Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Փարիզում հոգացել ԿԳ նախարարի ծախսերը

Հուլիս 16,2018 20:03

Գերատեսչությունը պատասխանել է Aravot.am-ի հարցմանը

Մայիսի 23- 25-ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին եւ 5-րդ քաղաքականության ֆորումին, սակայն վարչապետի որոշումը Արայիկ  Հարությունյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերի մասին, եղել է հունիսի 15-ին:

Որոշման մեջ նշված է. «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի 10-րդ նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ 2018 թվականի մայիսի 23-25-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:

Aravot.am-ը ԿԳ նախարարությունից հետաքրքրվեց՝ եթե որոշումը մեկ ամիս ուշ է հրապարակվել կամ տրվել, այդ դեպքում ո՞վ է Փարիզում վճարել ԿԳ նախարարի օրապահիկն ու հյուրանոցը:

Նաեւ հիշեցրինք, որ որոշման 2-րդ կետում էլ ասվում է. «Հայաստանի Հանրապետության ԿԳ նախարարին`  եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»։ Հետեւաբար, խնդրեցինք պարզաբանել՝ նշյալ   եռօրյա ժամկետը ո՞ր ամսաթվերին է վերաբերվում եւ արդյոք ներկայացվե՞լ է հաշվետվություն:

Aravot.am-ը ԿԳ նախարարությունից ստացվել է հետեւյալ պարզաբանումը. « ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի նշանակումը պաշտոնում եղել է 2018 թվականի մայիսի 15-ին և հաշվի առնելով «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի 10-րդ Նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին»  երկրի արտաքին քաղաքականության տեսանկյունից մասնակցության կարևորությունը,  նույն օրը՝ 15.05.2018թ. կատարվել է հարցում ՀՀ կառավարությունից՝ պարոն  Ա. Հարությունյանի գործուղման թույլտվության համար: ՀՀ կառավարությունից թույլտվությունը ստացվել է 2018թ. մայիսի 18-ին (ուրբաթ)՝ գործուղման մասին որոշում ներկայացնելու հանձնարարականով, որում նշված վերջնաժամկետն էր 01.06.2018թ.:

ՀՀ ԿԳ նախարարությունը 21.05.2018թ. (երկուշաբթի) ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացրել գործուղման համար անհրաժեշտ ծախսերի մասին հարցումը և ստացել է համաձայնություն 2018 թվականի մայիսի 29-ին: ՀՀ ԿԳ նախարարությունը 2018թ. մայիսի 31-ին ՀՀ կառավարություն է ներկայացրել գործուղման ծախսերի մասին որոշման նախագիծը: 2018թ. հունիսի 19-ին ՀՀ ԿԳ նախարարությունը ստացել է ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 15-ի «Արայիկ Հարությունյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերի մասին» N779-Ա որոշումը: Համաձայն նշյալ որոշման 1-ին կետի՝ 2018 թվականի մայիսի 23-25-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման ծախսերը կատարվել են ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ 2-րդ կետի՝ 2018 թվականի հունիսի 22-ին ՀՀ կառավարություն է ներկայացվել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Միաժամանակ հայտնում եմ, որ օտարերկրյա պետություններ գործուղման ծախսերի հատուցումը իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2335-Ն որոշմամբ հաստատված կարգի: Համաձայն նշյալ կարգի 11-րդ կետի գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա: Փարիզում գտնվելու ընթացքում գիշերավարձի և օրապահիկի ծախսերն իրականացվել են սեփական միջոցներով»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գռեկո says:

    Բայց մեկը հարցնի թե ինչի՞ համար գնաց։Գնաց ու որևէ ելույթ էլ չունեցավ։

  2. Հ.Շ. says:

    Հարցումին պատասխանը միայն վերջին նախադասութեան մէջ է ՝
    «Փարիզում գտնվելու ընթացքում գիշերավարձի և օրապահիկի ծախսերն իրականացվել են սեփական միջոցներով» :

    Սակայն բաւարար պատասխան չէ: Ի՞նչ է նշանակում «սեփական միջոցներով»…

    Ինք իր անձնական ճեպի՞ց, զուտ ի՞ր փողերով վճարեց այդ նշանակալից ծախսերը… Հաւանական չէ: Սակայն թող յստակացնի որ այդ է ասում:

    Այլապէս, «սեփական միջոցներով» աւելի շուտ նշանակում է թէ Պետութեան հետ կապ չունեցող մի անձ կամ մի քանի անձեր, կամ ել ոչ-հանրային կազմակերպութիւններ, նուիրատվութեամբ, ֆինանսաւորած են նախարարի մը ի պաշտօնէ ճամբորդութեան ծախսերի մի մասը:

    Որո՞նք են այդ նուիրատուները…

    Սա էր լրագրողի հարցումը:

    Յաջորդ հարցում՝ ի՞նչ է բացատրութիւնը այդ առատաձեռնութեան:

  3. Մ.Գրիգորյան says:

    Ինչ որ չեմ հիշում, որ առաջներում այսքան հետաքրքրություն լիներ,թե որ նախարարը ու՞ր գնաց, ինչ ելույթ ունեցավ, ու՞մ «ճեպից» վճարեցին գիշերակացը,սնունդը: Ամոթ է, չի կարելի ամեն տեղ քիթը խոթել: Թողեք մարդիկ աշխատեն:Հո մեն քայլի համար ձեզ հաշվետու չեն լինելու: Ոչ մի պատճառ չունեք մարդկանց չվստահելու: Ընդամենը երկու ամիս է անցել:

Պատասխանել Մ.Գրիգորյան

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031