Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՀՀ-ում չլինի ռուսական բազայի սիմվոլիկ ներկայությունը, պատկերացնո՞ւմ եք մեր վիճակը Թուրքիայի հետ». Դավիթ Բաբայան

Հուլիս 22,2018 17:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսում մի քանի անգամ կրկնեց այն միտքը, որ եթե Ռուսաստանը թույլ չտա, Ալիեւը պատերազմի, էսկալացիայի գուցե չի գնա: Նրա խոսքով՝ «Բոլորս էլ հասկանում ենք, որ ՌԴ-ն, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում եւ ես չեմ կարող հավատալ, որ ՀՀ ռազմավարական գործընկեր եւ բարեկամ Ռուսաստանը իր լծակները չի օգտագործի՝ տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար: Ես համոզված եմ եւ կարծում եմ բոլորս գիտենք, որ ՌԴ-ն կարող է թույլ չտալ պատերազմը եւ հետեւաբար ես չեմ կարող հավատալ, որ ՌԴ-ն թույլ կտա պատերազմը եւ չի օգտագործի իր լծակները՝ Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»:

Aravot.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեր հարցին՝ փաստորեն, եթե պատերազմի վերսկսելը այդքան մեծ կապ ունի ՌԴ-ի ցանկության հետ, ինչո՞ւ չենք ՌԴ-ի հետ բանակցում, ոչ թե Ալիեւի՝ պատասխանեց. «Խնդիրը նրանում է, որ ՌԴ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից մեկը եւ վերջապես որպես մի երկիր, որն ունի ե՛ւ շահեր, ե՛ւ ազդեցություն մեր տարածաշրջանում, բնական է, շահագրգռված է, որ այստեղ լինի խաղաղություն, եւ ոչ միայն ՌԴ-ն, նաեւ ԱՄՆ-ն, Ֆրանսիան:

Այստեղ ադրբեջանա-ղարաբաղյան խնդրի կարգավորումը միակ հարթակն է, որ արեւմուտքի եւ ՌԴ-ի փոխգործակցությունն ակնառու է, մնացած բոլոր տեղերում գրեթե դադարեցված է փոխգործակցությունը: Հա, մեկ էլ տիեզերքում է: Բայց մյուս կողմից հասկանալի է, որ ՌԴ-ն միակ դերակատարը չէ: Որպեսզի մենք հասկանանք պատերազմի վերսկսման հավանականությունը երբ է ավելանում, պիտի վերլուծենք այն գործոնները, որոնք կարող են նպաստել եւ դառնալ կատալիզատոր՝ պատերազմի վերսկսման համար: Սա ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին խնդիրների հարցն է: Բնական է, որ, նախևառաջ պատերազմի վերսկսումը մեծապես կախված է Ադրբեջանից, որովհետեւ այդ երկիրը չի թաքցնում իր բուն նպատակները, չի թաքցնում, որ պատրաստ է ոչնչացնել Արցախի հանրապետությունը, Հայաստանը, հասկանում եք՝ Սեւանը, Շուշին են ուզում:

Պարզ է, թե այս երկիրն ինչ է ուզում եւ նրա մեջքին կանգնած է Թուրքիան, միշտ էլ կանգնած է եղել: Բայց հավանականությունը, իհարկե, կախված է երկու գործոնից, առաջինը մենք պիտի լինենք ի վիճակի կասեցնել ցանկացած գործողություն: Հաշվի առնելով Ադրբեջանի յուրահատկությունները, նրանց հոգեբանությունը, բնական է, ինչքան մեծ զինված ուժեր լինեն, հզոր, պատրաստ, այնքան հավանականությունը պատերազմի փոքր է, ինչքան միասնական լինեն Հայաստանը, Արցախը, սփյուռքը, համախմբված լինի մեր հասարակությունը, պառակտված չլինի, թշնամացած չլինի մեկը մյուսի նկատմամբ, այնքան ավելի քիչ է հավանականությունը:

Ադրբեջանը հասկանալու է, որ իր կողմից սանձազերծած պատերազմը կատաստրոֆա է լինելու առաջին հերթին իր համար: Սա ներքին գործոններն են, արտաքին, այն է, որ միջազգային հանրությունը դեմ է, որ այստեղ լինի պատերազմ՝ հաշվի առնելով մարդասիրական գործոնները, նաեւ այն, որ կամա, թե ակամա, գերտերությունները խառնվելու են այս պատերազմին, այլ տարբերակ չկա: Կամա, թե ակամա ՌԴ-ն խառնվելու է: Թուրքիան պաշտպանելու է Ադրբեջանին միանշանակ, հսկայական պայթյուն կարող է առաջանալ, այնպես որ, թե՛ իրենց շահերից ելնելով, թե՛ մարդասիրական առումով չեն ուզում, որ այստեղ պատերազմ լինի:

Բացի դրանից, ՌԴ-ն ունի նաեւ շատ կարեւոր զսպիչ դերակատարություն ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խնդրի տեսանկյունից, այլ նաեւ առհասարակ Անդրկովկասում կայունություն պահպանելու: Գիտեք, հայրենասիրությունը բղավելով չէ, եթե ՀՀ-ում չլինի սիմվոլիկ այդ ռուսական բազայի ներկայությունը, պատկերացնո՞ւմ եք մեր վիճակը Թուրքիայի հետ, Թուրքիայի պես ագրեսիվ երկիր, մենք ի վիճակի կլինե՞նք մենակ պահել երկու ճակատ, զորք պահել այնտեղ մեծ քանակությամբ: Թուրքիան, որը 85 մլն բնակչություն ունի, 700 հազար բանակ ունի»:

Մեր հարցին՝ շատ չե՞նք մեծացնում Ռուսաստանի դերը, ազդեցությունը՝ Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Չէ, չէ, ընդհակառակը»:

Դավիթ Բաբայանի հետ զրույցի մանրամասները՝ «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031