Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Վանեցյանի նիստին դատավորը հայտարարեց. «Ես նոր իմացա, որ «Կոնգրես» հյուրանոցը պատկանում է Սեդրակ Քոչարյանին»

Հունիս 25,2019 18:21

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն էր քննվում՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի:

Հիշեցնենք, որ Վանեցյանը գաղտնալսումների թեմայով հրավիրած հայտնի մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր. «Փաստերով կխոսենք ու կհրապարակեմ ով ինչ ունի ու ոնց է ձեռք բերել, ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ մնացածը, այլ ունեցվածքները»: Լրագրողների դիտարկմանը, որ ասում է՝ բաժնետերերի մեջ է «Կոնգրեսի», իրենը չէ՝ Վանեցյանն արձագանքել էր. «Բաժնետերերի մեջ չի նշանակում, որ պետք է մարդուն ստիպեն 6 մլն դոլար տանի տա իրան: Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց ընենց, ո՞ր մեկին կտան»: Սեդրակ Քոչարյանը գտնում է, որ դա զրպարտություն է ու Վանեցյանը պետք է հրապարակային հերքի այդ տեղեկությունները: Նա դրամական փոխհատուցում չի պահանջում:

Դատական նիստի սկզբում դատավորը եւս մեկ անգամ կողմերին հարցրեց՝ հաշտության ելք կարո՞ղ է լինել: Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանն ասաց, որ իրենք արդեն իրենց դիրքորոշումը ներկայացրել են հաշտության համաձայնություն կնքելու վերաբերյալ, իսկ մյուս կողմը որեւէ քայլ չի ձեռնարկել, այդ իսկ պատճառով որեւէ հաշտության եզր չեն տեսնում այս պահին:

Դատավորը հարցրեց՝ Վանեցյանը ընտանիքի անդամ ասելով արդյոք հայցվորի՞ն՝ Սեդրակ Քոչարյանի՞ն է նկատի ունեցել, քանի որ ասում եք, որ Վանեցյանի արտահայտությունները հստակ են, կոնկրետ են եւ հասցեագրված են հայցվորին: Ալավերդյանը պատասխանեց, որ Արթուր Վանեցյանին լրագրողները ճեպազրույցներից մեկի ժամանակ հարցրել են՝ ո՞ւմ եք նկատի ունեցել, նա պատասխանել է, որ նկատի է ունեցել Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամներին: Քոչարյանի ներկայացուցիչն ասաց, որ Արթուր Վանեցյանը չի հանդիսանում սովորական քաղաքացի, պիտի իմանա իր խոսքերի պատասխանատվությունը:

Դատավորը հարցրեց՝ դուք ասում եք, որ մամուլի ասուլիսում Արթուր Վանեցյանն ասել է ընտանիքի անդամ եւ այլն, ունկնդիրը կարո՞ղ է ընկալել, որ այդ ընտանիքի անդամը, քննադատության թիրախը հենց Սեդրակ Քոչարյանն է: Անի Ալավերդյանը պատասխանեց. «Մեր ապացույցներում ներկայացրել ենք, «Կոնգրես» հյուրանոցի մասին եղել է մի քանի արտահայտություն, «Կոնգրես» հյուրանոցի սեփականատեր լինելը արդեն իսկ բավարար էր հասկանալու, որ խոսքը գնում է Սեդրակ Քոչարյանի մասին»: Դատավորը ճշտեց՝ այնտեղ եղած բոլոր մարդիկ գիտեին, որ «Կոնգրես» հյուրանոցը պատկանում է Սեդրակ Քոչարյանի՞ն՝ Ալավերդյանը պատասխանեց. «Այո, հարգելի դատավոր»: Դատավորն ասաց. «Ես, օրինակ, նոր իմացա, որ «Կոնգրես» հյուրանոցը պատկանում է Սեդրակ Քոչարյանին»: Ալավերդյանն էլ արձագանքեց. «Ես էլ կարող եմ լիքը մարդկանց բերել, որ գիտեն՝ այն պատկանում է Սեդրակ Քոչարյանին»: Ալավերդյանը նաեւ ասաց, որ հանրահայտ փաստ է, որ «Կոնգրեսի» սեփականատերը Սեդրակ Քոչարյանն է, փաստ է նաեւ, որ Սեդրակ Քոչարյանը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի որդին. «Հիմա ի՞նչ, ծննդյան վկայակա՞նն էլ բերենք, որ ապացուցենք, որ որդին է հանդիսանում»:

Պաշտպանական կողմը վստահեցրեց, որ Վանեցյանը ասուլիսում իր խոսքի սկզբում ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսությամբ ասում է, թե ոչ մի բան չունեմ, փաստեր կբերեմ ու կապացուցեմ, թե ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը, այս արտահայտություններից երեւում է, որ շեշտադրում չկա Սեդրակ Քոչարյանի վրա, հնչեցվում է հոր՝ Ռոբերտի անունը:

Պաշտպանները նաեւ ասացին, որ այս գործով Վանեցյանը պատշաճ պատասխանող չի հանդիսանում, նա ԱԱԾ տնօրեն էր, երբ ասուլիս էր հրավիրել ու նման արտահայտություն արել, հետեւաբար պատասխանող պետք է լինի ՀՀ-ն, ոչ թե անձը՝ Արթուր Վանեցյանը:

Բացի այդ, պաշտպանական կողմը վկայակոչեց այն, որ մի շարք ԶԼՄ-ներ այդ ասուլիսը լուսաբանելիս նշել են Ռոբերտ Քոչարյանի անունը, ոչ թե Սեդրակ Քոչարյանի, այսինքն, ԶԼՄ-ներն էլ են հասկացել, թե խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, ոչ թե հայցվորի:

Վճիռը կհրապարակվի հուլիսի 10-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930