Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Եռագույնի երանգներով փողկապ, գուլպաներ կրելը, հայրենական արտադրողի արտադրանք հագնելը, PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանը նշեց. «Գուլպայի հարցում ոչ միանշանակ որոշում ունեի: Անկախ նրանից, թե Կանադայի վարչապետը ինչ նախասիրություններ ունի, հիմա էլ գտնում եմ, որ Եռագույն գուլպան` «Արմենիա» մակագրությամբ, քաղաքական առումով այնքան էլ կոռեկտ չէր, չնայած որոշակի դրական արձագանքներ ունեցավ:

Հայկ Կիրակոսյանը հավելեց, որ Եռագույն դրոշի գույներով փողկապի դեպքում մի քանի ուղերձի խաղարկում կա. «Առաջին ուղերձը համարձակությունն է սեփական իմիջի հարցում, այսինքն՝ պարոն վարչապետի պաշտոնակատարը չի վախենում հայտնվել այնպիսի իրավիճակում, որը իրեն հերթական անգամ ոչ ստանդարտ է ներկայացնում:
Բայց եւ ես տեսնում եմ հանրության ուշադրությունը որոշակիորեն շեղելու միտում, ինչը կապում եմ առկա ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրադարձությունների հետ: Մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ օրվա թեմա դարձել է փողկապը եւ ոչ թե մեկ այլ կարեւորագույն խնդիր: Անգամ ասուլիսում բարձրաձայնած հարցերը առավելապես երկրորդվել են Եռագույն դրոշի գույներով փողկապի հանգամանքին: Դա համարձակ սեփական իմիջի ուղերձ ունի` ներքին եւ արտաքին լսարանի համար եւ բնականաբար՝ շեղելու միտում: Վերջինս բավական հայտնի տեխնոլոգիա է, երբ ավելի վառ իրադարձությունը, գործողությունը ստվերվում է մեկ այլ բանով:

PR խորհրդատուն ընդգծում է. «ՀՀԿ-ից էլ ուղերձներ տեսա, որ կապում էին փողկապի եւ կախարդական փայտիկի հետ, ասում էին, որ փողկապով չես լուծի երկրի առաջ ծառացած խնդիրները: Այս պարագայում պետք է իրենց հետ համաձայնել, որովհետեւ այն խնդիրները, որ իրենք 27 տարի բերել են ժողովրդի գլխին, դժվար էլ 6 ամսում անգամ կախարդական փայտիկի օգնությամբ որեւէ մեկը կարողանա լուծել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































