Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի զորավոր չէ՞ր լինի՝ Ձեր քաղաքական ընդդիմախոսին մեծահոգաբար հորդորել խաղաղություն. Անահիտ Քնարյան

Մայիս 27,2024 08:28

…Ու էլ ամեն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում…

 Ե. Չարենց

Ասես ավետարանական պատվիրան լինի՝ գրված եկեղեցու սպասավորի ու երկրի ղեկավարի համար: Չարենցյան այս պատվիրանի խորհուրդն էին կրում իմ ժամանակակից երկու մեծերը՝ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը։ Չէին ներում միան դավաճանությունը: Դավաճանների ձեռքով էլ ընկան, ավաղ։

Եվ շուրջ քառորդ դար նյութապաշտության խրախճանքի ու հոգևորի մահվան համընդհանուր համաճարակում՝ Բագրատ Սրբազանի հավատ ներշնչող խաղաղ, հանդարտ ձայնով «Բարոյականության, Հաշտության, Հայրենիքի փրկության» շարժմանը միանալու կոչը (քաղաքական որևէ հոսանքից, կամ քաղաքական որևէ ուժի գերակայությունից զերծ խոստմամբ) 20-ամյա վտարանդության լաբիրինթներում մեկուսացածիս անգամ, և նույնպես, հույս ներշնչեց ու արձագանքեցի։

Եվ քանի որ Լևոն Տեր- Պետրոսյանից, Կարեն ու Ստեփան Դեմիրճյաններից հետո Բագրատ Սրբազանը առաջին անձն է, ում սատարման խոսք եմ ասել՝ չեմ կարող չարտահայտել մտատանջությունս՝ կապված Գալստյան Տոնին Սուրբ Աննա եկեղեցու բակում նրա ունեցած ելույթի հետ, և՝ չհարցնել.

– Էդ լուսավոր օրով, էդ լուսեղեն բակից, Ձեր լուսավոր կոչումով՝ էդ ի՞նչ անհասկանալի բառերով խոսեցիք, Սրբազան։ Բա ու՞ր մնաց «հաշտություն, համերաշխությունը»։ Եվ, վերջապես, ո՞րն էր Ձեզ համար ավելի կարևոր: Պատասխանել Ձեր քաղաքական ընդդիմախոսին՝ օգտագործելով հայտնի կայքերի և նրանց հյուրերի (դժվար է նույնիսկ պատկերացնել) բառամթերքը, թե՞ չկոտրել՝ Հայաստանի կորստի գիտակցությունից տագնապած ու հուսահատված, եթե ոչ հարյուրավոր, ապա մի քանի տասնյակների արթնացող հույսը։ Ավելի զորավոր չէ՞ր լինի՝ Ձեր քաղաքական ընդդիմախոսին մեծահոգաբար հորդորել խաղաղություն։

…Կամ ի՞նչ կապ ուներ Գալստյան Տոնի սուրբ խորհուրդը՝ Շուշիում մարդակերների ու վանդալների խրախճանքի զոհ դարձած Վազգեն Սպարապետի արձանի պղծումի հիշեցման հետ։ (Այն դեպքում, երբ մեր Հայրենիքով, մեր մշակութային արժեքներով, մեր մարմնով սնվող արյուներախը, աշխարհի բաց աչքի առաջ շարունակում է պղծել «նվեր» ստացած և անտեր թողած մեր եկեղեցիները, խաչքարերը, մեր սրբացած նահատակների գերեզմանները)։

…Եվ փառք Աստծո, որ Սպարապետի լուսահոգի Գրետա Մայրիկը չտեսավ որդու կրկնակի մահը՝ Արցախի անկումը, Բանակի ոչնչացումն ու Հայաստանի ավերածությունները։

Լևոն Տեր-Պետրոսյանը իր մի շարք ձախողակ կադրերի մեղքերն առած ուսերին՝ ուներ համոզումը, որ՝ Երկրի ղեկավարը պետք է պատրաստ լինի և օրհնանքի, և անեծքի։ Դուք նույնպես՝ եկեղեցու խնկաբույր պատերը փոխարինելով քաղաքական, մանավանդ հայաստանյան) մեղմ ասած, անմաքուր հարթակով ՝ չեք կարող միայն օրհնանքի խոսքեր լսել, Սրբազան։

Դուք «Շարժումը» նաև Բարոյականության ու Պատասխանատվության Շարժում եք համարում։ Ձեզ մաղթում եմ Էկզյուպերիի Փոքրիկ իշխանի գթասրտությամբ լեցուն պատասխանատվություն և Բարոյականության ու Արժանապատվության վերականգնումի հաղթանակ։

…70-ականների ամենաերջանիկ ու ամենադժբախտ իմ սերնդի վերջին ճամփորդներից եմ։ Վերջին դարպասներին հասած, Զանգերի մարող ղողանջների տակ՝ զգում եմ միայն խայթեր ու կսկիծ խղճահարության, անճարակ, անամոքելի, խղճահարության։ Խղճում եմ մեր որբացող լեռներին, սարերին, ձորերին, անտառներին, գետերին ու լճերին, մեր գյուղերին ու հողին կռացած խեղճուկրակ գյուղացիներին։

…Դժոխքի կրակի վրա դրված մերօրյա մոլորակի եռացող կաթսայից կկարողանա՞նք արդյոք մի վերջին անգամ դուրս գալ, ինչպես՝ կանք։ Կկարողանա՞նք վերականգնել մեր սահմանները՝ մեր թշնամի և «դաշնակից» երկրների ուղեղից ու երազանքից մեկընդմիշտ ջնջելով «Զանգեզուրի միջանցքի» հայակործան գաղափարը։ Կկարողանա՞նք արդյոք…երբ բոլոր կողմերից ինքներս հարձակվել մեր վրա՝ Երկիրը թողել ենք անտեր։

Վերջաբանի փոխարեն.

Հայաստանի ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ու ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ճակատագրական այս օրերին՝ (հասկանալի է, որ սա միայն իշխանավորների փոփոխության խնդիր չէ) «Վերջին խոսքի իրավունքի» տագնապով ու անկեղծությամբ դիմում եմ Բագրատ Սրբազանին.

– Ղարաբաղյան՝ Հայոց Համազգային Շարժման՝ Արցախյան Ազատագրական պատերազմի պանծալի հաղթանակը, որը մեզ տրվեց մեր լավագույն՝ սերմացու տեսակի կյանքի գնով, որը մեզ տվեց արժանապատվորեն աշխարհին հաղորդվելու ազգային հպարտություն, երեք տասնամյակ անց պարզվեց, որ պատրա՞նք էր։ Որ այդ տարիներին, սահմաններին արյունաքամվող մեր գոյությամբ նաև՝ 100-ամյա խառնամբոխ մի ցեղախմբի աշխարհին մեզնով ճանաչելի դարձնելն ու 44 օրում մեր նոր սերնդի զոհաբերմամբ ու Արցախի «լուծարմամբ»՝ նրան «հաղթողի» ու տարածաշրջանի «գերիշխող պետություն» դարձնե՞լն էր։

– 1991 թվականից ցայսօր Հայաստանի ու Արցախի բոլոր ղեկավարները ասելու բան ունեն…

 

…Հարգարժան Բագրատ Սրբազան, մեր ժողովրդի պատմության այս ամենաողբերգական շրջանում Դուք կարողացել եք մարդկանց պայքարի ջիղ հաղորդել, ոտքի հանել։ Հազարավորները Ձեր կոչին անսալով են դուրս եկել փողոց և Դուք, անգամ ամենաազնիվ ցանկության դեպքում, չեք կարող Ձեր անվան ետև թաքնված ինչ-որ մեկին Ձեզանից առաջ դնել։ Ճակատագրական է պատասխանատվության բեռը, բայց որ վերցրել եք՝ մինչև վերջ պիտի տանեք։

Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում մենք ունենք լավագույն կրթությամբ ու խորացված փորձառությամբ հասուն մասնագետներ, ովքեր երկիրը ոտքի հանելու մտատանջությամբ պատրաստ կլինեն մաքուր ձեռքերով կազմել ժամանակավոր իշխանություն ու գնալ նոր ընտրությունների։

… Անձամբ իմ սպասելիքը Բագրատ Սրբազանի պատասխանն է՝ համայն հայությանը հուզող ներկայիս մեծագույն տագնապին ու անորոշությանը.

1.Կա՞ սեղանի վրա «Զանգեզուրի միջանցքի» հայակործան ծրագիրը, թե՝ ոչ։ Իսկ եթե կա՝ ո՞րն է այն չեզոքացնելու իր ունեցած տարբերակը։

2.Վերացնելո՞ւ է արդյոք փաշինյանական, այսպես ասած, «ադրբեջանցի փախստականների» վերադարձի ամենանենգ ծրագիրը, որով, հասկանալի է, Հայաստան են բերվելու հարյուր հազարներով ծանր հացագործներ, մարդասպաններ՝ կարճ ժամկետում ավարտին հասցնելու «Հայաստանն առանց հայերի» թուրքական երազանքը։

3.Ինչ ունի ասելու մեր տարածքի մեջ «Ադրբեջան պետության» նման հնարածին «անկլավների» մասին, որոնք նվիրելու դեպքում ոչ մի երաշխիք չկա, որ դրանք չեն դառնա ադրբեջանական ռազմաբազաներ։

…Հանրահավաքի բոլոր մասնակիցների հետ եմ։

 

Անահիտ Քնարյան

Բանաստեղծ-հրապարակախոս

ՀԳՄ անդամ 1984 թվականից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031