Հունվարի 14-րդ օրվա առավոտյան սևանցիները` մեծ ու փոքր, Հայոց բանակ էին ճանապարհում իրենց 18-ամյա որդիներին, ովքեր 1-2 օր անց համալրելու են զինված ուժերի շարքերը:
2019թ-ի ձմեռային զորակոչը Սևանում մեկնարկեց երգ ու պարով, «անփորձանք ծառայության» և «բարի վերադարձ»-ի պատգամներով: «Սևան» ժողովրդական պարերի համույթի սաների կատարումներն էլ ձմռան ցուրտ օրը լցրել էին ջերմությամբ:
Սևանի համայնքապետարանի հարակից հրապարակը մարդաշատ էր: Սևանի տարածաշրջանի և համայնքի հինգտասնյակից ավելի զինակոչիկներին, նրանց ծնողներին և հարազատներին բարեմաղթանքի խոսքեր հղեցին Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Գևորգ Մխեյանը, Սևանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, ԿՄՍԵՀ բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը: Բարի մաղթանքներին միախառնվել էին աղոթքները` որպես ապավեն և զորավիգ երկամյա ծառայության, Հայոց աշխարհի ու Արցախի սահմանների խաղաղության:




Իսկ առջևում բանակային ծառայության երկու տարիներն են:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ



















































