Սա Հայաստան է, և վերջ…
Լեոնիդ Ազգալդյան
Լեոնիդն այս խոսքն ասում էր օտարներին հասկացնելու, որ մենք ազատագրական կռիվ ենք մղում, ոչ՝ բռնագրավման: Ցավոք, նույն խոսքերը պետք է այժմ ասենք հայի անուն կրողներին, որոնք, չգիտեմ ինչու, առաջինն են ցանկանում դարձյալ կորցնել ազատագրված հայրենիքը: Այն, որ քաղաքականությունը, ինչպես շատերն են ասում, անառակություն է (չցանկացա ավելի կոպիտ արտահայտվել), բոլորին է հայտնի: Սակայն կա մի կարևոր երևույթ, որ հանուն քաղաքականության, կարիերայի, բարգավաճման, օտարից վերցրած մեծ գումարների չպետք է ուրանալ հայրենիքը: 1994թ. մայիսին Ադրբեջանը ծնկաչոք զինադադար աղերսեց մեզանից ու ստացավ: Մենք հազարավոր քաջորդիների արյան գնով ազատագրեցինք Արցախն ու մեր պատմական հայրենիքի այն հատվածները, որոնք տարբեր ժամանակահատվածներում և հիմնականում խորհրդային կարգերի սկզբներից բռնակցվել էին մի պետության, որը նորույթ էր մինչեւ 20-րդ դարի 20-ական թվականները: Այդ տարածքները հազար-հազար տարի առաջ մտնում էին Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների Աղահեճ՝ Քաշաթաղ, Խոժոռաբերդ, Կովսական, Գրհամ, Բաղք, Քաշունիք, Հաբանդ, Բերդաձոր, Վայկունիք, Ծար և այլ ու այլ գավառների մեջ: Իսկ եթե որևէ մեկը կասկածում է, որ ազատագրված տարածքները հայոց ոստան են, կարող է գալ Արցախ և տեսնել Հայոց հարյուրավոր սրբավայրերը, հանգստարանները:
Եթե հակառակորդն է խոսում նույն տարածքների վերադարձման մասին, հոխորտում պատերազմով, հասկանալի է ու բնական: Սակայն մտահոգիչ է, երբ հայ քաղաքական գործիչներն են պահանջում, վախեցնում մեզ, որ մեր թշնամուն վերադարձնենք մոտ 10 հազար հայորդիների արյամբ սրբացած, հազարավոր քաջերի հերոսացման ու տառապանքի գնով ազատագրված մեր հայրենի երկիրը: Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ շատ հանգիստ ու համոզված հայտարարել է, որ դրանք պետք է վերադարձվեն, որ հիմնախնդրի լուծումը դա է պահանջում։ «Ինձանից կարող եք ոչ մեկդ չնեղանալ, բայց դա ես չեմ որոշում, եռանախագահողների և ընդհանրապես, բանակցությունների սեղանին միշտ դրված է եղել այդ հարցը…»: Է, թող դրված էլ մնա, մեզ ի՞նչ: Չգիտեմ՝ տիկին Զոյա, դուք տեսե՞լ եք՝ ինչպես նույն եռանախագահողներին Բերձորում դիմավորեցին մեր երիտասարդները, ինչպես էր ամերիկյան համանախագահողը փորձում չերևալ ցուցարարների աչքին: Հասկանալի է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ է արծարծում ազատագրված տարածքները հակառակորդին վերադարձնելը, իբր դրանով կապահովվի խաղաղություն և բարեկամություն:

Զոհրաբ Ըռքոյան
«Առավոտ» օրաթերթ,
02.08.2018























































