Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեք տուն

Ապրիլ 14,2019 12:00

Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագիրը, փաստորեն, բերնից բերան անցավ, շատ հոլովվեց, հումորի ու երգիծանքի նյութ դարձավ, բայց կարծես թե ցանկալի արդյունք չտվեց: Իհարկե, եթե Սիրիայից մեր փախստական հայրենակիցների հայրենադարձությունը չխցկենք «Արի տուն» ծրագրի մեջ:

Մի պահ հույս ծագեց, որ «թավշյա» հեղափոխության շորշոփները կնպաստեն, որպեսզի հատկապես երիտասարդությունը վերադառնա հայրենիք: Իհարկե, հետհեղափոխական ոգևորությունը դեռևս ընթացքի մեջ է և չի ավարտվել, և որ հեղափոխական ու հետհեղափոխական ոգևորությունը հայրենադարձությանը նպաստող գործոն է, ես չէ, որ պետք է ասեմ, և ես չէ, որ պետք է ասեմ, որ մեր հայրենակիցներից շատերը սոցիալական և արդարադատության խնդիրների պատճառով են լքել հայրենիքը և հեռացել հայրենիքից, և եթե Հայաստանում ժողովրդի սոցիալական վիճակը գոնե փոքր-ինչ բարելավվի, և արդարություն ու արդարադատություն հաստատվի, հայրենիքից հեռացած շատերը հաստատ կվերադառնան հայրենիք:

Վերադարձողներ արդեն կան: Ընդ որում՝ ոչ քիչ:
Չնայած բոլորս էլ հասկանում ենք, որ ժողովրդի համար սոցիալական խնդիրը չափազանց կարևոր է, այդուհանդերձ, բոլորս նաև հասկանում ենք, որ, սոցիալականից բացի, կարևորագույն այլ խնդիրներ էլ կան: Նաև բոլորս հասկանում ենք, որ կարևորը ոչ թե հայրենիքում բնակվելն է, այլ՝ հայրենիքին օգտակար լինելը: Շառլ Ազնավուրը երբեք Հայաստանում չի ապրել, բայց բոլոր ժամանակների նվիրյալ ու լավագույն հայերից մեկն է: Հենրիկ Մխիթարյանն էլ այսօր Հայաստանում չի ապրում, բայց հանուն Հայաստանի անում է այն ամենը՝ ինչի ընդունակ է:

Կարճ ասած՝ կարևորը ոչ թե Հայաստանում ապրելն է, այլ՝ նվիրյալ ու որակյալ հայ լինելը. այնպիսի հայ, ում հայ լինելը պատիվ է ոչ միայն հայերիս, այլև՝ ողջ մարդկությանը: Բարեբախտաբար, այդպիսի հայրենակիցներ ունեցել ենք և ունենք, ընդ որում՝ բավական շատ ու միշտ, և գրեթե բոլոր բնագավառներում՝ ֆուտբոլ, շախմատ, երաժշտություն, գեղանկարչություն և այլն, և բոլոր բնագավառներում էլ՝ ֆուտբոլ, շախմատ և այլն, մերոնք բարձրացրել և շարունակում են բարձրացնել տվյալ բնագավառի համաշխարհային նշաձողը, և ինչպես Ազնավուրը, Մխիթարյանը, Արոնյանը, Ջիգարխանյանն ու մեր մյուս նվիրյալները, ուրիշ մեծանուն հայ նվիրյալներ էլ՝ ապրելով ու արարելով Հայաստանից դուրս, վեհացնում ու պանծացնում են հայի անունն ու պատիվը:

Այնպես որ՝ դժվար է ասել՝ հայը Հայաստանում մնալո՞վ է իր հայրենիքին ավելի շատ օգուտ տալիս, թե՞ Հայաստանից դուրս ապրելով ու արարելով: Նայած թե՝ ում մասին է խոսքը:
Եթե հայերս իրոք թեկուզ ամենահամեստ չափերով համաշխարհային ազգ ենք, ուրեմն չարժե, որ կառչած մնանք մեր բնակության վայրից և պարփակվենք մեր երևակայության սահմաններում, և քանի որ մենք մշտապես հաջողություններ ենք գրանցել գրեթե բոլոր բնագավառներում և գրեթե բոլոր երկրներում, չարժե, որ սարսափենք արտագաղթից, և արժե ու ժամանակն է, որ հայերիս արտագաղթը ոչ թե որակվի որպես հայրենալքություն, այլ՝ հայոց գիտական ու մշակութային արժեքների արտահանում, որովհետև թե՛ արվեստի, թե՛ սպորտի, և թե՛ գիտության բնագավառներում հայորդիների ստեղծած արժեքները միանգամայն համապատասխանում են համաշխարհային արժեքներին, և ժամանակն է, որ հայերս ոչ թե սարսափով խոսենք արտագաղթ երևույթի մասին, այլ մեր արտագաղթը որակենք՝ որպես հայոց մնայուն արժեքների արտահանում. արժեքներ, որոնցով բազում արվեստասերներ են հիացել և առանց որոնց դժվար էր պատկերացնել այսօրվա համաշխարհային մշակույթը: Տարբեր բնագավառներում:

Բայց, իհարկե, էս ասածներս չեն նշանակում, որ մենք Հրանուշ Հակոբյանի մեջ գցած «Արի տուն» կարգախոսը պետք է փոխարինենք «Գնա տնից» կարգախոսով: Ինչքան էլ մեր ստեղծագործողները դրսերում նվաճումներ ու հաջողություններ գրանցեն, ցանկալի է, որ մերոնց ստեղծագործություններն ու ստեղծագործական նվաճումները սաղմնավորվեն ու սկիզբ առնեն հայրենի հողում, որովհետև եթե Ազնավուրը, Սարոյանը, Արշիլ Գորկին ու օտար երկրներում ծլարձակած մեր մյուս երևելիներն օտարության մեջ այդքան մեծ ու երևելի արդյունքների են հասել, տրամաբանական ու բնական է, որ իրենց հայրենի հողի վրա ավելի երևելի արդյունքների կհասնեն:
Կարճ ասած՝ եկեք տուն:

Ապրենք ու արարենք ոչ միայն ուրիշների, այլև միմյանց համար:

 

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930