Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ դուք հիշում եք, որ ձեր բոլորի ճակատին կարմիր արյունով գրված էր Արթուր, Գագիկ, մեկ էլ Յուրիկ». «Սասնա ծռերի» դատը շարունակվում է

Մարտ 27,2019 15:06

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր շարունակվում էր ՊՊԾ գնդի գրավման գործով առանցքային անդամների մասնակցությամբ դատական նիստը: Այսօր դատարանը լսեց տուժող, ՊՊԾ գնդի «հրեշտակների գումարտակի» հրամանատար Գեղամ Խաչատրյանի ցուցմունքը: Դատարանում նա հայտարարեց, որ իր աշխատասենյակի չհրկիզվող պահարանում եղել է իր ավտոմեքենայի վաճառքից գոյացած գումարը, մոտ 3500 ԱՄՆ դոլար, 340 հազար ՀՀ դրամ, 500 կամ 700 եվրո: Հետագայում այդ գումարը հայտնաբերել են գնդի տարածքից. «Հրաձգարանում, մեծ չհրկիզվող պահարանում հայտնաբերվել է գումարը, մեծ կապույտ պայուսակում եւ նոթատետր`տարբեր գրառումներով`այսինչ մարդուն այսքան գումար, այնինչին այնքան եւ այլն: Դրանից ես տեղյակ չեմ»:

Մինչդեռ նախաքննական ցուցմունքում Գեղամ Խաչատրյանն ասել էր, որ հրաձգարանի չհրկիզվող պահարանում մեկ միլիոն դրամ է հայտնաբերվել եւ դա իր գումարը չէ: Այսօրվա նիստի ժամանակ ավելի ուշ Գեղամ Խաչատրյանն այս մասով պնդեց նախաքննական ցուցմունքը: Սա եւ այն հայտարարությունը, որ ինքը տեսել է ՊՊԾ գնդից դուրս եկող Գագիկ Մկրտչյանին`արյունաքամ լինելով, առաջացրեց մեղադրյալների եւ նրանց պաշտպանների դժգոհությունը: Հետո երկար ու տարբեր հարցապնդումներով նրանք փորձում էին հասկանալ, թե Գագիկ Մկրտչյանը մարմնի ո՞ր մասից էր արնահոսում, կամ գուցե պարզապես արյունոտված էր, ինչո՞ւ Գեղամ Խաչատրյանը չի մոտեցել իր վիրավոր ընկերոջը եւ այլն: Բոլոր հարցերին ի պատասխան, տուժողը հիմնականում ասում էր, որ չի հիշում: Դա զայրացրեց մեղադրյալներին եւ պաշտպաններին: «Հնարավո՞ր էր չեք տեսել նրան արյունահոսելով, ասել են, ասում եք»,- հարցին տուժողն այսպես պատասխանեց. «Ինձ ոչ ոք չի կարող ասել»:

Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն էլ հետաքրքրվեց` «Ի՞նչ պատճառով լքեցիք ծառայությունը»: Դատավորի հստակեցնող հարցին`այսինքն, ազատվել աշխատանքից, պաշտպանը պատասխանեց. «Դե մենք չգիտենք, թե ի՞նչ պատճառով է, գուցե լքել է»: Հարցը հանվեց: Դատավորը պարզաբանեց` կապ չունի մեղադրանքի հետ:

Ի դեպ, Գեղամ Խաչատրյանը ոստիկանությունից անցած տարվա դեկտեմբերին է դուրս եկել: Ավելի ուշ Զարուհի Փոստանջյանը հարցրեց. «Կարո՞ղ է աշխատանքից ազատվելու հիմքը եղել է այն, որ ՊՊԾ գնդի գրավման օրը ալկոհոլ եք օգտագործած եղել, ինչ-որ միջոցառման եք մասնակցել»: «Ոչ, դա չի եղել»,- պատասխանեց տուժողը:

Այն, որ Գեղամ Խաչատրյանը հարցերին հիմնականում պատասխանում էր, որ չի հիշում, մեղադրյալ Արմեն Բիլյանին (լուսանկարում) բարկացրեց: «Գեղամ Խաչատրյան, իսկ հիշո՞ւմ եք, թե ՀՀ քաղաքացիներին ինչպե՞ս էիք լավ ծեծի ենթարկում»,- հարցրեց նա: «Իսկ դուք հիշում եք, որ ձեր բոլորի ճակատին կարմիր արյունով գրված էր Արթուր, Գագիկ, մեկ էլ Յուրիկ»,- հակընդդեմ հարցով պատասխանեց տուժողը:

«Շատ մեծ հարց ա, թե ո՞ւմ ճակատին ա գրած»,- պատասխանեց Արմեն Բիլյանը:

Դատավորը սաստեց նրանց: Հետագայում նաեւ Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը շարունակեց թեման`հարցնելով տուժողին`ո՞վ էր արյունով գրել: Դատավորը սաստեց նրան ևս`ասելով, որ հասկանում է, թե ուր է հարցը տանում եւ հորդորեց նիստում լարվածություն չստեղծել: Զարուհի Փոստանջյանը պնդեց հարցը, ինչի համար էլ նկատողություն ստացավ`դատավորի պահանջը չկատարելու համար:

«Տեղեկություն ունե՞նք`ուր են անհետացել ձեր գումարները, հափշտակվե՞լ են, չեն հափշտակվել, պահանջ ունեք այդ գումարների հետ կապված»,- Գեղամ Խաչատրյանին հարցրեց դատավորը: Վերջինս պատասխանեց, որ գումարների անհետացման մասով տեղեկություն չունի, բայց պահանջ էլ չունի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031