Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապահովագրությունն այս տարի էլ ուշացրին (Տեսանյութ)

Մայիս 28,2019 19:01

Գյուղատնտեսական ապահովագրությունն այս տարի էլ չներդրվեց` չնայած կառավարության պատասխանատուների խոստումներին: Այսինքն՝ գյուղացու համար չափազանց կարեւոր այս գործիքի կիրառումը մեկ տարով էլ հետաձգվեց: Դեռեւս նախորդ տարի գյուղատնտեսության նախկին նախարար Գեղամ Գեւորգյանը եւ կառավարության այլ պաշտոնյաներ, վստահեցնում էին, որ 2019-ի փետրվար-մարտ ամիսներին հանրապետության 6 մարզերում պիլոտային ծրագիրը կգործարկեն, ապա՝ համակարգն աստիճանական կներդրվի: Բայց վաղ գարունն էլ անցավ, շուտով ամառ կգա, գյուղապահովագրությունը չկա ու չկա: Նախկին գյուղնախարարը նաեւ հայտարարել էր, որ պիլոտային ծրագիրն իրագործվելու է Կենտրոնական բանկի ենթակայությամբ գործող ապահովագրական բյուրոյի միջոցով:

Aravot.am-ի հարցին՝ պետք է վաղ գարնանը սկսեին պիլոտային ծրագիրը, արդեն ուշացած չէ՞, ծրագրի արդյունավետությունը ինչպե՞ս են գնահատելու, Հայաստանի Գյուղատնտեսական դաշինքի, գյուղատնտեսության ապահովագրության գծով փորձագետ, Արտակ Մարտիրոսյանն ի պատասխան ասաց.«Մենք կբախվենք հերթական պատասխանի հետ, որ գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը կներդրվի հաջորդ տարի՝ 2020-ին: Այդ ժամանակագրությունն անընդհատ գալիս է՝ 2014, 2015, 2016 թվական: KFW-Կենտրոնական բանկ-գյուղնախարարություն այդ ծրագիրը ամեն տարի տեղափոխում ենք հաջորդ տարի եւ, այստեղ, լուրջ խնդիր ունենք արդյունավետության ազդեցության գնահատման հետ: Լավ, այդ հինգ տարի խոսում, խոսում ենք, բայց չենք ներդնում այդ պրոդուկտը՝ պիլոտային ծրագիրը, մենք էլ՝ Գյուղատնտեսական դաշինքը, անընդհատ այդ երեք խնդրի մասին ենք խոսում՝ չկա վնասների պատմություն, չկա վնասների գնահատման մեթոդոլոգիա, չկա վնասների չափի ու պատճառի գնահատման փորձագետների ինստիտուտը: Այս ընթացքում, գոնե, այս խնդիրներին պետք է լուծում տային»:

Ըստ փորձագետի, եթե վնասների պատմությունը հավաքեինք 2014 թ.-ից, 2019-ին արդեն կունենայինք 4-5 տարվա վնասների պատմություն, դրա հետ մեկտեղ՝ շտկված ենթակառուցվածքներ:

Այս ամենի բացակայության պայմաններում, պարոն Մարտիրոսյանի խոսքով, չի աճում նաեւ ապահովագրական ընկերությունների կամքը՝ գյուղապահովագրության ոլորտ մտնելու. «Ունենք մոդել, որը ԿԲ-ի կողմից ներկայացվել է ապահովագրական ընկերություններին, եւ չունենք այն ոգեւորված արձագանքը մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից»:

Ըստ փորձագետի, Գյուղատնտեսական դաշինքով ապահովագրական ընկերություններին չգոհացրած այդ մոդելի վերլուծությունն են արել եւ այդ ֆոնին առաջարկել՝ պետական ապահովագրության միջոցով համակարգը ներդնել, որպեսզի այդ խնդիրները լուծվի եւ 2-3 տարի հետո մոդելը փոխանցվի մասնավոր հատվածին եւ գնա մրցակցության դաշտ:

Արտակ Մարտիրոսյանի խոսքի մանրամասները՝ տեսանյութում

Փորձագետը պնդում է, որ Դաշինքի մոդելը գումարների էական խնայողություն է նախատեսում,ինչը համընկնում է կառավարության ներկայիս որդեգրած քաղաքականությանը: Եթե ապահովագրության ծրագրով նախատեսված է հինգ տարում հավաքագրել 6 միլիարդից մի փոքր ավել ապահովագրավճար, ապա առաջարկվող մոդելի դեպքում տվյալ դեպքում՝ խոսքը առնվազն 20 %-ի՝ 1 միլիարդ 200 միլիոն դրամ խնայողության մասին է:
«Այս մոդելն ուղարկել ենք ազգային ժողով, ուղարկել էինք գյուղատնտեսության նախկին նախարար Գեղամ Գեւորգյանին, ուղարկել ենք գյուղոլորտը կանոնակարգող պարոն Քամալյանին եւ սպասում ենք արձագանքի»,-ասաց պարոն Մարտիրոսյանը:

Ի դեպ, նախկին գյուղնախարար Գեղան Գեւորգյանը Դաշինքի ուղարկած մոդելին նույնիսկ չի էլ արձագանքել: Իսկ ԱԺ-ից էլ, դեռեւս ամիսներ առաջ խոստացել են կազմակերպել հանրային լսումներ՝  պիլոտային ապահովագրության թեմայի վերաբերյալ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031