Սանկտ Պետերբուրգում կայացած «Մշակույթների երկխոսություն» մեդիաֆորումի շրջանակում օրերս բացված «Ես այստեղ եմ ապրում» խորագրով միջազգային լուսանկարչական ցուցահանդեսին մասնակցում էր նաեւ Հայաստանը: Լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը ներկայացրել էր իր «Կոնդ» աշխատանքը, որը բավականին լավ ընդունվեց: Նշենք, որ Դավիթը մասնակցել է մի շարք այլ ցուցահանդեսների` Հայաստանում եւ արտասահմանում, ներկայումս ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչն է:


Նիդեռլանդացի լուսանկարիչ Քրիս դը Բոդոյի նախագիծը կոչվում էր` «Ես երազանք» ունեմ»: Հեղինակը կարծում է, որ բոլոր երեխաները երազում են, ու կարեւոր չէ, թե ով որտեղ է ապրում: Յուրաքանչյուրն ուզում է գտնել իր տեղը այս արեւի տակ: Լուսանկարիչն իր աշխատանքների «լեզվով» շեշտում է, որ մարդկանց միավորում են երազանքները:
Արաբ լուսանկարիչ Ռոջեր Անիսի «Երազանքներով լցված պահարան» նախագիծը պատմում էր Եգիպտոսում ապրող կանանց մասին, որոնք իրենց ճնշված են զգում: Իրենց պահարանում նրանք ունեն իրեր, որոնք երբեւէ չեն կրելու ու դրանց պատճառով իրենց վրա երբեք ուշադրություն չեն բեւեռելու: Լուսանկարիչը նաեւ կարծում է, որ երկխոսությունը առաջին քայլն է դեպի փոփոխություն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Սանկտ Պետերբուրգ-Երեւան





















































