Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծված կին, բռնության ենթարկված աշակերտ, բանակում խոշտանգված զինվոր. փաստաբաններն իշխանությանը հիշեցնում են չբացահայտված գործերը

Հունիս 29,2019 13:10

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հ/կ-ի կազմակերպած՝ «Օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ արդար դատավարության երաշխավորումը որպես ժողովրդավարությանը նպաստող միջոցներ» թեմայով քննարկման ժամանակ այսօր իրավապաշտպանները կրկին բարձրաձայնեցին խնդիրներն այն դատական գործերի, որոնց առնչությամբ, իրենց գնահատմամբ, դրական տեղաշարժեր չկան անգամ 2018թ.-ի իշխանափոխությունից հետո:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հ/կ-ի փաստաբան Արայիկ Պապիկյանն առանձնացրեց 2010թ.-ին բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի գործը. «Այն կարճվեց, իսկ հեղափոխությունից հետո գլխավոր դատախազի ցուցումով կամ հրահանգով՝ վերաբացվեց: Հոկտեմբերից մինչ օրս, սակայն, 70-ից ավելի դիմում-բողոք-միջնորդություններ ենք ներկայացրել, մեծ մասը մերժվել են: Ոչ մի ապացույց չի պահպանվել, այդ թվում՝ փաստաթղթեր: Իրեղեն ապացույցները ոչնչացված են հրահանգով: Ոչինչ պարզել հնարավոր չէ, որովհետեւ մի քանի ցուցմունք ունենք միայն: Խնդիրը չի լուծվում արդարության բացակայության պատճառով»:

Ապա Արայիկ Պապիկյանը մատնանշեց «Սասնա ծռերի» գործով տուժող Յուրի Տեփանոսյանի ընտանիքի անդամների՝ դատական նիստին մասնակցելու առնչությամբ ի հայտ եկած խնդիրները. «Տեփանոսյանի ընտանիքում՝ ծնողները, հայրը, մայրը, եղբայրները ցանկանում են որեւէ մասնակցություն ունենալ, բայց հարցը չի կարգավորվում: Դատավարությանը զուգահեռ՝ հավաքում ենք փաստեր, դա մեր միակ ճանապարհն է: Օրենքն ասում է, որ իրավահաջորդ պետք է լինի ընտանիքի անդամներից մեկը, որն այս դեպքում կինն է, մյուսներն իրավունք չունեն: Շատ գործերում է նման վիճակ»:

Փաստաբանը հիշեցրեց Հասմիկ Քարամյանի գործը. «Դեպքը եղել է 2018թ.-ին ապրիլին: Նրա ամուսինը մեղադրվում էր երեք հոդվածով՝ ծեծ, բռնություն, անձնական բնույթի տեղեկատվության տարածում: Նա համաներմամբ ազատ արձակվեց: Անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով՝ չասեմ, թե ինչ աննկարագրելի բռնություններ էր գործադրվել Քարամյանի նկատմամբ: Մեղադրանքները հաստավել էին: Ամենասարսափելին այն է, որ բռնությունը կատարողը լուսանկարել եւ տարածել էր համացանցում: Հիմա էլ նա երկու այլ վարույթներով շարունակում է կնոջը հետապնդել: Սա է համաներման մասին նախկին նախարար Արտակ Զեյնալյանի օրինագիծը, որն ընդունեց ԱԺ-ն»:

«Հելսինկյան ասոցիացիա»-ի փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ առանձնացրեց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած դեպքը, երբ, փաստաբանի խոսքով, աշակերտի թարթիչները կտրել էին, ինչից հետո տնօրինությունը թույլ էր տվել անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում. «Այդ երեխան բռնության է ենթարկվել դպրոցում, անցել է երկու տարի, բայց դեռ մեղադրյալ չկա: Կենտրոնի քննչական բաժնում այս գործը ձեւական հարուցվեց, քննիչը բացահայտման համար որեւէ գործ չի անում: Դիմելու ենք ՄԻԵԴ, քանի որ պետության կողմից քայլեր չեն ձեռնարկվում՝ երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի փաստի դեպքում»:

Մեկ այլ գործի դեպքում, ըստ Արա Ղարագյոզյանի, մեղադրյալը վեց տարուց ավելի՝ անհիմն կալանքի տակ է. «10 տարի է անցել դեպքից: Նա մեղադրվում է առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ ավազակային հարձակման համար, սակայն քրեական գործում որեւէ ապացույց չկա այդ մասին: Կալանքը նրա հանդեպ պատժիչ նպատակ ունի: Դատավոր Գագիկ Պողոսյանն էլ երկու ամիսը մեկ է նիստ անցկացնում: Կրկին դիմել ենք ՄԻԵԴ»:

Մեկ այլ գործ էլ վերաբերում է զինծառայող Արթուր Հակոբյանին: Արա Ղարագյոզյանի խոսքով՝ նա բանակում չորս տարի առաջ խոշտանգվել է, ձեռք բերել հոգեկան առողջության խնդիրներ. «Քրեական գործը կարճվեց, բողոքարկեցինք, ի վերջո՝ Վճռաբեկ դատարանը ճանաչեց խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը: Գործը վերսկսվեց, սակայն նորից վարույթը կարճվեց»: Եզրափակելով՝ Արայիկ Պապիկյանն էլ իր հերթին շեշտեց, որ նախկինում հանցագործություններ թույլ տվածներն այսօր շարունակում են աշխատել իրավապահ մարմիններում, եւ հարց է առաջանում՝ քաղաքական իշխանությունը շահագրգռված չէ՞ նշյալ եւ այլ գործերը բացահայտելու հարցում:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ։ Իրավապաշտպանների մասնակցությամբ քննարկումներ` դատական համակարգի խնդիրների վերաբերյալ

Gepostet von Aravot am Samstag, 29. Juni 2019

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930