվ հասարակության բոլոր խավերը, խմբերը, դասերը եւ ոլորտները չկարողացան հանդուրժել նման ուզուրպացված, բռնազավթված քաղաքական վիճակ:

Համազգային եւ համընդհանուր ծանր հոգեբանական ու բարոյական լարվածության խորքերում հասունացավ անսահման ատելություն իշխող անհատի եւ նրա կլանի հանդեպ: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ճիշտ ուղղորդել մասսաների ուժն ու էներգիան, որի հարվածների տակ փշրվեցին պետական բոլոր ինստիտուտները գրաված անհատների կամքն ու ցանկությունը, քանի որ բոլոր այդ անհատները բուրգային կախվածություն էին ձեռք բերել մեկ անհատից ու չէին կարողանում գործել ինքնուրույն, օրենսդրական դաշտում:

Այն, ինչ կատարվեց, կարելի է բնութագրել որպես համազգային ցանկության ու համաժողովրդական երազանքների վրա հիմնված հեղաշրջում: Երբ իշխանությունը կորցրել էր իրավական պայքարի, հասարակական լեգիտիմության եւ ինքնապաշտպանական դիմադրողականության բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները, իսկ մասսաները համախմբվել էին հանուն մեկ անհատի թվացյալ հավերժական իշխանության դեմ: Հեղաշրջումը հենված էր 20 տարի ժողովրդին քաղաքական որոշումներից հեռացրած, անհատների նկատմամբ անվստահության ու բացասման վրա:

Գործընթացը կարելի վստահաբար հեղաշրջում անվանել նաեւ այն գիտական հիմնավորվածության պատճառով, որ պետական տնտեսակարգն ու ինստիտուտները, իշխանության թեւերն ու օրենսդրական հիմքերը դույզն-իսկ փոփոխության չենթարկվեցին: Միայն նախարարների եւ սուբյեկտիվ մոտեցումների փոփոխությունները չեն կարող որակվել որպես հեղափոխություն: Այն ժողովրդի ոգեւորության, ատելության ու պաշտպանության ձգտման վրա հիմնված հեղաշրջում էր, որը կրում է ժողովրդի անսահման վստահության ու հավատի քվեն:

Փաշինյանը կարող է դեռեւս ժողովրդի կամ երիտասարդների դժգոհության ալիքն ուղղել այս կամ այն պաշտոնյայի կամ երեւույթի դեմ եւ հեռացնել այն, որն ունի անհեռանկարային եւ պերմանենտ հեղաշրջումների վտանգ: Այն, ինչ հիմնված չէ օրենքների եւ իրավակարգի վրա, կարող է հանգեցնել պետության եւ կառավարիչների կործանման:

Հեղաշրջումների բոլոր կազմակերպիչները՝ սկսած Ռոբեսպիերից, Մարատից մինչեւ Ստալին, ոչնչացվել են հենց հեղաշրջման ալիքի ուժից: Ժողովրդի օգնության եւ վստահության պաշարը անսահման եւ հավերժ չէ եւ եթե չհետեւեն օրենսդրական, տնտեսական, հասարակական –սոցիալական բարեփոխումներ, ապա վերադարձ դեպի անհատի բացարձակ իշխանություն, կարելի է սպասել ցանկացած պահի:

Երկար-երկար տարիներ լինելով մերժված ու արհամարհված, հասարակության բոլոր խավերը եւ քաղաքացիները վառ սպասելիքներ ունեն Փաշինյանի կառավարությունից եւ եթե այդ վստահությունը չունենա գիտակցական արդյունք, ապա հիասթափությունը եւ իրավիճակից դժգոհությունը կառաջացնի նոր հեղաշրջումների վտանգ, որին մեր ազգային ու պետական դիմադրողականությունը այլեւս չի կարող հաղթահարել:

 

Վոլոդյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Պատմաբան-հասարակագետ, գնդապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031