Գիտելիքի և դպրության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց:
Վարչապետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ու մասնակցել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ողջույնի խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր նոր Հայաստանի առաջին սեպտեմբերի 1-ն է, այս փոքրիկները նոր Հայաստանի առաջին դասարանցիներն են, ու այսօր այս դպրոց է այցելում 111 առաջին դասարանցի: Ի՞նչն է տարբերությունը, և ի՞նչը պետք է տարբերվի այս նոր իրավիճակում: Կարծում եմ՝ ամենակարևոր արձանագրումը հետևյալն է, որ նոր Հայաստանում կարևորը պետք է լինի ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը, այսինքն՝ ամեն աշակերտ, ամեն ծնող պետք է գնա ոչ թե գնահատականի հետևից, այլ գիտելիքի: Նոր Հայաստանում կարևոր է լինելու ոչ թե այն, ինչ անգիր ենք արել, այլ հմտությունների, ընդունակությունների զարգացումը: Նոր Հայաստանում ուսուցիչը, դպրոցն իրենց առջև պետք է ոչ թե ուղղակի խնդիր դնեն, որ երեխային ինչ-որ տվյալներ փոխանցեն, այլ պետք է երեխային պատրաստեն թռիչքի` բառի բուն իմաստով, որովհետև մենք բոլորս մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր ժողովրդին պետք է պատրաստենք թռիչքի, որովհետև եկել են ժամանակներ, որ, այո, մենք պետք է կարողանանք թռչել: Մենք պետք է կարողանանք հասնել շատ բարձր նպատակների և արդյունքների»:


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































