Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե արդեն քննարկվում է բուն հարցի լուծումը՝ վերջնական տարբերակը, մեզ համար լավ չէ. Արա Պապյանը՝ Ալիև-Փաշինյան հանդիպան մասին

Մարտ 30,2019 14:37

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանի փաստմամբ` Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև՝ մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը թեև չորրորդն էր, բայց առաջինն էր որպես նպատակային, և կարելի է գնահատել բանակցություն: Ըստ նրա՝ այն առաջինն էր, որ եռանախագահների միջնորդությամբ, մասամբ նրանց մասնակցությամբ էր տեղի ունենում:

«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Արա Պապյանը մանրամասնեց. «Հանդիպումը տևեց երեք ժամից ավելի, որի զգալի մասը առանձնազրույց էր Ալիևի և Փաշինյանի միջև: Կարևոր է, որ առանձնազրույցի ժամանակ կողմերն իրենց տեսակետներն են ասել և փորձել հստակեցումներ անել: Չգիտենք ու չենք էլ իմանա հանդիպման մանրամասները, բայց կարելի է ենթադրել, որ խոսակցությունը եղել է Մադրիդյան սկզբունքների հունի մեջ: Առ այսօր այդ սկզբունքներն են դրված որպես բանակցային հիմք»:

Դառնալով հանդիպումից հետո եռանախագահների և ՀՀ-Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությանը, մասնավորապես այն կարծիքին, որ հանդիպումը դրական և կառուցողական էր, Արա Պապյանը նկատեց՝ մեզ համար մի քիչ դժվար է որոշել՝ ինչն է դրական և կառոցողական, և հարաբերական է դրա ընկալումը, բայց ցանկացած հանդիպում ավելի լավ է անգամ ոչ արդյունավետ լինելու դեպքում,  քան չհանդիպելը. «Եթե չես հանդիպում, կասկածները շատ ավելի են կուտակվում և բախման հավանականությունը մեծանում է»:

Արա Պապյանը, մեկնաբանելով այն հայտարարությունները, թե գուցե և ընթանան որոշ գործողություններ դաշտում, կարծիք հայտնեց, որ այստեղ հումանիտար գործողությունների մասին է խոսվում և ասաց. «Կարելի է ենթադրել՝ սա պատանդների փոխանակման մասին է խոսքը: Կարևոր է, թե կողմերը պատանդ ասելով՝ ինչ են հասկանում: Այո, երկուստեսք կան մոլորված քաղաքացիներ, բայց հստակ դիվեսանտներ էլ կան, որոնք մարդ են սպանել և այսօր դատապարտված են: Ընկալել նրանց՝ որպես պարզ պատանդ, տեղին չէ»:

Դառնալով Նիկոլ Փաշինյանի հռչակած Արցախին՝ որպես բանակցային երրորդ կողմ ընդգրկելու մասին ձևաչափին, Արա Պապյանը նշեց. «Ակնհայտ է, որ Ադրբեջանը դրան դեմ է, նաև ակնհայտ է, որ առանց նրա համաձայնության այն ձևաչափով, որ մենք ուզում ենք, չի լինի: Ադրբեջանը լավագույն դեպքում կարող է համաձայնել Արցախի ներկայացվածությանը, որ նա լինի հայկական և ադրբեջանական մասով, իսկ մենք դա չենք չուզում: Մենք ուզում ենք, որ Արցախը լինի իրավահավասար կողմ, ինչպես մյուս երկուսը»:

Արա Պապյանը մեծ ակնկալիքներ չունի այս հանդիպումներից, քանի որ իր համար Ալիևի հայտարարությունները՝ էրիվանը գրավելու մասին ավելի անկեղծ են թվում, քան նրա հայտարարությունները խաղաղ ճանապարհով հարցը լուծելու մասին. «Ես լավատես չեմ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Կարծում եմ, եթե մինչև իսկ այդ սկզբունքները մեկնաբանվեն մեր ուզած տարբերակով, միևնույն է, դրա արդյունքն այն է լինելու, որ Արցախը կորցնելու ենք, հետևաբար ինչքան այդ սկզբունքներից շուտ ազատվենք և այլ սկզբունքներ լինեն, ավելի ճիշտ կլինի»:

Հարցին՝ Փաշինյանի մոտեցումը՝ Արցախը որպես բանակցությունների լիիրավ կողմ ներգրավելու մասին արդյունավե՞տ է, նկատո՞ւմ եք դիրքորոշման կոշտացում, Արա Պապյանը պատասխանեց. «Արցախի մասնակցության մասին նախկին իշխանություններն էլ են խոսել: Նիկոլ Փաշինյանն ավելի հստակ և հաստատակամ է ասում: Բայց հարցն այն է, որ դա ձևաչափի փոփոխություն է, և դրա մասին խոսեցին եռանախագահներն իրենց հայտարարության մեջ: Դա չի կարող տեղի ունենալ առանց Բաքվի համաձայնության, իսկ դա չի լինի: Որպես տակտիկական քայլ, ընդունելի է, բայց որպես արդյունք հասնելու, չեմ հավատում, որ երբևէ Ադրբեջանը կհամաձայնի Արցախի՝ որպես հավասարազոր կողմ, բանակցությունների մասնակցությանը: Որպես հայկական պատվիրակության մաս, համայնքի ներկայացուցիչ գուցե կհամաձայնի, բայց դա էլ մեզ ձեռնտու չէ: Ես իհարկե, դեմ եմ Արցախի անկախության և պետականության գաղափարին, բայց, միևնույն է, չեմ ուզում, որ այդ գաղափարն իջեցվի և հասցվի համայնքի մակարդակի»:

Դառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե բանակցությունների համար նոր փուլ է սկսվել և հարցին ի՞նչ ենք մենք ակնկալում այդ նոր փուլից, Արա Պապյանը պատասխանեց. «Ալիևը նաև մի կարևոր բան էլ է ասել, որ բանակցությունները սկսեցին ընթանալ ըստ էության: Եթե դա հասկանում ենք, որ արդեն քննարկվում է բուն հարցի լուծումը՝ վերջնական տարբերակը, մեզ համար լավ չէ: Մենք մշտապես սկզբից փորձել ենք հստակեցնել մանրամասները: Օրինակ՝ եթե գնում ես մի բան առնելու, ուզելը կա, դիմացինն էլ ուզում է՝ ծախել: Ամենակարևորն այն է, որ դուք գնի շուրջ համաձայնության գաք: Այդ արդյունքն է կարևորը, ոչ թե գործողությունը: Ուստի մինչև մանրամասները չհստակեցվեն, մենք չենք իմանա գինը, թե ինչ ենք տալու»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031