Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն էր քննվում՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի:
Հիշեցնենք, որ Վանեցյանը գաղտնալսումների թեմայով հրավիրած հայտնի մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր. «Փաստերով կխոսենք ու կհրապարակեմ ով ինչ ունի ու ոնց է ձեռք բերել, ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ մնացածը, այլ ունեցվածքները»: Լրագրողների դիտարկմանը, որ ասում է՝ բաժնետերերի մեջ է «Կոնգրեսի», իրենը չէ՝ Վանեցյանն արձագանքել էր. «Բաժնետերերի մեջ չի նշանակում, որ պետք է մարդուն ստիպեն 6 մլն դոլար տանի տա իրան: Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց ընենց, ո՞ր մեկին կտան»: Սեդրակ Քոչարյանը գտնում է, որ դա զրպարտություն է ու Վանեցյանը պետք է հրապարակային հերքի այդ տեղեկությունները: Նա դրամական փոխհատուցում չի պահանջում:

Դատավորը հարցրեց՝ Վանեցյանը ընտանիքի անդամ ասելով արդյոք հայցվորի՞ն՝ Սեդրակ Քոչարյանի՞ն է նկատի ունեցել, քանի որ ասում եք, որ Վանեցյանի արտահայտությունները հստակ են, կոնկրետ են եւ հասցեագրված են հայցվորին: Ալավերդյանը պատասխանեց, որ Արթուր Վանեցյանին լրագրողները ճեպազրույցներից մեկի ժամանակ հարցրել են՝ ո՞ւմ եք նկատի ունեցել, նա պատասխանել է, որ նկատի է ունեցել Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամներին: Քոչարյանի ներկայացուցիչն ասաց, որ Արթուր Վանեցյանը չի հանդիսանում սովորական քաղաքացի, պիտի իմանա իր խոսքերի պատասխանատվությունը:
Կարդացեք նաև
Դատավորը հարցրեց՝ դուք ասում եք, որ մամուլի ասուլիսում Արթուր Վանեցյանն ասել է ընտանիքի անդամ եւ այլն, ունկնդիրը կարո՞ղ է ընկալել, որ այդ ընտանիքի անդամը, քննադատության թիրախը հենց Սեդրակ Քոչարյանն է: Անի Ալավերդյանը պատասխանեց. «Մեր ապացույցներում ներկայացրել ենք, «Կոնգրես» հյուրանոցի մասին եղել է մի քանի արտահայտություն, «Կոնգրես» հյուրանոցի սեփականատեր լինելը արդեն իսկ բավարար էր հասկանալու, որ խոսքը գնում է Սեդրակ Քոչարյանի մասին»: Դատավորը ճշտեց՝ այնտեղ եղած բոլոր մարդիկ գիտեին, որ «Կոնգրես» հյուրանոցը պատկանում է Սեդրակ Քոչարյանի՞ն՝ Ալավերդյանը պատասխանեց. «Այո, հարգելի դատավոր»: Դատավորն ասաց. «Ես, օրինակ, նոր իմացա, որ «Կոնգրես» հյուրանոցը պատկանում է Սեդրակ Քոչարյանին»: Ալավերդյանն էլ արձագանքեց. «Ես էլ կարող եմ լիքը մարդկանց բերել, որ գիտեն՝ այն պատկանում է Սեդրակ Քոչարյանին»: Ալավերդյանը նաեւ ասաց, որ հանրահայտ փաստ է, որ «Կոնգրեսի» սեփականատերը Սեդրակ Քոչարյանն է, փաստ է նաեւ, որ Սեդրակ Քոչարյանը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի որդին. «Հիմա ի՞նչ, ծննդյան վկայակա՞նն էլ բերենք, որ ապացուցենք, որ որդին է հանդիսանում»:
Պաշտպանական կողմը վստահեցրեց, որ Վանեցյանը ասուլիսում իր խոսքի սկզբում ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսությամբ ասում է, թե ոչ մի բան չունեմ, փաստեր կբերեմ ու կապացուցեմ, թե ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը, այս արտահայտություններից երեւում է, որ շեշտադրում չկա Սեդրակ Քոչարյանի վրա, հնչեցվում է հոր՝ Ռոբերտի անունը:
Պաշտպանները նաեւ ասացին, որ այս գործով Վանեցյանը պատշաճ պատասխանող չի հանդիսանում, նա ԱԱԾ տնօրեն էր, երբ ասուլիս էր հրավիրել ու նման արտահայտություն արել, հետեւաբար պատասխանող պետք է լինի ՀՀ-ն, ոչ թե անձը՝ Արթուր Վանեցյանը:
Բացի այդ, պաշտպանական կողմը վկայակոչեց այն, որ մի շարք ԶԼՄ-ներ այդ ասուլիսը լուսաբանելիս նշել են Ռոբերտ Քոչարյանի անունը, ոչ թե Սեդրակ Քոչարյանի, այսինքն, ԶԼՄ-ներն էլ են հասկացել, թե խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, ոչ թե հայցվորի:
Վճիռը կհրապարակվի հուլիսի 10-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































