Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավարությունը չի կարող շարունակվել այս ձեւով։ Սա դատավարությո՞ւն է, թե՞ քաղաքական դեբատ». Արամ Օրբելյանը մի պահ հունից դուրս եկավ

Հոկտեմբեր 16,2026 10:11 Share
Աջակցեք aravot.am-ին

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում Նարինե Ավագյանի նախագահությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ նախնական դատական նիստում երեկ շարունակվեցին մեղադրանքի հիմքում դրված հաշվարկների քննարկումները։

Դատախազության ներկայացուցիչներին ուղղված հարցերը գլխավորապես վերաբերում էին հաշվարկների կատարման մեթոդաբանությանը, թե ինչպես են որոշվել գույքերի եւ դրամական միջոցների ապօրինի կամ օրինական լինելը, այս կամ այն անձին պատկանելը։

Դրվագներից մեկում, երբ փաստաբան Արամ Օրբելյանը իր մասնագիտական գործունեությունը հետագայում ճիշտ հունով կազմակերպելու նպատակով հայցվորին առաջարկեց հստակ ներկայացնել, թե ի վերջո որտեղ եւ ինչպես է երեւում, որ Սեդրակ Քոչարյանն օգտագործել է արդեն 5-7 տարի նախագահի պաշտոնը թողած եւ որեւէ այլ բարձր պաշտոն չզբաղեցրած իր հոր՝ Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը եւ, ի վերջո, հստակ որն է բռնագանձման ենթակա գույքերից եւ դրամական միջոցներից Ռոբերտ Քոչարյանինը եւ որը՝ Սեդրակ Քոչարյանինը, որովհետեւ օրենքի իմաստով հայցի առարկայում ամեն տեղ գրված է «Ռոբերտ Քոչարյանի գույք», դատախազության պատասխանի մեջ փաստաբանը քաղաքական բաղադրիչ նկատեց։ «Հարգելի դատարան։ Մենք գեղարվեստական գրականության ոճի մեջ չենք։ Մենք ունենք շատ պարզ դատավարական գործընթաց։ Հարգելի դատարան, դատավարությունը չի կարող շարունակվել այս ձեւով։ Սա դատավարությո՞ւն է, թե» քաղաքական դեբատ»,-հունից դուրս եկավ Արամ Օրբելյանը։

Նիստի ավարտից հետո Արամ Օրբելյանը Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանեց իր վրդովմունքի պատճառը։ «Շատ հաճախ փորձ է արվում փաստաբաններին ասել «քաղաքականացում, չքաղաքականացում, շեղվել, չշեղվել»։ Հիմա մենք վարույթ ենք իրականացնում, որը դատավարություն է։ Դատավարությունն ունի շատ հստակ կանոններ։ Ենթադրվում է, որ պետք է լինի հայցադիմում, որ հայցադիմումը պետք է լինի հստակ, պարզ կանոնների հիման վրա գրված, օրենքից բխող։ Եվ դա պետք է քննարկենք… Այստեղ ակնհայտորեն տեսնում ենք, որ դատավարությունը վերածվում է քաղաքական ինչ-որ գործընթացի։ Ընդ որում, մենք փորձում ենք պրոֆեսիոնալ իրավաբանական դաշտում պահել։ Ընդհանուր ձեւակերպումները, որ պարոն Քոչարյանի նախագահությունից տարիներ հետո 2015-2016 թվականներին նախագահի որդին օգտվել է նախագահի առավելություններից, մաքուր քաղաքական տեքստ է։ Աբստրակտ դատավարություն, որում խոսքը 5-6 տարի հետո տեղի ունեցած գործարքի մասին է, երբ Ռոբերտ Քոչարյանն այլեւս որեւէ պաշտոն չի զբաղեցրել, գլոբալ քաղաքական իշխանության ազդեցություն չունի, ոչ քաղաքական, ոչ կուսակցական եւ որեւէ այլ գործունեություն չի իրականացրել։

Ու դատախազության ձեւակերպումը, որ մենք կրում ենք ռիսկը, մենք կապացուցենք։ Այո, դուք կրում եք ռիսկը, դուք պիտի ապացուցեք։ Բայց ինչ պետք է ապացուցեք, ինչ ծավալով, ինչ ձեւով, պիտի պարզենք հիմա, որովհետեւ այս վարույթի այս փուլի խնդիրը հենց հայցի առարկայի հիմքը պարզելն է։

Մենք արդեն երեք տարի, թե ինչքան գնում ենք, որովհետեւ. «հայցը փոխենք, հայցը միացնենք, հայցը քննարկենք»։ Այսօր հայցի մեջ պարզեցինք, որ նույն գումարը երկու անգամ տարբեր մարդուց պահանջում են։ Դրա համար են մեծ թվեր առաջանում։ Այս հարցերը դատավարությունն են նսեմացնում։ Այսքան տարի դատավարությունով զբաղվել ենք, ունեցել ենք շատ բարդ, շատ պարզ գործեր։ Այս աստիճանի պատմողական դաշտ մտնե՞լ։ Ու խնդիրը ձեւակերպումների ոճի մեջ չի, խնդիրը իրավական գնահատականների մեջ է։ Ես այստեղ բարկացա եւ մի քիչ թեժացավ, որովհետեւ մեզ անհրաժեշտ է հստակությունը, որ դրա դեմ կարողանանք առարկել»,-ասաց Արամ Օրբելյանը

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031