Մարտի 1-ի հայտնի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը վերջին հարցազրույցներից մեկում նշել էր՝ այն հոդվածը, որով իրեն մեղադրում են, 2008թ.-ին գոյություն չի ունեցել: Այս առնչությամբ Օհանյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց՝ դիմել են նախաքննական մարմնին՝ պարզաբանում ստանալու համար, սակայն վերջինս մերժել է դիմումը, ինչից հետո պաշտպանը բողոք է հղել դատախազին: «Այդ հոդվածն ընդունվել է 2009թ.-ին, ուստի մեր պնդմամբ՝ Սեյրան Օհանյանը չի կարող մեղադրվել այդ հոդվածով»,-նշեց Կարեն Մեժլումյանը:

Կարեն Մեժլումյանը նաեւ հայտնեց, որ վերջերս արգելք էր դրվել Սեյրան Օհանյանի թոշակի վրա, սակայն պաշտպանի միջնորդության արդյունքում վարույթն իրականացնող մարմինն այն վերացրել է:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































