Լրահոս
Օրվա լրահոսը

«100-150 ՊՊԾ տղաներ ներս եկան, դա տղամարդավարի չէ, ՔՊ-ն պետք է լուրջ հետեւություններ անի»․ ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են ԱԺ նիստը

Օգոստոս 19,2026 16:13 Share

Ազգային ժողովում տեղի ունեցած վիճաբանությունից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ոչ միայն լքեցին ԱԺ նիստերի դահլիճը, այլ նաեւ՝ ԱԺ շենքը։ Ասացին, որ այսօր այլեւս չեն մասնակցի նիստին։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․ «ԱԺ կանոնակարգ օրենքին հակասող բաներ են անում, նիստը նախագահողներն ամեն անգամ յուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավորի ելույթից հետո շատ երկար ելույթ են ունենում։ Այսօր տեղի  ունեցավ աննախադեպ բան՝ անգամ Աննա Գրիգորյանի ելույթն ընդհատեց ԱԺ փոխնախագահը ու սկսեց խոսել։ ՔՊ-ն պետք է լուրջ հետեւություններ անի եւ իրեն պահի ըստ ԱԺ Կանոնակարգի։ Տեսաք՝ 100-150 ՊՊԾ տղաներ ներս եկան, ես չեմ ուզում որակումներ տալ, բայց ամեն դեպքում տղամարդավարի չէ»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ առաջին օրվանից, ինչ Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Ալեքսանյանը եւ Հայկ Կոնջորյանը նախագահում են ԱԺ նիստերը, իրականացնում են իրավունքի չարաշահում։

«Նախագահողն իրավունքն ունի ե՛ւ մեկնաբանի, ե՛ւ արտահերթ հարց տա, ե՛ւ արտահերթ ելույթի իրավունք ունի, բայց իրենց խնդիրը նիստի բնականոն ընթացքն ապահովելն է։ Այսինքն՝ լրացուցիչ մեկնաբանություն պետք է անի, եթե դրա կարիքը կա նիստի բնականոն ընթացքի տեսանկյունից, այլ ոչ թե իր կարծիքը մեզ բոլորիս մեկ անգամ ավել ասելու հնարավորության համար։ Իրենք իրականացնում են իրավունքի չարաշահում»,- հավելեց Ղազարյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորները եւս այս միջադեպից հետո լքեցին նիստերի դահլիճը եւ չեն մասնակցում նիստին։

«Այս մարդիկ ընտրվելուց ասում էին, որ երբ բարձրանում են վերեւ, պետք է հավասարությունը պահեն, խտրական չլինեն, բայց ամեն խոսացողից հետո իրենց թվում է, որ վերեւից պետք է քոմենթներ անեն։ Սա սխալ է, հակասում է ԱԺ կանոնակարգին, սրա իրավունքն իրենք չունեն։ Եվ երբ ի նշան բողոքի խոսում ենք, մի հատ էլ դրա համար նկատողություն ենք ստանում։ Մենք մեր գործողություններով պետք է ցույց տանք, որ չենք հանդուրժելու իրենց նման պահվածքը»,- լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն էլ լրագրողներին ասաց, որ ՔՊ-ական փոխխոսնակները դարձել են քաղաքական մեկնաբան՝ ամեն ելույթից հետո ինչ-որ մեկնաբանություններ են անում, որի լիազորությունները ԱԺ Կանոնակարգ օրենքով չունեն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել