Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանի 9 քայլերը. Նա պոլիկլինիկա է գնացել ու ապշել՝ «45 թվականն էր՝ պատերազմական»

Սեպտեմբեր 10,2018 21:55

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր Էրեբունի համայնքում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքն էր, որի ժամանակ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ներկայացրեց, թե «Քայլ արա, Երեւան» կարգախոսի ներքո ինչ քայլեր են պատրաստվում անել Երեւանում:

Առաջին քայլն է՝ ուղիղ ժողովրդավարություն, ինչը նշանակում է, որ այսուհետեւ ՔՊ-ն պատրաստվում է երեւանցիներին հուզող ամենակարեւոր հարցերը լուծել տեղական հանրաքվեների միջոցով. «Այսուհետ ոչ ոք միանձնյա որոշումներ չի կայացնելու: Հանրաքվեները լինելու են 2 տեսակի՝ digital` թվային, որի ժամանակ քաղաքացիները քվեարկելու են կայքում, իսկ ավելի լայն հարցերը՝ դասական հանրաքվեներով են լինելու, գնալու ենք ընտրատեղամասեր եւ անելու ենք մեր ընտրությունը: Մինչեւ 10 հարց կարող է քվեաթերթիկում լինի, որ բյուջեից հանրաքվեները կազմակերպելու համար մեծ գումար չծախսենք»:

Երկրորդ քայլը տրանսպորտն է: Մարությանն ասաց, որ տրանսպորտն այլեւս իր համար A կետից B կետ տեղափոխվելու հարց չէ, դա արդեն պատվի հարց է: Նա համեմատեց եվրոպական երկիրների տրանսպորտի հետ՝ ասելով, որ դրանից երեւում է, թե այս պետությունն ինչպես է հարգում իր քաղաքացիներին ու ցուցադրեց Լոնդոնի ավտոբուսները՝ քաղաքակիրթ երթեւեկությամբ ու ցուցադրեց Երեւանում երթեւեկող 75 ա համարի գազելը՝ գերբեռնված. «Ամոթ է, թե ոնց են Երեւանի բնակիչները կռացած գնում գործի, կռացած գալիս գործից տուն: Տարիքով մարդիկ այդ պայմաններում տեղափոխվում են: Օր առաջ պետք է ձերբազատվել այս մարշրուտկա կոչվածներից»: Մարությանն ասաց, որ ներդրումների միջոցով այս հարցը լուծելու են, արդիականացնեն ողջ ցանցը, միասնական տոմսային համակարգ ներդնեն ու զեղչեր կիրառեն՝ բնակչության հատուկ խմբերի համար. «Գծերը եւ գծատերերը իսպառ վերանալու են, դրա տեղը լինելու են նոր երթուղիներ, նոր կանգառներ եւ նոր մենեջմենթ, որն իրականացնելու են բարձր պրոֆեսիոնալ օպերատորները: Ներմուծելու ենք բարձրակարգ ավտոբուսներ, ավտոբուսները լինելու են 3 չափսի՝ մեծ, միջին, փոքր: Մեծ ավտոբուսները երթեւեկելու են մեծ փողոցներով, իսկ երկրորդական փողոցներով երթեւեկելու են փոքր ավտոբուսները: Բոլոր ավտոբուսները համապատասխանելու են միջազգային ստանդարտներին, բոլոր ավտոբուսներում լինելու են հովացման եւ տաքացման համակարգ, գրեթե բոլոր ավտոբուսներ հաշմանդամություն ունեցող անձանց համար սայլակով մուտք գործելու հնարավորություն է լինելու, դրանից օգտվելու են նաեւ սայլակով երեխա ունեցող մայրերը»:

Նախատեսում են մետրոյի կայարանի կառուցում Աջափնյակում՝ «Թումոյի» մոտ: Հայկ Մարությանն ասաց, որ 50-100 մլն դոլար արժե 1 կմ-ը, թանկ հաճույք է, բայց գտնելու են այդ գումարները եւ իրականացնելու են այդ ծրագիրը: Գործարանային մետրոյի կայարանի տարածքում մտադիր են ստեղծել բիզնես կենտրոն, ուսման կենտրոն, բազմաբնակարանային շենքեր, որ այդ կայարանը դառնա գործուն:

Հայկ Մարությանը մանրամասն բացատրեց, թե ինչպես են իրենք պատկերացնում տրանսպորտի միասնական տոմսի համակարգը: Մարդը կարող է գնել 1 ժամվա տոմս ու 1 ժամվա ընթացքում ինչքան ուզի ու Երեւանում ինչ տրանսպորտով ուզի երթեւեկի, այսինքն, դա այն համակարգն է, որը ներդրված է եվրոպական շատ երկրներում: Կարող է գնել 1 ամսվա, 3 ամսվա, 1 տարվա տոմս:

Երրորդ քայլը աղբահանության հարցը լուծելն է: Մարությանը ցուցադրեց աղբակույտերի նկարներ՝ ասելով, որ սա նախկին իշխանությունների բացթողումն է, որովհետեւ դաշտում կա ընդամենը 1 օպերատոր՝ «Սանիթեքը», որը փաստացի չի կարողանում կատարել իր աշխատանքը եւ սպասարկել Երեւանը. «Դրա պատճառը մենաշնորհն է: Հիշո՞ւմ եք «ԱրմենՏելը», երբ մենաշնորհ ուներ, ինչ էր կատարվում, կապի որակը վատն էր, ես անձամբ 300 դոլար տվել եմ, որ SIM քարտ առնեմ, մինչեւ հիմա անունը հիշում եմ՝ easy քարտ: Եկան նոր օպերատորներ, գներն ընկան, որակը բարձրացավ, նույնը անելու ենք այստեղ: Մենք դիտարկելու ենք երկրորդ օպերատորի մուտքը աղբահանության շուկա»:

Չորրորդ քայլը համատիրությունների հարցն է, ոչ ոք չգիտի փողերն ինչ են լինում, համատիրությունները ոնց են ստեղծվել. «Մենք պետք է զրոյից սկսենք համատիրությունների ձեւավորումը: Բոլոր շենքերի բնակիչներն իրենք պետք է ժողով հավաքեն ու ընտրեն համատիրության նախագահ, հետո պահանջեն, որ ինքը իրականացնի այն գործառույթները, որը պարտավոր է: Գումարների հավաքման, ծախսման պրոցեսը պետք է լինի թափանցիկ: Համատիրությունների մեծ անձնակազմը ոչ մեկի պետք չի, դրանք փոխարինվում են մեկ-երկու մարդով, որոնք համագործակցում են մասնագիտացված ընկերությունների հետ, որոնք վերանորոգում են ձեր վերելակը, բակը: Դա ավելի էժան կնստի ձեր վրա»:

Քաղաքապետի թեկնածուն ասաց, որ վերելակների հարցում քաղաքապետարանը գործառույթ չունի. «Վերելակները ձեր գույքն է, բայց հասկանալով, որ ժողովուրդը չի կարող հավաքել այդ գումարը եւ փոխի վերելակները, քաղաքապետարանը պետք է վերանորոգի եւ հարկ եղած դեպքում փոխի:

Հինգերորդ քայլը մանկապարտեզների հարցը լուծելն է: Մարությանն ասաց, որ սննդի տենդերների մրցույթին պետք է մասնակցեն բացառապես այն ընկերությունները, որոնք ունեն լիցենզիա, որ մանկապարտեզներում թունավորումներ չլինեն:

Վեցերորդ քայլը պոլիկլինիկաների խնդիրը լուծելն է: Մարությանն ասաց, որ տպավորվել է՝ պոլիկլինիկաներ գնալով՝ «տպավորություն էր, որ 45 թվականն է՝ պատերազմական»: Նա ասաց, որ կանխարգելիչ բժշկությունը շատ կարեւոր է, առողջապահության նախարարության հետ կոմպլեքս լուծումներ են տալու, ոչ միայն պոլիկլինիկաների պայմաններն են բարելավելու, այլեւ բուժաշխատողների հարցն են լուծելու, որ մարդիկ նորմալ բուժում ստանան՝ առանց հիվանդանոց հասնելու:

Յոթերորդ քայլը դպրոցներն են՝ շենքային ու բակային պայմանները, սնունդը. «Բնական է, չէ, որ դպրոցի ներսում ու բակերում չի կարելի ծխել, բայց շատ ծնողներ, երբ սպասում են իրենց երեխային, ծխում են», – դժգոհեց Մարությանը՝ ասելով, որ ծնողները վատ օրինակ են ծառայում՝ դպրոցների բակերում ծխելով:

Ութերորդ քայլը բնապահպանություն, կանաչապատումն է: Հայկ Մարությանն ասաց, որ վերականգնելու են կանաչ գոտիները, նոր կանաչ գոտիներ պետք է ստեղծեն, դրա համար անհրաժեշտ է ոռոգման նորմալ համակարգ, որ ծառատունկը արդյունք տա: Նախատեսում են 500 հազար ծառ տնկել՝ 5 տարվա ընթացքում:

Իններորդ քայլը տուրիզմն է: Մարությանն ասաց, որ Երեւանը պետք է գրավիչ լինի նաեւ տուրիստների համար, պետք է միանման ցուցանակներ տեղադրվեն, որ մարդը չխճճվի, մնա թաղերում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Լաւ բաներ է ասում: Ես կարծում եմ՝ նա կը յաջողի, ու մայրաքաղաքը վերջապէս քաղաքակիրթ տեսք կը ստանայ,,

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930