Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկամտահարկի համահարթեցումը ներդրողների թիվը ավելացնելու փոխարեն՝ մեծացնելու է հարուստների ու աղքատների միջեւ եղած անդունդը»

Դեկտեմբեր 12,2018 13:30

Քաղաքացիները՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին

Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որոնք, ըստ տնտեսագետների ու ոլորտի փորձագետների, ամենակարեւոր բարեփոխումներից են Հայաստանի համար, քաղաքացիների, մասնավորապես` գործարար աշխարհի ներկայացուցիչների շրջանում դժգոհությունների մեծ ալիք են բարձրացրել: Թերեւս դրանով է պայմանավորված, որ հանրային քննարկման դրված եւ արդեն քննարկումներն ավարտած նախագիծը 90 տոկոսով բացասական գնահատականի է արժանացել: Նախագիծը հանրային քննարկման է դրել ՀՀ ֆինանսների նախարարությունը` Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը ֆինանսների նախարարության պատասխանատուները պատճառաբանել են գործարար միջավայրի բարելավմամբ, մասնավորապես` միկրոձեռնարկատիրության զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ, տնտեսության մրցունակության ու ներդրումային գրավչությունը բարձրացնելու նպատակով ավելի պարզ հարկային համակարգ ներդնելով:

«Առավոտը» շարունակում է ներկայացնել քաղաքացիների մտահոգությունները նախագծի վերաբերյալ: Այսպես. դժգոհություններից մեկը բնապահպանական հարկի դրույքաչափի բարձրացման վերաբերյալ է:

Նախագծով առաջարկվում է 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող՝ 300 եւ ավելի ձիաուժ շարժիչի հզորությամբ ավտոմեքենաների բնապահպանական հարկի դրույքաչափը բարձրացնել` 50 դրամը դարձնելով 150 դրամ: Այս առնչությամբ ֆիննախին քաղաքացի Միքայել Սարգսյանն առաջարկում է գործողության մեջ մտցնել EURO-3 կամ EURO-4 համայն աշխարհի կողմից ընդունված չափանիշները եւ ոչ թե 2008 թվականից ի վեր արտադրված, 301 ձիաուժ ունեցող ավտոմեքենաների բնապահպանական վճարը բարձրացնել, այլ հին ԳԱԶ-24-ը եւ նմանատիպ ավտոմեքենաներինը, որոնք ավելի շատ արտանետում ունեն. «Հերիք եղավ, էլի։ Գոնե իրոք մտածեք բնապահպանության մասին, անկապակցված նախագծեր եք մշակում։ Էն կատալիզատոր հանած ու տոննայով սեւ ու սպիտակ մուխ հանող ավտոմեքենաները բնությանը վնաս չե՞ն տալիս»:

Ի պատասխան՝ ֆիննախի մասնագետները նշել են, որ նախագծով ներկայացված առաջարկության տրամաբանությունն այն է, որ մեծ հզորությամբ շարժիչ ունեցող ավտոմեքենաները, այլ հավասար պայմաններում, ավելի շատ են աղտոտում շրջակա միջավայրը. «Հետեւաբար արդարացի ու տրամաբանական է, որպեսզի դրանց մասով սահմանվի տարբերակված՝ ավելի բարձր բնապահպանական հարկ: Միեւնույն ժամանակ, համակարծիք ենք այն դիտարկման հետ, ըստ որի՝ շրջակա միջավայրին պատճառվող վնասի աստիճանը միշտ չէ, որ ուղիղ կախվածության մեջ է գտնվում շարժիչի հզորությունից: Այդուհանդերձ, վերջինս այն գործոնն է, որը, այլ հավասար պայմաններում, ամենից մեծ ազդեցությունն ունի շրջակա միջավայրին պատճառվող վնասի աստիճանի վրա (խնդրում ենք հաշվի առնել նաեւ այն, որ ՀՀ Հարկային օրենսգրքի 168-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ բնապահպանական հարկի մեծությունն արդեն իսկ կախվածության մեջ է դրված մեկ այլ կարեւոր գործոնից՝ մեքենայի թողարկման տարեթվից): Բացի այդ, մեքենայի շարժիչի հզորության հիման վրա բնապահպանական հարկ հաշվարկելու մոտեցումն արդեն իսկ ամրագրված է ՀՀ Հարկային օրենսգրքով: Ընդ որում, արտանետումների փաստացի ծավալի հիման վրա բնապահպանական հարկ հաշվարկելու մոտեցումն ամրագրված է եղել մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրությամբ, որը կիրառության հարթության մեջ ուղեկցվում էր բավականին խորքային բարդություններով, այն առումով, որ նման համակարգը ըստ էության չէր ծառայում իր առջեւ դրված նպատակներին»:

Ֆիննախը քաղաքացուն պատասխանել է, որ նրա առաջարկությունն ընդունվել է ի գիտություն:

Քաղաքացի Արմեն Աղաջանյանը առաջարկել է ստոմատոլոգիական բազկաթոռի ամսական 57000 դրամ արտոնագրային հարկը նվազեցնել ներկայիս փոփոխություններով եւ չսպասել 2020 թվականին սպասվող ավելի լայնածավալ բարեփոխումներին:

«Հնարավոր չէ՞ այդ 57000 դրամը մի քիչ պակասեցնել 2019թ. համար: Այլապես շատերը գործունեությունը ստիպված ժամանակավոր կդադարեցնեն, կարտագաղթեն կամ տաքսի կքշեն: Դուք է՞լ եք որդեգրել ամեն գնով բյուջե լցնելու, մանավանդ ստորին խավերին քերելու քաղաքականությունը»,- կառավարության պատասխանատուներին հարցնում է Արմեն Աղաջանյանը:

«Ներկայացված առաջարկությունը լրացուցիչ կքննարկվի»,- քաղաքացուն պատասխանել են ֆիննախի մասնագետները:

Քաղաքացի Բյուրակն Իշխանյանի համոզմամբ՝ եկամտահարկի համահարթեցումը, ինչպես որ նախատեսված է նոր օրենսգրքով, բերելու է սոցիալական բեւեռացման էլ ավելի մեծացման, ներդրողների թիվը ավելացնելու փոխարեն էլ մեծացնելու է հարուստների ու աղքատների միջեւ գտնվող անդունդը. «Եկամտահարկի համահարթեցում առաջարկելուց առաջ արժե ուսումնասիրել, թե արդյոք այն պետությունները, որոնք անցել են համահարթեցման, իրո՞ք մեծացրել են ներդրողների թիվը։ Պետք է նաեւ տեսնել, թե որ պետություններն ունեն համահարթ եկամտահարկ։ Կարծես նրանք այնքան էլ լավ տնտեսական վիճակում չեն։ Ըստ էության, համահարթեցումից ոչինչ չի շահելու ցածր եկամուտ ունեցող խավը, իսկ բարձր եկամուտ ունեցողներն է՛լ ավելի բարձր եկամուտ են ունենալու։ Կարծում եմ՝ սա բավական վտանգավոր է»:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի 23 տոկոս դրույքաչափը 3-4 տարիների ընթացքում աստիճանաբար կնվազի՝ դառնալով մինչեւ 20 տոկոս:

Ի պատասխան՝ ֆիննախի մասնագետները նշել են` ընդունվել է ի գիտություն, եւ արձագանքել. «Այն, որ եկամտային հարկի սանդղակավորված դրույքաչափերի կիրառությունը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ իրագործել պետության վերաբաշխողական գործառույթը, անվիճելի փաստ է: Նկատենք, որ եկամտային հարկի դրույքաչափերի հարցը քննարկելիս սանդղակավորված դրույքաչափ ունենալու մի քանի մոտեցումներ քննարկվել են, որոնց ընդունումը, սակայն, նպատակահարմար չի համարվել՝ հաշվի առնելով այն, որ գործնականում հնարավոր չէր ընտրել եկամտային հարկի դրույքաչափերի այնպիսի տարբերակ, որը կլուծի առկա բոլոր խնդիրները՝ կապված հասարակության տարբեր խմբերի եկամուտներն արդյունավետ ձեւով վերաբաշխելու, ստվերային աշխատավարձերը հարկման դաշտ տեղափոխելու կամ տնտեսության իրական հատվածի եւ հատկապես արտահանմանը կողմնորոշված ճյուղերի մրցունակությունը բարձրացնելու ու տնտեսական աճի կայուն նախադրյալներ ձեւավորելու հետ: Այս առումով, նախքան եկամտային հարկի դրույքաչափերի վերանայումը, անհրաժեշտ է հստակեցնել այն խնդիրները, որոնք ակնկալվում էր լուծել եկամտային հարկի դրույքաչափերի վերանայման միջոցով: Այդ իսկ պատճառով գերակայությունը տալով արտահանմանը կողմնորոշված ճյուղերի մրցունակությունը բարձրացնելու ու տնտեսական աճի կայուն նախադրյալներ ձեւավորելու հետ կապված խնդիրների առաջնահերթ լուծմանը՝ նախապատվությունը տրվել է նախագծով առաջարկվող տարբերակին»:

Ուշագրավ է, որ քաղաքացի Դավիթ Կարապետյանի առաջարկը ֆիննախը նույնպես ընդունել է ի գիտություն: Դավիթ Կարապետյանը առաջարկությունների բաժնում մասնավորապես գրել է. «Նախարարություն եւ վարչապետ ջան, սա էն Հարկային օրենսգիրքը չի, որ ցանկանում է ժողովուրդը: Առաջարկում եմ, եթե չեք կարում նորմալ օրենսգիրք կազմեք, ուրիշ մարդկանց ասեք, հրավիրեք՝ իրենք կազմեն»:

Այդուհանդերձ, նախարարությունը պատասխանել է, որ ներկայացված դիտարկման կապակցությամբ հիմնավորումներ ներկայացված չեն, հետեւաբար դրանց որեւէ կերպ անդրադառնալ հնարավոր չէ. «Ինչ վերաբերում է նախագծով առաջարկվող փոփոխություններին, ապա դրանք բխում են ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված ծրագրային դրույթներից, ներդրումային միջավայրը բարելավելու, տնտեսական աճի համար օրենսդրական խթաններ ստեղծելու նպատակադրումներից»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

11.12.2018  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այս ամենը նման է մի խղճուկ երևույթի: Ինչու ենք մենք մոռանում,որ երկու կողմից գտնվում ենք թշնամու երախում: Միթե՞ չի եկել անցումային ժամանակը՝ հնի վրա հենվելով դոփում ենք տեղում: Հարգելիներս ի՞նչ բան է տնտեսական աճ՛այն իր հնչեղությամբ բնորոշում է,որ առանց հզոր տնտեսության՛ մենք միայն ողորմություն մուրալով պետք է գոյատեվենք: Պետք է ունենանք Ֆինանսների և Էկոնոմիկայի արհեստավարժ մասնագետներ՛ ովքեր պատասխանատու են լինելու երկրի տնտեսությունում կատարվող ամեն մի քայլի համար: Երկրի շատ հարստություններ կիսաֆաբրիկատ վիճակով արտահանելով ունենում ենք և ֆինանսական՛ և աշխատեղերի կորուստներ: Պետությունը բոլոր բնագավառներում պետք է ունենա պարտադիր վերահսկողություն: Հնարավորություններ շատ կան …

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/12/999933/

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31