Հունիսի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեծ շուքով մեկնարկեց Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ Աննա Հակոբյանի հետ։
Մրցույթի մեկնարկն ազդարարող համերգային ծրագրում հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Ուշագրավ է, որ Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան՝ գրված թավջութակի և նվագախմբի համար մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց խաչատրյանական մրցույթի 2006 թվականի հաղթող, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Ծրագրում հնչեցին նաեւ հատվածներ «Սպարտակ» բալետից։
Համերգային երեկոն ուղեկցվում էր հանդիսատեսի բուռն ծափահարություններով, բիսերով։ Ներկաները չէին թողնում՝ մենակատարը, նվագախումբն ու դիրիժորը հեռանան բեմից։ Նարեկ Հախնազարյանն ունկնդիրներին նվիրեց նաեւ կատալոնյան երգ՝ «Թռչուններ» ստեղծագործությունը, իսկ Սիմֆոնիկ նվագախումբը որպես բիս կատարեց Խաչատրյանի Վալսը «Դիմակահանդես» դրամայից եւ Լեզգինկան «Գայանե» բալետից։ Վերջին գործը, ի դեպ, նվագախումբը կատարեց առանց դիրիժորի։


Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին նաեւ տեսանյութեր՝ նվիրված Արամ Խաչատրյանին, Խաչատրյանի անվան մրցույթին։
Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ





















































