Լրահոս
Օրվա լրահոսը

2019թ.-ին Վանաձորում նախատեսվում է ներդնել հարմարեցված ավտոբուսներ

Դեկտեմբեր 12,2018 19:22

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերը մեր երկրում շարունակում են մնալ առաջնային լուծման կարիք ունեցող խնդիրների շարքում: 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Լոռու մարզում հաշվառված է 16.356 ՀՈՒԱ, որից 745-ն ունի առաջին խմբի հաշմանդամություն, 6.609-ը՝ երկրորդ, 8.323-ը՝ երրորդ եւ մանկուց հաշմանդամություն ունի 679-ը մարդ: Վանաձորի եւ Գուգարքի տարածաշրջանում ՀԱՈՒ անձանց թիվը կազմում է 7.709-ը:

Նրանցից 366-ն ունի առաջին խմբի հաշմանդամություն, 3.413-ը՝ երկրորդ խմբի, 3.652-ն ունի 3-րդ կարգի հաշմանդամություն, իսկ 278-ը համարվում է մանկուց հաշմանդամ: ՀՈՒԱ հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանի խոսքով՝ այս տարի ցուցանիշը համեմատաբար նվազել է, պատճառը սակայն չափորոշիչների գնահատման համակարգի մեջ է. «Ֆունկցիաների դասակարգման միջազգային համակարգը ներդրվում նաեւ Հայաստանում, դրա համար չափորոշիչները խստացրել են, ցուցանիշն էլ նկատելիորեն իջել է:

Ժողովրդի մեջ նույնիսկ տարածվել է, որ 3-րդ խումբը հանում են, 1-ից գցում են 2-րդ կարգ, 2-րդից՝ 3-րդ: Բայց այս խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, բոլոր խմբերն էլ մնում են: Ուղղակի դասակարգման ֆունկցիաներն են խստացրել, օրինակ՝ եթե մարդու ոտքը ծնկից վերեւ է կտրած կարող է նրան տան առաջին խումբ, իսկ եթե ծնկից ներքեւ՝ երկրորդ, կամ կարող է նույնիսկ երրորդ խումբ տան, եթե պրոթեզավորվում է: Բայց սա արդարացիորեն առաջացրել է մարդկանց դժգոհությունը: Մարդն ասում է, հա ես փորձում եմ մի փոքր ինտեգրվել հասարակությանը, այսինքն` դա պետք է ազդի իմ վրա: Ասում է, ոտքս հո՞ չի աճում»:

Բացի այն, որ փոփոխված գնահատման նոր համակարգը շատերի զայրույթն է առաջացրել, դրան գումարած շարունակում է խնդիր մնալ նաեւ քաղաքի անմատչելիությունը: Թեքահարթակների բացակայությունը, անմատչելի մայթերը շարունակում են խնդիրներ ստեղծել հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար. «Դեռ 1996 թվականից, երբ եղավ որոշում, ասում էինք, որ պետք է մատչելի լինեն շենքերը, սակայն մարդիկ ոչինչ չեն անում: Իրենք մտածում են, թե ձեւական ենք ասում եւ պետք է անցնի գնա: Բայց վերջիվերջո օրենքը ստիպելու է, եւ պետք է կառուցեն հարմար թեքահարթակներ: Կամ տեղադրում են ձեւական թեքահարթակներ, ո՞ւմ են պետք դրանք:

Կամ ամեն մեկն իր խանութի առաջ ինչ-որ բան է սարքել, ամբողջ մայթերը փչացրել են: Ամենակարեւոր հարցերից մեկը՝ փողոցներն ասֆալտում են, մայթերը՝ ոչ: Ժամանակին մոնիթորինգ արեցինք, բայց մարզում այս ուղղությամբ գրեթե աշխատանք կատարված չէ: Ասում ենք՝ դպրոցներում մուտքի մոտ թեքահարթակ են դնում, բայց եթե դպրոցը երկհարկանի է, արդեն հասկանալի է, որ անմատչելի է: Մարզում հարմարեցված է նորակառույց բժշկական կենտրոնն ու Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցը: Մյուսները՝ ոչ»:

Կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ հաստատվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանման եւ սոցիալական ներառման 2019 թվականի տարեկան ծրագիրը, որով նախատեսված է 12 ուղղություններով ներկայացված միջոցառումների ցանկը: Առաջնային խնդիրների շարքում է՝ շենքերի ու մայթերի հարմարացումը, լուսացույցների վրա ձայնային ազդանշանների տեղադրումը, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տրանսպորտային միջոցների ներդնումը եւ մի շարք այլ հարցեր. «Միջքաղաքային եւ ներքաղաքային յուրաքանչյուր երթուղում պետք է ներդրվի նվազագույնը մեկ հարմարեցված ավտոբուս, ուղեսրահներում լինեն վերելակային հարմարանքներ,որպեսզի մարդիկ կարողանան տեղաշարժվել: Հարց է դրված, որպեսզի յուրաքանչյուր կանգառ հայտարարվի: Երեւանում հնարավոր է այս ամենն իրականացնել, քանի որ բյուջեն շատ մեծ է, իսկ Վանաձորում չգիտեմ պահանջն ինչպես կիրականացվի»,- ասաց Ջաղինյանը:

Նրա փոխանցմամբ խոշոր ուղղություններից է նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության ապահովումը: Մարզում բոլոր դպրոցներն արդեն իսկ իրականացնում են ներառական կրթություն: Նախատեսվում է մյուս տարվանից համակարգը ներդնել նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ոլորտում  կարեւոր է հարցերից է նաեւ այն, որ նախատեսվում է Երեւանի պետական մանկավարժական համալսարանում  ներդնել ժեստերի լեզվի թարգմանիչների պատրաստման եւ վերապատրաստման ծրագիրը: ԿԳ նախարարության կողմից ծրագիրն արժանացել է հավանության:

Ջաղինյանն ասում է, որ Լոռու մարզում հաշվառված հաշմանդամություն ունեցող անձիք ակտիվ են, տեղյակ են բոլոր ծրագրերից ու մասնակցում են իրենց համար նախատեսված տարբեր միջոցառումների: Նրա խոսքով՝ մարզում իրազեկվածության պակաս չկա, մնում է միայն դիմեն ու մասնակցեն:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31