Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն էր քննվում՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի:
Հիշեցնենք, որ Վանեցյանը գաղտնալսումների թեմայով հրավիրած հայտնի մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր՝ «Փաստերով կխոսենք ու կհրապարակեմ ով ինչ ունի ու ոնց է ձեռք բերել, ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ մնացածը, այլ ունեցվածքները»: Լրագրողների դիտարկմանը, որ ասում է՝ բաժնետերերի մեջ է «Կոնգրեսի», իրենը չէ՝ Վանեցյանն արձագանքել էր. «Բաժնետերերի մեջ չի նշանակում, որ պետք է մարդուն ստիպեն 6 մլն դոլար տանի տա իրան: Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց ընենց, ո՞ր մեկին կտան»:
Սեդրակ Քոչարյանը գտնում է, որ դա զրպարտություն է ու Վանեցյանը պետք է հրապարակային հերքի այդ տեղեկությունները: Նա դրամական փոխհատուցում չի պահանջում:


Վահագն Գրիգորյանն ասաց, որ օրինակ, ինքը չգիտեր, որ «Կոնգրես» հյուրանոցի սեփականատերը Սեդրակ Քոչարյանն է ու Քոչարյան ընտանիք ասելով՝ ո՞ւմ հետ է դա ասոցացվում: Անի Ալավերդյանը պատասխանեց՝ «Դուք հերքո՞ւմ եք, որ Քոչարյան ընտանիքի մեջ մտնում է նաեւ որդին, դուստրը, կինը…Եթե պատասխանող կողմը հայտարարություն է արել՝ առանց իմանալու, թե ով է հանդիսանում «Կոնգրես» հյուրանոցի սեփականատերը, ուրեմն անպատասխանատու հայտարարություն է արել»:
Գրիգորյանն ասել էր, որ մամուլի ասուլիս Վանեցյանը հրավիրել էր՝ որպես ԱԱԾ տնօրեն ու քանի որ սա փոխհատուցման հարց է, հայցը պետք է ներկայացվեր ընդդեմ ՀՀ-ի, ոչ թե անձի: Ալավերդյանը հակադարձեց՝ ասելով, որ Վանեցյանն ինքն է ասել, որ գաղտնալսումը մասնավոր խոսակցություն է իր եւ Սասուն Խաչատրյանի միջեւ, հետեւաբար որպես ֆիզիկական մասնավոր անձ է եղել իր հայտարարությունը: Գրիգորյանը, բնականաբար, չընդունեց այդ դիրքորոշումը, որովհետեւ հեռախոսազանգի բովանդակությունն ու այն, թե Վանեցյանը ի պաշտոնե՞ էր հրավիրել ասուլիսը, թե՞ որպես ֆիզիկական անձ, իրար հետ կապ չունեն:
Անի Ալավերդյանն ասաց, որ Վանեցյանը պետք է ապացուցի, թե ո՞ւմ են ստիպել 6 մլն դոլար փող տալ, նա խոստացել է փաստեր ներկայացնել «Կոնգրես» հյուրանոցի ձեռքբերման հետ կապված, կաշառքը պետք է ապացուցի:
Վահագն Գրիգորյանն էլ ասաց, որ հայցվորը պետք է ապացուցի, որ հենց իր դեմ է ուղղված Վանեցյանի խոսքը, որ դրանք հանդիսանում են արատավորող տեղեկություններ:
Անի Ալավերդյանն ասաց, որ երբ կաշառքի մասին է խոսքը գնում, դա վնասում է Սեդրակ Քոչարյանի գործարար համբավը. «Նա միջազգային մակարդակով գործարար է, բավականին բարձր համբավ ունի, դա ազդում է»:

Նիստը հետաձգվեց: Հայցվոր կողմը պետք է եռօրյա ժամկետում ապացույց ներկայացնի, որ Սեդրակ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցի սեփականատերն է:
https://www.facebook.com/aravot.am/videos/308819326440614/
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































