Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունը սկսեց համագործակցել օրենքի շահառուների հետ»

Փետրվար 13,2019 13:00

Հարկային օրենսգրքի շուրջ հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչների եւ կառավարության քննարկումները շարունակվում են. այլ՝ նոր խնդիրներ են առաջացել

Հայկական ռեստորանների միության ներկայացուցիչներն առաջիկա շաբաթվա ընթացքում կհանդիպեն փոխվարչապետի հետ՝ ավարտական տեսքի բերելու դեռ անցած ամսվա վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին, «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայկական ռեստորանների միության համակարգող Աշոտ Բարսեղյանը:

Հիշեցնենք, 2019 թվականն այս ոլորտի աշխատակիցների համար մեկնարկեց բողոքի ակցիաներով: Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված, հունվարի 1-ից ոլորտում նախատեսվում էր այլ հարկման ռեժիմ. շրջանառության հարկը 6%-ից դարձնել 8%, իսկ հաջորդ տարվա հունվարից հարկը կավելանա եւս 2 %-ով՝ դառնալով 10 տոկոս: Հարկի ավելացումը, բնականաբար, փաստի առաջ էր կանգնեցրել գործարարներին: Նրանք էլ, սպառնում էին գների բարձրացմամբ:

«Առավոտի» հրապարակումից հետո, տեղի է ունեցել ոլորտի ներկայացուցիչների եւ վարչապետի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպման սկզբում, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր հավաքվել ենք քննարկելու այն խնդիրը, որ վերջին ամիսներին պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում՝ խոսքը հանրային սննդի ոլորտի հարկային կարգավորումների մասին է: Մինչ այդ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա. մենք հանրությանը եւ մասնավորապես գործարար աշխարհին առաջարկել ենք աշխատելու եւ համագործակցելու հետեւյալ բանաձեւը՝ հարստացեք եւ հարստացրեք: Այս բանաձեւը մեզ համար շատ կարեւոր է մի պայմանով, եթե մեր գործարար հանրության մեջ չկա մի հատված, որն այս բանաձեւի երկրորդ մասը ջնջում է եւ կենտրոնանում առաջին մասի վրա: Անկեղծ ցանկանում եմ ասել, որ հաճախ հնչում են շեշտադրումներ, թե ինչու ճանապարհը լավը չէ, թոշակները բարձր չեն եւ այդպես շարունակ: Եվ ոչ ոք հարց չի տալիս, թե ինչպե՞ս պետք է այդ ամենը լինի եւ ո՞ւմ միջոցով: Դա կարող է լինել պետական բյուջեի մուտքերի աճի եւ մուտք եղած գումարների արդյունավետ ծախսման ու կոռուպցիայի բացառման միջոցով: Մենք այս կոմպոնենտների վրա հավասարաբար պետք է աշխատենք եւ արդյոք մենք կարող ենք ելնել այն կանխավարկածից, որ այն հանրությանը տրվող պոզիտիվ ուղերձներն ընկալվում են հավասարաբար եւ հավասարապես բոլորի կողմից»: Վարչապետի պաշտոնակատարը նաեւ անդրադարձել էր հարցի երկրորդ մասին՝ արդյոք այն հարկային համակարգը, որը գործում է՝ հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ հարստանան, այսինքն բիզնեսը զարգանա: «Բացառված է, որ մենք անարձագանք թողնենք որեւէ արդարացի հարցադրում եւ շեշտադրում այս տրամաբանության մեջ: Եթե մենք տեսնենք, որ գործում է մի համակարգ, որը հնարավորություն չի տալիս, որպեսզի մարդիկ ավելի շատ աշխատեն, ավելի շատ եկամուտներ ստանան, հետեւաբար ավելի շատ հարկեր վճարեն, կհամարենք, որ ունենք ընդհանուր խնդիր, որը պետք է միասին լուծենք: Հետեւաբար, հույս ունեմ, որ մեր այսօրվա քննարկումը կլինի այս տրամաբանությամբ»:

Քննակման արդյունքում, Նիկոլ Փաշինյանն առաջարկել է մասնավոր հատվածի եւ կառավարության միջեւ քննարկումները շարունակել՝ ֆիքսելով կոնկրետ ժամանակահատված: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ քննարկումների նպատակն է լինելու հստակ հաշվարկների ու հիմնավորումների հիման վրա հասնել ոլորտի հարկային կարգավորումների փոխադարձ ընդունելի եւ փոխշահավետ լուծումների:
Հիշեցնենք, տնտեսվարողներն առաջարկում էին, որ օրենքի կիրառումը հետաձգվի հինգ տարով: Աշոտ Բարսեղյանը դեռ վստահ չէ, որ այս դրույթի շուրջ վերջնական համաձայնություն կա: Հույս ունի, որ փոխվարչապետի հետ առաջիկա հանդիպում-քննարկման ժամանակ կստանան այս հարցի պատասխանը:

«Առավոտի» հարցին`ձեր հատկապես ո՞ր փաստարկները համոզիչ թվացին վարչապետին, որ որոշվեց քննարկումների արդյունքում փոխշահավետ տարբերակի հանգել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մի քանի փաստարկ. նախ, որ այդպիսով, ամբողջ տնտեսությունն ընկնում էր տուրբուլենտ վիճակի մեջ: Ոլորտն ընկել էր անհասկանալի իրավիճակի մեջ, քանի որ հարկային փոփոխությունների բեռի ազդեցությունը շատ մեծ էր տնտեսության այդ ճյուղի վրա: Որ գների աճ էր տեղի ունենալու, որ տնտեսվարողների համար դժվար է լինելու այդ բեռի տակից դուրս գալը, որ տնտեսությունն այդ առումով անկում կարող է ունենալ եւ վերջապես, ՊԵԿ-ը վերահաշվարկեց եւ հստակեցվեց`նախկինում ասված գերշահույթները ոլորտում չկան: Ցածր շահութաբերութամբ են սկսել աշխատել»:

Հետաքրքրվեցինք նաեւ`արդյոք կառավարությունը պահանջներ է առաջադրել`ասենք, մինչեւ հարկային բեռի հետաձգման ժամկետը, տարբեր մարզերում` զբոսաշրջային զարգացման հեռանկար ունեցող քաղաքներում, գյուղական բնակավայրերում, սննդի, ժամանցի օբյեկտներ կառուցել, մայրաքաղաքում գործող օբյեկտների զարգացում ապահովել կամ տարբեր սոցիալական ծրագրեր իրականացնել: Աշոտ Բարսեղյանը պատասխանեց. «Մի կողմից պարզ է, որ ենթակառուցվածքները պետք է մարզերում զարգանան եւ աշխատեն: Բայց, մյուս կողմից, մարզերում շատ դժվար է ապահովել այդ շահութաբերությունը. բոլորս էլ գիտենք`շրջանառությունը ցածր է, ծախսերը մեծ են: Սա կետերից մեկն է, որ մենք պետք է կարողանանք ապահովել՝ մարզերում տնտեսվարողներին առանձնացված մոտեցում: Մենք չգիտենք՝ կառավարությունն ի՞նչ առաջարկություններ կանի այս ուղղությամբ, բայց, հուսով ենք, կունենա ինչ-որ լուծումներ»:

Իսկ թե ի՞նչ է ենթադրվում հետո, երբ կառավարություն-տնտեսվարողներ փոխհամաձայնեցված ժամկետները կսպառվեն, մեր զրուցակիցն ասում է, որ իրենք նման տեսլականներ եւ հեռանկարներ դեռ չունեն: «Մենք չունենք ծրագրեր: Տնտեսական քաղաքականություն որոշելը բացառապես կառավարության գործառույթն է: Բայց մենք կարեւոր մի բանի հասանք`այս մասով պետությունը սկսեց համագործակցել օրենքի ուղղակի շահառուների հետ»,- ասաց Աշոտ Բարսեղյանը:

Անդրադառնալով այս գործընթացին, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Կարելի է, իհարկե եւ զիջումների գնալ, եթե կառավարությունն իր կողմից ունի քննարկման նյութ: Ես կարծում եմ, այդ պահին քննարկման նյութն է բացակայել եւ գնացել են զիջումների: Բայց, ես մնում եմ իմ կարծիքին՝ առանց մասնագիտական լայն քննարկումների վերջնական լուծում չի կարելի տալ, որովհետեւ նման քայլերը հանգեցնում են նրան, որ կամ ձեռներեցներն են տուժում, կամ՝ պետական բյուջեն: Իսկ մենք պետք է ոսկե միջինը փորձենք գտնել, ինչի համար գիտելիքներ են պետք, որոնք սովորաբար ամբարված են գործարարների, փորձագետների մոտ, կառավարման ոլորտի՝ պետական ապարատի փորձված մասնագետների մոտ»:

 

Նոր խնդիր

Հայկական ռեստորանների միության համակարգող Աշոտ Բարսեղյանն «Առավոտի» հետ զրույցում, մեկ այլ ահազանգ էլ հնչեցրեց: Եթե նախորդ խնդրի պարագայում տնտեսվարողներին հաջողվել է կառավարության հետ կառուցողական երկխոսության դաշտ գալ, ապա առողջապահության նախարարության վարքագծում տնտեսվարողները դեռ նման քայլեր չեն տեսնում`կապված հանրային վայրերում ծխելը կանխարգելելու մասին նախագծի քննարկումների հետ: «Հանրային վայրերում ծխելու սահմանափակումների նախագիծն է քննարկում`ընդհանրապես հաշվի չառնելով տնտեսվարողների շահերը: Այստեղ ամենամեծ վնասը կրելու է հասարակական սննդի ոլորտը, բայց այդ հարցը մեզ հետ ընդհանրապես չի քննարկվել: Հիմա, մենք ստիպված, նորից մեր ձայնը բարձրացրել ենք, լսելի ենք դարձրել: Եթե հարկման մասով մեր ասելիքը շատ պարզ էր, ապա, այս ծխելու կանխարգելման մասին նախագծում շատ-շատ թերություններ եւ կոռուպցիոն ռիսկեր են ներառվում: Այս նախագծով տնտեսվարողներին հասցվելիք վնասը շատ ավելի մեծ է եւ վտանգները շատ ավելին են»,- ասում է մեր զրուցակիցը՝ մասնավորեցնելով. «Նախ՝ օրենքը սխալ ձեւակերպումներով է գրված, որոնք տարընթերցումների տեղիք են տալիս: Նման ձեւակերպումները բազմաթիվ են: Նախագծում կան տոտալ բացառումներ, որոնք խիստ են ազդելու մեր գործունեության վրա: Կոռուպցիոն ռիսկերն էլ հետեւյալն են՝ պարզ չէ, թե ո՞վ է վերահսկող մարմինը, որո՞նք են նրա լիազորությունները, սխալ են ձեւակերպված հասկացությունները եւ տարընթերցումների տեղիք կլինի եւ տուգանքներն են շատ մեծ: Պատկերացրեք`անհասկանալի չինովնիկը, անհասկանալի ձեւակերպումը ձեռքն առած՝ անհասկանալի լիազորություններով, իրավունք ունի տնտեսվարողին ամեն ծխողի համար տուգանի 700 դրամի չափով: Պատկերացնո՞ւմ եք, եթե այս օրենքը կիրառության մեջ դրվի, ի՞նչ քանակությամբ դատական ակտեր են գնալու պետության դեմ: Սա մեծ գլխացավանք է լինելու տնտեսվարողների համար, իսկ պետության համար՝ մեծ ծախսեր: Ինչո՞ւ գնալ մի ճանապարհով, որն ի սկզբանե էլ հայտնի է, որ խնդիրներ է առաջացնելու»:

Մեր զրուցակիցը նկատում է նաեւ, որ այդ նախագծում նաեւ պահպանված չէ կիրառման հավասարության սկզբունքը, մինչդեռ օրենքի առջեւ բոլորը պետք է հավասար լինեն: «Եթե հանրային սննդի օբյեկտները կարելի է գալ եւ ստուգել ցանկացած պահի, ապա, օրինակ, պետական մարմիններում, որոնք նույնպես ներառված են այս նախագծում, կան տեղեր, որտեղ մուտքը սահմանափակ է: Այսինքն, ասենք կա մի նախարար, ով ծխում է եւ նա իր աշխատասենյակում սկսում է ծխել. վերահսկող մարմինը ոչ մի գործառույթ չի ունենում այդ նախարարին վերահսկելու: Ստացվում է, որ մեզ անվերջ ու անդադար կարող են տուգանել, իսկ որոշ պաշտոնյաներ վերահսկողությունից դուրս կարող են լինել: Իրավահավասարություն չկա: Մինչդեռ, մենք իրավական պետություն ենք կառուցում, որտեղ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն: Ուստի, այս նախագծով, կարեւորագույն մի սկզբունք խախտվում է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

12.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728