Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդիում տնական հավկիթներում քաղցկեղածին դիօքսին են հայտնաբերել

Դեկտեմբեր 13,2018 14:00

Ընտրություններից առաջ՝ նոյեմբերի 29-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Թեղուտի պոչամբարի ամբարտակը ճաքել է եւ բարդացրել հանքի հետագա շահագործումը: Բայց հիմա մենք քաջալերել ենք, որ բանկը նոր օպերատոր ներգրավի, եւ հույս ունենք, որ Թեղուտի հանքն առաջիկայում կաշխատի: Իսկ Ալավերդու պղնձաձուլարանը կամ կաշխատի, կամ էլ նոր պղնձաձուլարանի կառուցման ներդրումային ծրագիր կիրականացվի»:

Հնարավոր է Լոռու մարզի հանքարդյունաբերական այս ընկերությունների աշխատակիցներն ուրախանան Փաշինյանի այս հայտարարությամբ. դրանք նրանց միակ աշխատատեղն է: Սակայն այս տարածքներից վերցրած փորձանմուշների ուսումնասիրության արդյունքները հաստատ ուրախացնող չեն:

Դեկտեմբերի 10-ին չեխ գիտնականները Երեւանում ներկայացրել են Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Շնող համայնքներում իրականացված հետազոտության արդյունքները՝ «Արդյունաբերական աղտոտվածությունը Լոռու մարզում» համաժողովի շրջանակներում:

Համաժողովը լայնորեն չի լուսաբանվել, խորհրդարանական արտահերթ ընտրություններին հաջորդող օրն էր, հանրության ուշադրությունը ընտրությունների արդյունքների վրա էր սեւեռված: Իսկ գիտնականների հետազոտության արդյունքները, կարելի է ասել, սարսափեցնող են:

Դեռ այս տարվա ամռանը չեխական «Արնիկա» կազմակերպության մասնագետները նմուշներ էին վերցրել Դեբեդ գետի հունից, Շնող գետից, Ախթալայից:

«Առավոտի» հետ զրույցում «Էկոլուր» հասարակական կազմակերպության փորձագետ Վիկտորյա Բուռնազյանն ասաց, որ Շնողում նմուշներ են վերցրել գյուղատնտեսական հողերից, Ալավերդիում՝ խաղահրապարակներից, մանկապարտեզներից, նաեւ տնական հավկիթներ ու բնակիչների մազերից նմուշներ էին վերցրել: Հետազոտությունն իրականացվել է Պրահայի քիմիական-տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիաներում:

Նախօրեին ներկայացված այս ուսումնասիրության ամենակարեւոր ու նոր բացահայտումը, ինչպես Բուռնազյանն ասաց, հավկիթներում հայտնաբերված քիմիական միացությունը՝ դիօքսինն է. «Սա նոր ռիսկ է՝ դիօքսինը կայուն օրգանական աղտոտիչ է ու խիստ թունավոր նյութ է, քաղցկեղածին է: Այս փաստը տագնապ է հնչեցնում, որովհետեւ մարդիկ օգտագործում են, ուտում են այդ հավկիթները»:

Փորձագետը ներկայացրեց չեխ մասնագետների կարծիքը, թե ինչպես է քաղցկեղածին դիօքսինը հայտնվում հավկիթներում. «Նրանք բացատրեցին, որ Ալավերդու գործարանի ծխնելույզից դուրս եկող արտանետումների հետ այդ դիօքսինը միանում է փոշուն, որն էլ տարածվում է շրջակա միջավայրում, դրանով կենդանիներն են սնվում: Այսինքն՝ անցնում է սննդային շղթա, ապա՝ մարդու օրգանիզմ: Խորհուրդ տվեցին չօգտագործել այդ սնունդը»:

Բուռնազյանի պատմելով՝ այդ համայնքներում բարձր է հողի ու ջրի՝ ծանր մետաղներով աղտոտվածությունը. «Չեխ գիտնականներն ասացին, որ նույնիսկ փոքր քանակով այդ ոռոգման ջրի օգտագործումը բացասաբար է ազդում մարդու առողջության վրա՝ գյուղմթերքի միջոցով սննդային շղթային է անցնում: Բարձր է պարունակությունը հատկապես պղնձի, մոլիբդենի, կար նաեւ ցինկի ու կապարի պարունակություն: Պղնձի պարունակությունն ամենաբարձրն է: Նշում էին, որ այն բացասական ազդեցություն ունի լյարդի եւ երիկամի վրա»:

Ալավերդին, Ախթալան, Շնողը գտնվում են 3 խոշոր ձեռնարկությունների ազդեցության տակ՝ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի, որը շահագործում է Շամլուղի հանքավայրը: Ինչպես փորձագետը նշեց՝ կոմբինատն ունի մի քանի պոչամբարներ, որոնցից մեկը՝ Նահատակը, դեռ գործում է, մյուսները՝ ոչ. «Բայց դրանք էլ աղտոտում են շրջակա միջավայրը: Ախթալա գետն այլեւս գոյություն չունի, թթվային ջրեր են հոսում այդ գետով, դրանք խիստ վտանգավոր են եւ անպիտան օգտագործելու համար: Իսկ այս թթվային ջրերն ինչպես են առաջացել՝ Ախթալայի տարածքում հանքը երկար տարիներ շահագործվել է, ու կան նաեւ լքված հանքախորշեր, դրենաժներով այդ ջրերն անձրեւների հետ հոսում են, գալիս այդտեղ: Դատարկ ապարներով Ախթալայի ափերն ամրացված են, դրանք էլ թունավոր նյութեր ու ծանր մետաղներ են պարունակում: Այստեղ շատ ծանր էկոլոգիական վիճակ է»:

Ինչ վերաբերում է Շնողին, այստեղ, ինչպես հիշեցրեց Բուռնազյանը, Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատն է աշխատում, Թեղուտի հանքաքարն էին մշակում. «Այստեղ Թեղուտի պոչամբարից շատ արտահոսքեր են եղել Շնող գետ: Հիմա Շնող գետն ունի 5-րդ դասի աղտոտվածություն, սրանից բարձր չկա: Մինչդեռ Շնողը Հայաստանի ամենամաքուր գետերից մեկն է եղել մինչեւ հանքի շահագործումը: Այսօր նրա հունում ծանր մետաղների նստվածքներ են, իսկ ծանր մետաղները հարյուրավոր տարիներ մնում են շրջակա միջավայրում: Նույնը Դեբեդի մասին կարող ենք ասել: Չեխ փորձագետներն ասացին, որ Դեբեդի ջրով ոռոգումը վտանգավոր է: Սա շատ լուրջ ահազանգ է»:

Բուռնազյանն ասաց, որ միջազգային մասնագետների տրամադրած արդյունքները պետք է ամփոփեն, համաժողովի մասնակիցները նաեւ առաջարկություններ են ներկայացրել, այս ամենը ի մի բերելուց հետո փաթեթը ներկայացնելու են կառավարություն:

Բուռնազյանը նաեւ հիշեցրեց Ամերիկյան համալսարանի ուսումնասիրությունը, ըստ որի՝ հանքարդյունաբերական շրջաններում քաղցկեղի մեծ տոկոս կա, սակայն առողջապահության նախարարությունը մշտապես պնդում էր, թե հանքարդյունաբերությունը քաղցկեղածին գլխավոր գործոնը չէ. «Այսօր ուսումնասիրություններն ասում են՝ այս աղտոտվածությունները կարող են եւ առաջնային լինել հիվանդացությունների աճի համար այդ հանքարդյունաբերական շրջաններում: Համաժողովին ներկա առողջապահության նախարարության ներկայացուցիչներն ասացին, որ այդ շրջաններում ուսումնասիրություն են արել, հիմա ամփոփվում են տվյալները: Սա ուշագրավ է, որովհետեւ երկար տարիներ արդյունքների մասին չենք լսել: Սպասենք՝ տեսնենք»:

Չեխ մասնագետների ուսումնասիրության արդյունքները շուտով հրապարակվելու են, մինչ այդ, ինչպես համաժողովի ժամանակ ասել են չեխերը, մեր արդյունքները համեմատել են այլ երկրների արդյունքների հետ: «Նրանք վստահեցրին՝ մեզ մոտ բարձր են ցուցանիշները: Հորդորում էին բնակիչներին իրազեկել՝ ինչ ուտել, ինչ չուտել»,- ասաց Վիկտորյա Բուռնազյանը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.12.2018   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31