Հանրապետությունում ապօրինի անտառահատումները խնդրահարույց են դարձել: Այդ պատճառով այսօր ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովում կառավարությունն առաջարկեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել եւ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքով սահմանված սակագները փոխել:

Եթե այդ ամենը լինի մի խումբ անձանց կողմից շահույթ ստանալու նպատակով, պատիժներն ավելի են ծանրանում, այդ դեպքում տուգանքները նույնպես ավելի բարձր են: Հնարավոր է նույնիսկ 2-5 տարի ժամկետով ազատազրկում:
Քրեականացվել են զգալի վնաս պատճառելու արարքները: Եթե հանկարծ որեւէ մեկի մտքով անցնի Կարմիր գրքում գրանցված կատվազգիների ընտանիքին պատկանող կովկասյան ընձառյուծ որսալ, 3 մլն դրամի փոխարեն, որը սահմանված էր գործող օրենքում, պետք է վճարի 100 մլն դրամ:
Կարդացեք նաև
Պատգամավորները Խաչատրյանին հարցրեցին՝ արդյոք տուգանքները եւ պատիժները խստացնելը կարո՞ղ է կանխարգելել, որովհետեւ խնդիրը ոչ թե ավելի խիստ պատժելն է ծառահատումների, կենդանական եւ բուսական աշխարհը վնասելու համար, այլ՝ կանխելը. «Պետք է հասկանանք՝ 5-ից 10 տարի դարձնելը մեզ ի՞նչ կտա, մենք պետք է գործիքակազմ ունենանք, կանխարգելենք, այնպես չի, որ 3-8 տարին տվյալ հանցագործություն կատարողը հաշվի է առնում, որ հիմա սարքենք 10 տարի, չեմ կարծում, որ սա հարցի լուծում է»:
Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, միայն պատասխանատվության միջոցի խստացումը կարող է իրավիճակ փոխել, բայց ոչ մեր ցանկացած չափով: Կիրառվում է նաեւ այլ գործիքակազմ, մասնավորապես, «Դիլիջան» ազգային պարկում ծրագրեր են իրականացվել, մրցույթ է հայտարարվել, գումարներ են բաժանվել բնակչությանը, կիրառվում է շահագրգռելու, կանխարգելելու գործիքը, որ բնակչությունը զերծ մնա խախտումներից: Բայց գործիքներից մեկն էլ պատասխանատվության միջոցների խստացումն է, որովհետեւ վիճակագրությանը որ հետեւենք՝ անտառահատումներն արդեն խիստ մտահոգիչ են»:
Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ պատասխանատվության միջոցների խստացումը նաեւ միջազգային պարտավորություն է, պետք է կրկնապատկենք անտառապատ տարածքները, իսկ դա լուրջ առաքելություն է, որը ստանձնել ենք: Դրան հասնելու համար նախ պետք է անտառահատումներից զերծ մնանք:

Նախագիծը դրվեց քվեարկության եւ դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































