Երեկ` հուլիսի 10-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 19։15-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 35 PV 867 համարանիշի ավտոմեքենան Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի «Եղնիկասար» կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մի քանի անգամ շրջվելով՝ հայտնվել ձորում։ Վթարի հետեւանքով վարորդը`Բերդ քաղաքի բնակիչ, 1978թ. Արթուր Ալավերդյանը, ուղեւորներ, Արծվաբերդի բնակիչ, 2003թ. ծնված Դավիթ Մազյանը, Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ, 2000թ. ծնված Գեւորգ Առաքելյանը տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ: Բերդի հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը հայտնեց, որ նրանց վիճակը բավարար է, նրանք բուժում են ստանում:

Մեր տեղեկություններով`վթարի ենթարկվածները «Եղնիկասարում» հարազատներով երեխաներից մեկի ծննդյան տարեդարձն են նշել, որից վերադառնալիս տեղի է ունեցել դեպքը: Փաստի առիթով Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, գործը քննում է զինվորական քննիչը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


















































