Լրահոս
Օրվա լրահոսը

Վիեննայում կայացել են Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի բանակցությունները

Մարտ 29,2019 22:06

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:

Հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող քննարկումները շարունակել են առանձնազրույցի ընթացքում: Հանդիպման ավարտին մոտ համանախագահները և ԱԳ նախարարները կրկին միացել են երկու երկրների առաջնորդներին:

Կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վկայակոչել են Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, կարևորել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումն ու ուղիղ հաղորդակցության մեխանիզմների բարելավումը: Զրուցակիցներն ընդգծել են բանակցային գործընթացի համար բարենպաստ Հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով նպաստավոր մթնոլորտ ձևավորելու և այդ ուղղությամբ շոշափելի քայլերի իրականացման կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ:

Կողմերը հանձնարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, համաձայնելով շարունակել երկխոսությունը:

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031