Լրահոս
Օրվա լրահոսը

Սևերի և սպիտակների պատերազմը

Ապրիլ 28,2019 12:00

Երբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ելույթ ունեցավ և մեր հասարակությունը բաժանեց երկու մասի՝ սևերի ու սպիտակների՝ հակադրելով իրար և իրար թշնամի հայտարարելով, շատերը հարձակվեցին մայրաքաղաքապետի վրա՝ մեղադրելով նրան, որ արհեստականորեն մեր հասարակությունը բաժանում է երկու հակադիր մասերի՝ խորացնելով այդ երկու մասերի թշնամանքն ու ատելությունը միմյանց հանդեպ:

Մեղադրողները չէին հասկանում կամ չէին ուզում հասկանալ, որ անկախ քաղաքապետի ցանկությունից՝ մեր հասարակության մեջ այսօր իսկապես սևեր ու սպիտակներ գոյություն ունեն, և եթե նույնիսկ Հայկ Մարությանը շատ ցանկանա, չի կարող վերացնել դրանց գոյությունը:

Այլ հարց է, որ իսկապես դրանց գոյությունն այսօր մեզ առանձնապես հարկավոր չէ, և մենք մեզնից կախված ամեն ինչ պիտի անենք, որպեսզի սևի ու սպիտակի չբաժանվենք, չնայած դա ոչ միայն Հայկ Մարությանից, այլև մեզնից ու մեր ցանկությունից էլ կախված չէ, և նրանք, ովքեր գտնում են, որ մեզ սևերի ու սպիտակների բաժանելը սխալ է, առաջին հերթին իրենք պիտի փորձեն ընդգծված սև ու ընդգծված սպիտակ չլինել, և եթե անձամբ իրենք ընդգծված սև կամ ընդգծված սպիտակ չլինեն, սևերի ու սպիտակների խնդիրը մեզանում այլևս գոյություն չի ունենա, և քանի որ այս պահին արդեն Հայաստանում հեղափոխական իրավիճակ այլևս գոյություն չունի, բնականաբար սևերի ու սպիտակների խնդիր էլ պիտի որ գոյություն չունենա, բայց քանի որ մեզանում դեռևս սևերի ու սպիտակների թեմայով խոսակցություններ են գնում, կնշանակի՝ մեզանում դեռևս հեղափոխական իրավիճակ, այնուամենայնիվ, գոյություն ունի, և հեղափոխական իրավիճակ գոյություն ունի՝ ի հաշիվ և «շնորհիվ» պաշտոնների բաժանման ու վերաբաժանման, և երբ քաղաքապետ Հայկ Մարությանը շոշափեց սևերի ու սպիտակների թեման, հակահեղափոխականներն ու քաղաքապետին չսիրողները բոլոր կողմերից հարձակվեցին վրան, առանց մտածելու ու առանց հասկանալու, որ անձամբ իրենց գոյությունն ու անձամբ իրենց ներկայությունն է պատճառ, որ բացվի ու շոշափվի սևերի ու սպիտակների թեման, և եթե քաղաքապետն ու բոլորս պայմանավորվենք չբացել ու չշոշափել սևերի ու սպիտակների էդ թեման, դա չի նշանակի, որ մեզանում կդադարեն գոյություն ունենալ սևեր ու սպիտակներ. ընդհակառակը. ինչքան մարդիկ միմյանց հանդեպ ատելության ու թշնամանքի մասին խոսեն ու արտահայտվեն, էնքան էդ ատելությունն ու թշնամանքը կպակասեն և ոչ թե կավելանան, և միգուցե մի գեղեցիկ օր փոխադարձ էդ թշնամանքն ընդհանրապես վերանա, որովհետև մի գեղեցիկ օր բոլորս պիտի հասկանանք, որ մի ազգ ու մի պետություն ենք և եթե միասին ու միասնական չլինենք, մեր նպատակներին դժվար թե հասնենք, և չնայած գրեթե բոլոր սևերն են քաղաքապետ Հայկ Մարությանի մասին ակնհայտ հեգնանքով ու բացասաբար արտահայտվում, պիտի ընդունենք, որ Կարգին Հայկոն կարգին քաղաքապետ է և հեղափոխության լավագույն կադրերից:

Ավելին. արդեն կարելի է հանգիստ խղճով ասել, որ Հայկ Մարությանը Երևանի այն քաղաքապետերից է, ովքեր սրտացավորեն են վերաբերվել երևանցիներին հուզող խնդիրներին:
Այլ հարց է, որ հակահեղափոխականներն ու սևերը չեն ուզում ընդունել դա և նույնիսկ քաղաքապետի լավ նախաձեռնությունների մասին են հեգնանքով արտահայտվում:

Քաղաքապետը բոլորիս համար որակյալ ու շքեղ տոնածառ է դնում, հեգնում ու ասում են՝ շատ թանկանոց է, չարժեր էդքան ծախսել: Օպերայի շրջակայքը փորձում է մաքրել ավելորդություններից, հեգնում ու քննադատում են, ասում են՝ օպերայի շրջակայքի էդ սրճարանները զբոսաշրջիկների համար անհրաժեշտություն են, և եթե դրանք չլինեն, զբոսաշրջիկները կպակասեն: Մի խոսքով՝ տեղին ու անտեղի, հիմնականում անտեղի, քաղաքապետի դեմ ու ի վնաս քաղաքապետի են խոսում, հետո էլ բողոքում ու դժգոհում են, որ քաղաքապետը մեզ բաժանում է սևերի ու սպիտակների:

Փաստորեն, ոչ թե քաղաքապետն է մեզ սևերի ու սպիտակների բաժանում, այլ՝ մենք ինքներս: Քաղաքապետը պարզապես ներկայացրել է գոյություն ունեցող իրավիճակը, և եթե ինքն ընդամենը խոսքով է մեզ սևերի ու սպիտակների բաժանում, մենք էդ նույնն անում ենք գործով: Իսկ որ իսկապես չարժե, որ մենք սևերի ու սպիտակների բաժանվենք, դա արդեն կասկածից վեր է: Որ հեղափոխության ընթացքում սևերի ու սպիտակների գոյությունն ու պայքարը բնական էր, դա հասկանալի է:

Բայց վաղուց ժամանակն է, որ դրանք վերանան, որովհետև դրանց շարունակականությունը ոչ մի լավ բան չի խոստանում մեր պետությանն ու մեր ժողովրդին: Որովհետև մենք ունենք արտաքին հակառակորդ՝ Ադրբեջանն ու ադրբեջանցիները, որոնց համեմատ իսկապես սպիտակ ենք և որոնց հետ իսկապես լրջագույն խնդիրներ ու տարաձայնություններ ունենք:

 

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Հարգելի խմբագիր, սա առավելագույնը կարող էր լինել նամակ՝ընթերցողից։ Նկատի չունեմ լրագրողի դիրքորոշումը. ձեր հավասարակշռված լրատվությունը մեր բևեռացված հասարակությունում շատ գնահատում եմ։ Ասածս վերաբերում է որպես «վերլուծություն» մատուցվող նյութում լրագրողական պատշաճ մակարդակը պահելուն։

  2. Gagik says:

    Տոնածառ, սրճարան մանր հարցեր են։
    Խոստացվելա վերելակները փոխել, տրանսպորտի հարցը, մետրո, աղբահանության հարց։
    Նման խոստումների կատարել չկատարելը պիտի ցույց տա կարգին քաղաքապետա թե ոչ։
    Իսկ սև սպիտակ բաժանելը ինքնա արել ու շարունակումա դրանով նպաստումա որ սևերը իրան ոչնչով չաջակցեն, մի բանել այսպես ասած սաբոտաժ անեն։
    Էտելա նորմալ ժամանակին ինքներ սաբոտաժ անում, չենք վճարելու 150դրամ ակցիայի ակտիվ մասնակիցներից էր։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930