Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում Իոսիֆ Աղաջանովի սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու թեմայով հրավիրած ասուլիսում սպանվածի հարազատները ներկայացրեցին իրենց դիրքորոշումը:

Ելենա Աղաջանովան, որը սպանվածի քույրն է, ասաց՝ Մհեր Ենոքյանն իրավունք ունի ներման խնդրագիր ներկայացնել, մենք էլ իրավունք ունենք դեմ լինել. «Մեր իրավունքն է չներել իրեն, մենք չենք ներում: Թող ցանկացած մարդ, որը կարող է իրեն ներել ու այդ հարցով մեզ դիմում է՝ ինչո՞ւ չեք ներում, թող անցկացնի դա իր միջով, պատկերացնի դա իր երեխայի վրա ու որոշի՝ ինքը կարո՞ղ է ներել, թե՞ չի կարող: Մենք չենք ներում: Լինում են տարբեր դեպքեր, նայած ինչն է եղել սպանության պատճառը, կարող է մայրը ներել իր երեխային սպանողին, եթե, ասենք, մեքենան պատահաբար հետ է տվել ու խփել, գցել ավտոյի տակ: Սա դաժան սպանություն էր երիտասարդ տղայի: Իմ երեխայի սպանությունն էր նաեւ դա, մենք չենք կարող ներել ու պահանջում ենք, որ երկրի ղեկավարությունը մեր կարծիքը լսի: Այս կարգի մարդասպանին ներումը հանրության անվտանգությանը սպառնացող հանգամանք կլինի, ցանկացած քաղաքացի պետք է մտածի դրա մասին: Մհեր Ենոքյանը չի զղջացել մինչ այսօր, չի էլ զղջալու, մենք չենք փոխելու մեր կարծիքը»:
Aravot.am-ը հարցրեց՝ մենք տարիներ շարունակ տեսել ենք, թե ինչքան խոցելի է եղել մեր արդարադատությունը, ինչպես են քաղաքական հայացքների համար մարդիկ դատապարտվել, տարաբնույթ մեղքեր են վերագրվել մարդկանց, հետո ապացուցվել են, որ իրականում այդպես չի եղել, դուք ձեր հոգու խորքում որեւէ կասկած չունե՞ք, որ սա հենց այդ խոցելի արդարադատության հետեւանք է, որովհետեւ ձեր աչքով սպանությունը չեք տեսել: Ելենա Աղաջանովան պատասխանեց. «Ոչ մի քաղաքական աստառ այս գործի մեջ չկա, չի եղել ու չի լինելու, պետք չի ման գալ: Հիմա ուղղությունը տանում են դրան, որ գնա քաղաքական դաշտ, հակահեղափոխական դաշտ ու մարդասպանը ներկայացվի՝ որպես ռեժիմի զոհ, դա բացարձակ սուտ է, պետք չի մարդկանց շեղել: Մենք չունենք կասկած: Դատավճիռը շատ համոզիչ էր, հասկանո՞ւմ եք, մենք ենք ներկա եղել, մեր հարազատները, ընկերները, դա մի մարդու կարծիք չի, դատավարությունը դռնբաց է եղել: Պետք չի մտածել, որ մարդասպանը ճիշտ է, իր կինը, որը նույնպես ներկա չի եղել, ճիշտ է, իսկ ամբողջ այդ մարդիկ սուտ էին, կոռուպցիոներներ էին: Ինչո՞ւ եք վիրավորում այդ բոլոր մարդկանց, որոնք այնտեղ նստած էին եւ հավատում եք մարդասպանին, որն ունի նպատակ դուրս գալու»:
Ռուբեն Մելիքյանն էլ ասաց. «Այո, որեւէ մեկը չի ժխտում, որ լինում են դատական սխալներ, բայց այդ պնդումից ասել,որ կոնկրետ այդ սխալի հետ գործ ունենք այս գործում, կապը չի ստացվում, դա տրամաբանական չի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































