Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Գևորգ Բաբայանին: Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար, ու ակնկալել վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ համագործակցություն:

«Ապօրինի շինարարության գաղափարը պետք է ընդհանրապես վերացնենք: Այն մոտեցումը, որ՝ եկեք մի բան կառուցենք, հետո օրինականացնենք, այսուհետ չի գործելու»,- նշել է Հայկ Մարությանը: «Պետք է ձևավորել հաջողված կառավարման համակարգ, որը դառնալու է հենց արդյունավետ գործունեության երաշխիք»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանն ու համոզմունք հայտնել, որ կառավարման այս մոտեցմամբ է միայն հնարավոր հաջողության հասնել:

Աշխատանքում հաջողություն գրանցելու և խոստացված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու հարցում Երևանի քաղաքապետը կարևորել է բնակիչների հետ սերտ համագործակցությունը: Քաղաքացիների բարձրացրած հարցերին ժամանակին լուծումներ տալու համար էլ հանձնարարել է լինել հետևողական ու նախօրոք վեր հանել բոլոր այն խնդիրները, որոնք անհանգստացնում են բնակիչներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































