Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ Վանեցյանը Քոչարյանների ընտանիք ասելով՝ Սեդրակ Քոչարյանին նկատի չի ունեցել. պահանջում են ապացուցել, որ Վանեցյանը Սեդրակին է զրպարտել

Հունվար 21,2019 14:45

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն էր քննվում՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի:

Հիշեցնենք, որ Վանեցյանը գաղտնալսումների թեմայով հրավիրած հայտնի մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր՝ «Փաստերով կխոսենք ու կհրապարակեմ ով ինչ ունի ու ոնց է ձեռք բերել, ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ մնացածը, այլ ունեցվածքները»: Լրագրողների դիտարկմանը, որ ասում է՝ բաժնետերերի մեջ է «Կոնգրեսի», իրենը չէ՝ Վանեցյանն արձագանքել էր. «Բաժնետերերի մեջ չի նշանակում, որ պետք է մարդուն ստիպեն 6 մլն դոլար տանի տա իրան: Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց ընենց, ո՞ր մեկին կտան»:

Սեդրակ Քոչարյանը գտնում է, որ դա զրպարտություն է ու Վանեցյանը պետք է հրապարակային հերքի այդ տեղեկությունները: Նա դրամական փոխհատուցում չի պահանջում:

Վանեցյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Վահագն Գրիգորյանն ասաց, որ Վանեցյանը Քոչարյանների ընտանիք է ասել ու հայցվորը պետք է ապացուցի, որ հենց իրեն՝ Սեդրակ Քոչարյանին է նկատի ունեցել՝ ընտանիք ասելով. «Մենք պնդում ենք, որ հայցվորին նկատի չենք ունեցել ու վերջ: Ընտանիքը լայն հասկացություն է»: Բացի այդ, ըստ նրա, կարեւոր չի, թե Վանեցյանն ում է նկատի ունեցել՝ այդ արտահայտությունները կատարելիս, կարեւոր է այն, թե սովորական ընթերցողն ինչ է հասկանում դրա տակ. «Ի վերջո ընտանիք հասկացությունը լայն է ու դա նշանակում է, որ վերաբերում է ոչ միայն Սեդրակ Քոչարյանին, այսինքն, ընտանիքի բոլոր անդամները կարող են հա՞յց ներկայացնել»:

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը պատասխանեց. «Այո, ընտանիքի բոլոր անդամները իրավունք ունեն դատարան դիմելու…Պատասխանող կողմը անդրադարձել է հյուրանոցի ձեռքբերմանը, իսկ հյուրանոցը պատկանում է Սեդրակ Քոչարյանին: Դա բավականին հայտնի ընտանիք է՝ հաշվի առնելով, որ ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքն է, հայտնի է դա ընթերցողի համար, պետք է հասարակությունից լինել բավականին իզոլացված, որ չհասկանան, թե ում մասին է խոսքը»:

Վահագն Գրիգորյանն ասաց, որ օրինակ, ինքը չգիտեր, որ «Կոնգրես» հյուրանոցի սեփականատերը Սեդրակ Քոչարյանն է ու Քոչարյան ընտանիք ասելով՝ ո՞ւմ հետ է դա ասոցացվում: Անի Ալավերդյանը պատասխանեց՝ «Դուք հերքո՞ւմ եք, որ Քոչարյան ընտանիքի մեջ մտնում է նաեւ որդին, դուստրը, կինը…Եթե պատասխանող կողմը հայտարարություն է արել՝ առանց իմանալու, թե ով է հանդիսանում «Կոնգրես» հյուրանոցի սեփականատերը, ուրեմն անպատասխանատու հայտարարություն է արել»:

Գրիգորյանն ասել էր, որ մամուլի ասուլիս Վանեցյանը հրավիրել էր՝ որպես ԱԱԾ տնօրեն ու քանի որ սա փոխհատուցման հարց է, հայցը պետք է ներկայացվեր ընդդեմ ՀՀ-ի, ոչ թե անձի: Ալավերդյանը հակադարձեց՝ ասելով, որ Վանեցյանն ինքն է ասել, որ գաղտնալսումը մասնավոր խոսակցություն է իր եւ Սասուն Խաչատրյանի միջեւ, հետեւաբար որպես ֆիզիկական մասնավոր անձ է եղել իր հայտարարությունը: Գրիգորյանը, բնականաբար, չընդունեց այդ դիրքորոշումը, որովհետեւ հեռախոսազանգի բովանդակությունն ու այն, թե Վանեցյանը ի պաշտոնե՞ էր հրավիրել ասուլիսը, թե՞ որպես ֆիզիկական անձ, իրար հետ կապ չունեն:

Անի Ալավերդյանն ասաց, որ Վանեցյանը պետք է ապացուցի, թե ո՞ւմ են ստիպել 6 մլն դոլար փող տալ, նա խոստացել է փաստեր ներկայացնել «Կոնգրես» հյուրանոցի ձեռքբերման հետ կապված, կաշառքը պետք է ապացուցի:

Վահագն Գրիգորյանն էլ ասաց, որ հայցվորը պետք է ապացուցի, որ հենց իր դեմ է ուղղված Վանեցյանի խոսքը, որ դրանք հանդիսանում են արատավորող տեղեկություններ:

Անի Ալավերդյանն ասաց, որ երբ կաշառքի մասին է խոսքը գնում, դա վնասում է Սեդրակ Քոչարյանի գործարար համբավը. «Նա միջազգային մակարդակով գործարար է, բավականին բարձր համբավ ունի, դա ազդում է»:

Նշենք,որ եթե ապացուցվի, որ Վանեցյանը Քոչարյանի որդուն նկատի չի ունեցել, նաեւ՝ որ Վանեցյանը պատասխանող չպետք է լինի, այլ՝ ՀՀ-ն, քանի որ նա պաշտոնատար անձ է, նոր հայց չեն կարող ներկայացնել, քանի որ նման հայցի վաղեմության ժամկետն արդեն ավարտվել է:

Նիստը հետաձգվեց: Հայցվոր կողմը պետք է եռօրյա ժամկետում ապացույց ներկայացնի, որ Սեդրակ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցի սեփականատերն է:

Քոչարյանի որդին՝ ընդդեմ Վանեցյանի դատական նիստը

Gepostet von Aravot am Montag, 21. Januar 2019

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031