Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպան ունենալու իրավունքը

Հուլիս 06,2018 09:55

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 10-րդ հոդվածը սահմանում է, որ ցանկացած մարդ իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորված լինելը որոշելու համար իրավունք ունի, որ իր գործը քննվի լիակատար հավասարության հիման վրա, հրապարակավ եւ արդարության բոլոր պահանջների պահպանմամբ՝ անկախ ու անաչառ դատարանի կողմից: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետն, իր հերթին, սահմանում է, որ քաղաքացիական իրավունքների եւ պարտականությունների մասին վեճի, ինչպես նաեւ ցանկացած քրեական մեղադրանք ներկայացնելու դեպքում մարդն իրավունք ունի գործի արդար եւ հրապարակային քննության, խելամիտ ժամկետում, անկախ եւ անաչառ դատարանի կողմից, որը ստեղծվել է օրենքի հիման վրա:

Պաշտպանություն ունենալու հիմնարար իրավունքը, մասնավորապես, ենթադրում է, որ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը կարող է վարձել փաստաբան, որը կներկայացնի իր շահերը: (Եթե վարձելու հնարավորություն չունի, պետությունն է պաշտպան տրամադրում): Իհարկե, Հայաստանում կարող են լինել մարդիկ, որոնք դեմ են, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային՝ ասելով, որ դա հակասում է մեր ազգային արժեքներին եւ, միասեռականների պաշտպանության նման, մեր վզին է փաթաթված չարամիտ եվրոպացիների կողմից: Բայց այդ դեպքում նրանք պետք է ասեն, թե արդարադատության ո՛ր համակարգին են կողմ՝ իսլամական պետություններում գործող «շարիաթի՞ն», գուցե ստալինյան «տրոյկաների՞ն»:

Սակայն եթե քաղաքացին կողմ է վերոհիշյալ հռչակագրին եւ կոնվենցիաներին, ապա նա պետք է համաձայն լինի նաեւ, որ հանցագործության մեջ մեղադրվող ՑԱՆԿԱՑԱԾ անձ իրավունք ունի օրենքով սահմանված պաշտպանության բոլոր հնարավոր ձեւերից օգտվելու: Հետեւաբար այդ, ենթադրաբար, առաջադեմ հայացքներ ունեցող մարդիկ պետք է ընդունեն, որ փաստաբանի պաշտպանության իրավունք ունեն բոլոր մարդիկ եւ, մասնավորապես, Հայաստանի ԲՈԼՈՐ քաղաքացիները: Ոչ միայն գեղեցիկ, համակրելի, ժողովրդի կողմից սիրված հրեշտակները, այլեւ տգեղ, նողկալի, հասարակության կողմից մերժված անձնավորությունները, որոնք մեղադրվում են անգամ սարսափելի, սրբապիղծ ոճրագործությունների մեջ: Այդ ամենը հաշվի առնելով՝ այնքան էլ տրամաբանական չէ ամոթանք տալ այն փաստաբաններին, որոնք ստանձնում են այս կամ այն «հակահերոսի» պաշտպանությունը: «Հակահերոսն» ունի պաշտպանության նույնպիսի իրավունք, որն ունի «հերոսը», ունենք ես եւ դուք:

Նման դիրքորոշումը հատկապես վերաբերում է իրավապաշտպաններին, որոնք, իմ պատկերացմամբ, որոշ դեպքերում ստիպված են գնալ հոսանքին դեմ: Մենք բոլորս կարող ենք պահանջել «հակահերոսի արյունը», իսկ իրավապաշտպանը բոլոր պարագաներում նախեւառաջ պիտի մտահոգվի մարդու իրավունքների պաշտպանությամբ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ծայրից ծայր ճիշտ է։

  2. Լավատես says:

    `Բայց այդ դեպքում նրանք պետք է ասեն, թե արդարադատության ո՛ր համակարգին են կողմ՝ իսլամական պետություններում գործող «շարիաթի՞ն», գուցե ստալինյան «տրոյկաների՞ն»:`

    Հայ ժողովրդի մեջ կա չգրված սեփական արդարադատության հայ համակարգ, հեղափոխությունը կշարունակվի, երբ սեփական արդարադատության մեր հայ ազգային համակարգը իրացվի գրված ու գործող օրենքների ձեւով եւ համոզված եմ, մերը շատ օրենքներում կհամընկնի մեր կողմից հարգված երկրների օրենքների հետ, բայց մենք նրա համար ենք կոչվում քաղաքակրթություն, որ ի վիճակի ենք համաշխարհային արժեք ստեղծել, որը կհարստացնի մյուս երկրներին եւ ոչ թե մնանք միայն ուրիշների արժեքների սպառող: Մխիթար Գոշը մեզ վկա:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031