Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանից 2 մլրդ դոլարից ավելի արտահոսք կա»

Հոկտեմբեր 29,2018 12:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն ու Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը վերլուծում են, թե ինչո՞ւ է սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը դանդաղել, օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել, եւ ինչպե՞ս է քաղաքական իրական ազդում տնտեսության վրա:

Նելլի Բաբայան.- Հայաստանի տնտեսական ակտիվության աճը սեպտեմբերին, ըստ վիճակագրական կոմիտեի, դանդաղել է նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, այն 0.2% է: 2018-ի համար պաշտոնական աղբյուրները կանխատեսում են տարին փակել 6.5% տնտեսական աճով: Արդյոք հնարավո՞ր է այս ցուցանիշն ապահովել:

Ատոմ Մարգարյան.- Այո, այս սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ զրոյականին մոտ ակտիվության ցուցանիշ ունենք: Բայց 9 ամսվա տվյալներով՝ պատկերն այնքան էլ վատը չէ՝ 6.5% տնտեսական ակտիվություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 5.8% է եղել: Եթե նայում ենք տնտեսական ակտիվության կառուցվածքին, տեսնում ենք, որ որոշ ճյուղերում խնդիրներ ունենք, հատկապես գյուղատնտեսության ոլորտում: 9 ամսվա տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ, -4.8%: Սա այն միտումն է, որ գյուղատնտեսությունը շարունակում է պրոբլեմային մնալ: Այս տարի հատկապես հավելյալ գործոններ աշխատեցին: Բայց ես վերապահորեն եմ նայում գյուղատնտեսության ցուցանիշին: Այստեղ հնարավոր է սաբոտաժի էլեմենտներ լինեն՝ նկատի ունեմ տվյալների հավաքագրման. ինչպես են ձեւավորվում գյուղատնտեսության ոլորտի ծավալները, հատկապես համայնքապետերի ջանքերով: Մենք գիտենք՝ նրանց զգալի մասը հանրապետականներ են: Եվ նաեւ գյուղատնտեսության նախկին (նկատի ունի դաշնակցական Արթուր Խաչատրյանին, Ն.Բ.) նախարարը, ես իհարկե, պնդում չեմ անի, բայց չի բացառվում, որ այդտեղ քաղաքական որոշակի դրդապատճառներ էլ լինեն: Բայց գյուղատնտեսության պատկերը մտահոգիչ է: Մնացած ոլորտներում խնդրահարույց է արտաքին առեւտրի, արտահանումների վիճակագրությունը, այստեղ բավականաչափ անկում կա: Սա ավելի շատ արտաքին գործոններով է պայմանավորված՝ ՌԴ-ի գործոնը, ռուբլու եւ պատժամիջոցների ազդեցությունը: Եվ սա ազդում է այնպիսի խոշոր ընկերությունների վարքագծի եւ թողարկումների վրա, ինչպիսին «ՌուսԱլն է», որը փայլաթիթեղ է արտադրում եւ արտահանում: Իսկ ընդհանուր պատկերն այս 9 ամիսներին դրական միտման մեջ է պահում տնտեսությունը:

Ն. Բ.– Պարոն Մանասերյան, հնարավո՞ր է գյուղատնտեսության բացասական ցուցանիշները ներկայացնելը սաբոտաժ լինի: Նախկին իշխանությունների ժամանակ տնտեսագետներն ասում էին՝ գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները նկարում էին, ուռճացնում, մանիպուլյացիա անում: Հնարավո՞ր է իրավիճակի փոփոխությամբ հիմա պարզապես ճիշտ թվերն են ներկայացնում, կամ գուցե սեզոնայնությա՞ն խնդիր է:

Թաթուլ Մանասերյան.- Առաջինը՝ գյուղատնտեսության նախկին վիճակը, եւ այն, որ ճիշտ ու հավաստի թվեր են սկսել ներկայացնել մեթոդաբանությունում, չեմ կարծում, որ շատ արագ կփոխվեր, բայց գոնե վիճակագիրները փորձեին անկողմնակալ ներկայացնել իրավիճակը: Ես սաբոտաժը չեմ բացառում: Թեեւ սաբոտաժում շահագրգիռ ուժերին այդպես պարզունակ չպատկերացնենք՝ ովքեր կարող են լինել, շատ ավելին կարող են անել: Նախորդ իշխանություններին չարժե քննադատել, որովհետեւ նախկին են, բայց իրենց օրոք էլ եմ ասել, պիտի կրկնեմ՝ 27 տարիներին ՀՀ-ում չի եղել եւ առայժմ չկա ագրարային քաղաքականություն, սա ամենակարեւորն է: Մենք կարող ենք ոչ մեկին չքննադատել, բայց գոնե պետք է դա մշակվի, թիրախներ ունենանք, եւ կարեւոր թիրախներից լինի պարենային անվտանգություն ապահովելը, արդյունավետության բարձրացումը, չգիտեմ՝ ինդուստրիալիզացիան եւ այլն: Բայց նախորդների մասին չի կարելի չասել, որ ընդհանրապես 3-4 տարի անիմաստ բաներ էին ներկայացվում՝ կաթիլային ոռոգում, ցանցեր, որոնք այնքան էլ արդյունավետ չեն: Պարզվում է, որ այն մարդիկ, որոնք առանձին ներկրում են այդ ցանցերը, շատ ավելի էժան է լինում, քան տեղում արտադրություն անելը… Երբ ոմանք հպարտանում, ասում էին՝ տեսեք, մեր արածի շարունակությունն է, որ այսօր տնտեսական աճ կա, ես էլ ուզում եմ ասել՝ ձեր չարածի շարունակությունն է գյուղատնտեսությունը, ավերածությունների արդյունքն է, որովհետեւ եթե այդ հիմքերը ճիշտ դրվեին, եթե այն համայնքներում, որտեղ առատ ջուր կա, բայց, չգիտես ինչու, չի հասնում գյուղացուն, կամ պարտքերի տակ խեղդում են, այստեղ կազմակերպչական խնդիր ունենք: Շատ ռեսուրսներ առկա են, դրանք ճիշտ, ռացիոնալ օգտագործման խնդիր ունենք:

Ն. Բ.– Տնտեսական ակտիվության դանդաղումն ինչպե՞ս է ազդում քաղաքացու կյանքի վրա:

Թ. Մ.- Եկամուտների անկում կա, եթե գները բարձրանում են, եւ գնողունակությունը մնում է նույն մակարդակի վրա, ուրեմն ավելի քիչ եկամուտներ են մնում այլ կարիքների համար՝ սննդամթերք, գյուղմթերք… Մի լավ միտում կա, շինարարությունն արդեն 2-3-րդ ամիսն է՝ շարունակական աճ է արձանագրում: Նկատեմ՝ շինարարությունն ամենավերջինն է մտնում ճգնաժամի փուլ եւ ամենադժվարն է դուրս գալիս: Սա մեզ կարող է հուսադրել: Մի կարեւոր հանգամանք՝ նախորդ ամսվա ընթացքում նկատվեց մի շատ վտանգավոր միտում՝ արտահանումը ընդամենը 5%-ի շրջակայքում է, եւ ներկրումն ավելացավ 6 անգամ ավելի, ինչը խոսում է այն մասին, որ մենք դիրքերը թուլացնում ենք:

Ն. Բ.- Ինչի՞ հաշվին է նվազել այդ ցուցանիշը, հանքարդյունաբերությա՞ն:

Թ. Մ.- Հանքարդյունաբերությունը չի կարող մեզ համար ապագա լինել, հույս ունեմ դեկտեմբերի ընտրություններից հետո վերամշակվող հանքարդյունաբերության հաշվին պետք է կարողանանք առաջ գնալ, որովհետեւ հենց վերամշակողի արտահանումն է մեզ ապագա լինելու: Հանքարդյունաբերությունը դանդաղել է, բայց փոխարենն ունեինք այլ ոլորտներ, որոնք պարտավոր էինք աչքաթող չանել:

Ն. Բ.– Օտարերկրյա ներդրումները նվազել են, զուտ ներհոսքը 2018 թվականի 2-րդ եռամսյակում կազմել է ընդամենը 9.4 մլն դոլար, ինչը մոտ 3 անգամ պակաս է 2017-ի 2-րդ եռամսյակի ցուցանիշից: Սա ներքաղաքակա՞ն իրավիճակով է պայմանավորված, եւ դեկտեմբերին արտահերթ ընտրությունները նույնպե՞ս կազդեն:

Ա. Մ.– Իհարկե, ներդրումային ռիսկերը շատ բարձր են քաղաքական անցումային, եթե նույնիսկ հերթական ստանդարտ ընտրություն լինի, ներդրողները ծրագրում են իրենց նախագծերը, մտադրությունները հարմարեցնում են այդ իրավիճակին, եւ նոր նախագծերի մշակումները կոորդինացվում են ժամանակային այս միջակայքի հետ: Բայց մեր իրավիճակը, ցնցումային, ֆորս-մաժորային… ռիսկերի մակարդակն էապես բարձրացել է այն ներդրողների, ես 2 խումբ ներդրողների կառանձնացնեի, մեկը՝ նոր են նախագծել իրենց ծրագրերը երկիր մտնելու իմաստով, որպես հարթակ օգտագործելու ԵԱՏՄ-ն, ազատ տնտեսական գոտիները, 2-րդ խումբը հայկական ներքին ծագումնաբանություն ունի: Գաղտնիք չէ, որ Հայաստանից հսկայական ծավալի միջոցներ արտահանվել են օֆշորային գոտիներ եւ արտաքին ուղղակի ներդրումների անվան տակ գեղեցիկ ցուցանակով մուտք են եղել ՀՀ: Վերջերս այդպիսի մի արտառոց սխեմայի ականատես եղանք: Այդ խումբը վերակառուցել է իր վարքագիծը, ավելի զուսպ է, ես կասեի՝ ավելի նեգատիվ պահվածք ունեն, որովհետեւ երկրում այս հակակոռուպցիոն պայքարն իր տրամաբանությունն ունի, եւ մարդիկ պետք է հիմնավորեն՝ նախ որտեղի՞ց իրենց այդ միջոցները եւ ի՞նչ ծագում ունեն, սա էապես ազդել է ներդրումների վրա: Քանի դեռ քաղաքական, օրինական ընտրություններով իշխանություն չի ձեւավորվել, ներդրողները շարունակելու են պասիվ մնալ: Կա նաեւ Ամուլսարի խնդիրը, կասեցված է բավական մեծ ներդրումային ծրագիր: Հասարակությունը երկփեղկված է: Ես նաեւ տեսնում եմ լոբբիստական բավական ուժեղ «պրեսինգ» հատկապես լրատվամիջոցների վրա, փորձագիտական, քաղաքական շրջանակների վրա: Բնական է, կարող, հզոր միջազգային կորպորացիաները այդ հնարավորությունն ունեն: Բայց մյուս կողմից՝ այսօրվա իշխանությունը եկել է բալանսավորված կոչերով, նաեւ բնապահպանական գործոնը հաշվի առնելով, եւ չի կարող հավատարիմ չմնալ դրան: Ալավերդու պղնձաձուլարանը. տեսնում ենք անթաքույց շանտաժ արտադրողների, այդ ոլորտի ներդրողների կողմից՝ օգտագործելով իրենց անձնակազմերը, փորձել պրեֆերենցիաներ պոկել, փորձել նույն գործելաոճի մեջ մնալ՝ աղտոտել բնությունը, բայց գերշահույթներ ստանալ: Սա փակուղի է:

Թ. Մ.- Հյուսիս-հարավի ներդրումները կտրուկ նվազել են, հիմա չարաշահումների մասին են խոսում, մինչեւ չվերականգնվեն, չեն կարող նույն ծավալով աշխատանքները շարունակել: Մի շատ կարեւոր բան էլ ասեմ՝ արտերկրից եկող ներդրումների հետ միասին, չեմ ուզում իրար կապել, բայց առնչություն կա, անհատական մասնավոր տրանսֆերտները… գրեթե նույնչափ արտահոսում են երկրից: Մինչեւ չծանոթացա, չէի պատկերացնում՝ ինչ ծավալների են հասնում: Եթե մենք խոսում ենք 1-2 մլրդ դոլար ներհոսքի մասին, դրանից ավելի արտահոսքը կա: Արտահոսք այն երկրներ են, որտեղ կապիտալն ավելի կոմֆորտ է զգում:

Ն. Բ.– Հարուստներն իրենց փողերը հանում են դո՞ւրս:

Թ. Մ.- Մի հարցրեք ինձ, որովհետեւ դրանով պետք է զբաղվեն այլ կառույցներ: Դրանք այն միջոցներն են, որոնք արտաքին փոխառություններով բերվում են Հայաստան, եւ հետո ճանապարհվում են Հայաստանից դուրս՝ համապատասխան տեղեր: Հետո կարող են մասամբ բերել Հայաստան, անունը դնել՝ ներդրումներ:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

27.10.2018

Քննարկումն ամբողջությամբ`

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031