Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ձկնիկը գնում է արձակուրդ, տեղը կոկորդիլոսին հերթապահ է նշանակում». Բաբկեն Թունյանի անեկդոտը՝ ֆինանսների փոխնախարարի համար

Հունիս 14,2019 17:02

«Իմ քայլի» պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանը համահեղինակությամբ նախագիծ են ներկայացրել ԱԺ-ի քննարկմանը՝ առաջարկելով «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարել ու պարտատոմսերի շուկայում աշխուժություն մտցնել: Դրա համար առաջարկում են, որ միջնորդավճարները ԱԱՀ-ից ազատել եւ պարտատոմսերի տոկոսավճարները եկամտահարկից ազատել, որ մեր արժեթղթերը գրավիչ լինեն՝ այլ երկրների հետ համեմատ:

Արտակ Մանուկյանը նշեց, որ այդ ծառայությունները Ուկրաինայում, Մոլդովայում, ՌԴ-ում, Ղազախստանում հարկերից ազատված են, իսկ մենք ծառայությունն ենք թանկացնում՝ հարկեր կիրառելով:

Վարազդատ Կարապետյանն ասաց. «Մենք հիմա տնտեսությունը ֆինանսավորելու երկու տարբերակ ունենք, մի տարբերակն այն է, երբ մադկանց խնայողությունը հոսում է բանկային համակարգ եւ տնտեսությունը բանկային համակարգերից վարկեր է վերցնում, երկրորդը՝ քաղաքացիները բորսաների միջոցով կարողանում են ուղղակի ֆինանսավորել տնտեսությանը: Կառավարությունը ձգտում է, որ երկրորդ տարբերակը խթանվի, մարդիկ կարողանան բաժնետոմսերի միջոցով ֆինանսավորել բորսաները եւ ոչ թե գումարը պտտվի բանկային համակարգում»: Դրա համար, ըստ հեղինակների, առաջարկում են հանել հարկերը, որ նաեւ օտարերկրյա ներդրումները խթանեն:

Վարազդատ Կարապետյանը բացատրեց, որ եթե մարդը պետական կարճաժամկետ պարտատոմս է ձեռք բերում, եկամտահարկը զրո է, իսկ եթե ցանկացած ընկերության պարտատոմս է ձեռք բերում, 10 տոկոս է, պետ է հավասար պայման ապահովել, պետությունը իրեն գերակա կարգավիճակ է տվել:

Կառավարությունը դեմ է նախագծին, բացասական եզրակացություն է տվել, նախագծի արդյունքում 60 մլն դրամի կորուստ է ունենալու բյուջեն: Հեղինակները վստահեցնում են, որ դրա էֆեկտը, ազդեցությունը շատ ավելի մեծ է լինելու:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը գտնում է, որ հարկերից խուսափելու լուրջ եւ անկառավարելի ռիսկեր կառաջանան, Բաբկեն Թունյանն էլ ասաց, որ եթե միայն ռիսկերը հաշվի առնենք՝ կառավարության բերած ոչ մի օրենքի դրական եզրակացություն չէին տա:

Փոխնախարարը հորդորեց նախագիծը չընդունել՝ ներկայացնելով կառավարության հիմնավորումները: Նա Արտակ Մանուկյանին երեսով տվեց, թե «ձեր հեղինակած գրքում էլ գրված է այդ մասին, թե հարկային միջավայրը ներդրումների վրա ազդեցության ուժգին գործոններից չէ: Ես էլ ձեզ ասեցի՝ լավ աշխատանք եք կատարել, շնորհակալություն: Պարոն Մանուկյան, անգամ եթե գրքում ուրիշ բան եք գրել, հետո փոշմանել եք, այստեղ երկրորդ բանն էլ կա, ժողովուրդ ջան, ներդրողին հետաքրքրում է իր կողմից վճարվող ամբողջ հարկը, հետաքրքիր չի, թե որ երկրում: Եթե ինքը պիտի իր երկրում տասը տոկոս շահաբաժնից հարկ վճարի, հետաքրքիր չի՝ 7-ը կվճարի ՀՀ-ում, 3-ը կնվազեցնի իր երկրում, թե՞ ՀՀ-ում ոչինչ, իր երկրում 10: Հիմա ինչի՞ եք ուզում, որ մեր պետությունը սուբսիդավորի ինչ-որ հարուստ երկրի»:

Փոխնախարարն ասաց, որ եթե անարդարություն են տեսնում, որ պետական պարտատոմսերից ստացվող տոկոսներն ազատված են եկամտահարկից, իսկ մասնավոր ընկերությունների դեպքում՝ ոչ, ապա առաջարկում են՝ թող պետական պարտատոմսերի տոկոսներն էլ հարկվեն. «Ասում ենք՝ եկեք վերականգնենք արդարության սկզբունքը, բոլոր պասիվ եկամուտները հարկվում են, ինչո՞ւ պետք է այս մեկը չհարկվի: Եկեք գանք հավասարության»:

Սա լսելով՝ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը անեկդոտ հիշեց. «Ոսկե ձկնիկը գնում է արձակուրդ, տեղը կոկորդիլոսին հերթապահ է նշանակում, հետո հետ է գալիս, ասում է՝ հեչ ինչ-որ մեկը քեզ բռնե՞ց, ցանկություն հայտնե՞ց: Ասում է՝ հա, մեկը բռնել էր, ասում էր՝ ուզում եմ ձեռքերս էնքան երկար լինի, որ գետնին հասնի: Ասում է բա ի՞նչ արեցիր, կոկորդիլոսն ասում է՝ ոտքերը կերա: Հիմա ձերն է, մենք ասում ենք սա ազատենք, դուք ասում եք՝ բռնենք նա էլ հարկեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930