Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի ներկայացրած նախագիծը` ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, պետք է հանել շրջանառությունից, քանի որ այն միակողմանի է: Պատգամավորն առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը եւ դրա համար պատժել՝ տուգանքով կամ կալանքով:
Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ` այս փոփոխությամբ, փաստորեն, պատգամավորն ուղղակի ցանկանում է ավելի պաշտպանված դարձնել ոստիկանությունը. «Եվ առհասարակ, հաշվի չեն առնվում այնպիսի լուրջ հանգամանքներ, որ նախագիծը կարող է վնասել խոսքի ազատությանը եւ ավելի վատթարացնել իրավիճակը` վիրավորանքի եւ զրպարտության առումով: Երկար տարիներ պահանջվեց, որպեսզի վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացվեն, եւ բոլոր միջազգային ատյաններում դա գնահատվեց ու շարունակվում է գնահատվել որպես դրական քայլ Հայաստանի կողմից: Այսօր վիրավորանքը կրկին փորձել քրեականացնելը ուղղակի անիմաստ զբաղմունք է»:
Արմեն Խաչատրյանը հիմնավորումներում նշել է, որ ԱՊՀ մի շարք պետություններում ոստիկանության ծառայողի (իշխանության ներկայացուցչի) պարտականությունների կատարմանը խոչընդոտելու (դիմադրելու) համար նախատեսված է քրեական պատասխանատվություն (օրինակ` Բելառուս, Ուկրաինա), եւ որպես պատիժ, բացի տուգանքից, նախատեսված է կալանքը կամ ազատազրկումը, իսկ, օրինակ, ՌԴ-ում ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն: Ինչ վերաբերում է եվրոպական եւ այլ երկրներին (օրինակ` ԱՄՆ, Կանադա), ապա դրանց մեծ մասում չի տարանջատվում վարչական եւ քրեական պատասխանատվությունը, սակայն վերլուծելով քննարկվող իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության միջոցները (բարձր տուգանքներ, ազատազրկում), պարզ է դառնում, որ դրանք որակվում են, որպես բավականին մեծ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումներ:
Աշոտ Մելիքյանն ասում է, որ Բելառուսի օրինակը ուղղակի ծիծաղ է առաջացնում եւ բացատրում է. «Հայաստանը շատ ավելի բարձր մակարդակի ժողովրդավարության է հասել: Արեւելյան գործընկերության երկրների շարքում Բելառուսը, Ադրբեջանը եւ այլն, համարվում են ժողովրդավարության առումով հետնապահներ: Այսինքն, վերջին տեղերում են գտնվում: Եվ այդ երկրի օրինակը բերել Հայաստանի համար` միանգամայն անտեղի է»:
Կարդացեք նաև
Բացի այդ, մեր զրուցակիցը հիշեցնում է, որ վիրավորանքի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կա 1087. 1 հոդվածը, որի պահանջները շատ ավելի խիստ են, քան նախատեսում է պատգամավորն իր առաջարկում: Մասնավորաբար այդ հոդվածով վիրավորանքի համար առաջարկվում է մեկ միլիոն դրամի չափով տուգանք, մինչդեռ պատգամավորը հարյուրապատիկից-երեքհարյուրապատիկ է առաջարկում:
«Ես ավելի քան համոզված եմ, որ այս օրինագիծն իր մեջ ավելի շատ վնաս է պարունակելու, քան օգուտ: Վիրավորանքի հարցը, այդ թվում նաեւ պետական պաշտոնյայի կամ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, արդեն իսկ կարգավորված է գործող օրենսդրությամբ. պարզապես պետք է կիրառել օրենքը` դատական հայց ներկայացնել, կամ այլ մեխանիզմներ կիրառել: Պատգամավորը երբ ոստիկանության տեսանկյունից է միայն նայում հարցին, բաց է թողնում այնպիսի կարեւոր հանգամանք, որ ընդունելու պարագայում, այս օրինագիծը կարող է այնպիսի վնասներ հասցնել, որ ասենք, ցանկացած քննադատություն իշխանության ներկայացուցչի հասցեին կարող է ընկալվել որպես վիրավորանք, եւ քրեական պատասխանատվության ենթարկելու փորձ կիրառվի: Ինձ համար ակնհայտ է, որ այս օրինագիծը որեւէ լավ բան չի պարունակում եւ պետք է շրջանառությունից հանել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախաձեռնության հեղինակը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նախագիծը ժամանակավորապես հանում է շրջանառությունից, քանի որ իր համար հանրային արձագանքը շատ կարեւոր է։ Արմեն Խաչատրյանը հավաստիացրել է, որ նախագծի վերաբերյալ կրկին քննարկումներ կանեն, կլրացնեն բացերը, կփորձեն ավելի մատչելի բացատրել եւ ըստ այդմ կորոշեն դրա հետագա ընթացքը։