Եվրամիության Արևելյան հարևանության նախաձեռնության շրջանակում ստեղծվել է նախաձեռնություն նաև տարածաշրջանի երիտասարդների համար՝ «Երիտասարդ եվրոպացի դեսպաններ»: Այս տարի Հայաստանից ընտրվել է ծրագրի 44 մասնակից: Վերջիններս երկուշաբթի՝ նոյեմբերի 12-ին, հանդիպում ունեցան Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հետ:

Երիտասարդ եվրոպական դեսպաններ նախաձեռնությունն ուղղված է նպաստելու ԵՄ և Արևելյան գործընկեր երկրների՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցությանը: Ցանցը՝ հիմնականում առցանց հարթակ է, որտեղ երիտասարդ դեսպանները հնարավորություն ունեն ստանալ Եվրամիության մասին տեղեկատվություն և փոխանակել իրենց գաղափարները:
Անի Խաչատրյանը արդեն երրորդ տարին է ինչ երիտասարդ եվրոպացի դեսպան է: Եվրամիության նկատմամբ իր հետաքրքրությունը խորացել է 2015 թվականին՝ Բրյուսել կատարած այցից հետո, երբ հասկացել է, որ Հայաստանում մարդիկ շատ քիչ են տեղեկացված Եվրամիության մասին: «Ամեն տարի իմ էնտուզիազմը ավելի է մեծանում, որովհետև տեսնում եմ, որ մենք իսկապես մեր երկրներում ազդեցություն ենք ունենում», – ասաց նա՝ ընդգծելով, որ ցանցը հնարավորություն է տալիս ստանալ գիտելիքներ և փորձ, ձեռք բերել ընկերներ տարբեր եվրոպական երկրներից . «Հայաստանում սկզբում 10-ն էինք, հիմա արդեն 44-ն ենք, իսկ ընդհանուր ցանցը, որը ներառում է Արևելյան գործընկերության վեց երկրները և Եվրամիության երկրները, սկզբում ուներ 100 անդամ, իսկ այժմ 478, ինչը շատ մեծ թիվ է: Փորձում ենք ձնագնդի էֆեկտով տարածել այն փորձը, ինչ մենք ունենք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































