Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում Էրիկ Գրիգորյանից պահանջում են պատասխանատվության կանչել Սեւանա լիճն այս օրի գցողներին, պարզվում է՝ ափամերձ տարածքների հարցն արդեն դատախազությունում է

Հուլիս 09,2019 11:24

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքով սահմանված սակագները փոխելու նախագծերի փաթեթը: 

Հաշվի առնելով, որ հիմնական զեկուցողը շրջակա միջավայրի նախարարն էր՝ Էրիկ Գրիգորյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախարարից հետաքրքրվեց Սեւանա լճի խնդրով. «Այս օրերին համացանցում, Սեւանի հարակից ավազանի գյուղերում, քաղաքներում շատ ակտիվ քննարկվում է Սեւանի այսօրվա իրավիճակը, կարո՞ղ եք պարզաբանում տալ, թե ինչ է տեղի ունենում Սեւանի հետ ու կա՞ փորձագիտական եզրակացություն պետական մակարդակով արված, թե դրա պատճառն ինչն է, խնդիրն ինչպես է պետք լուծել: Որքան հասկացանք, պետական մակարդակում փորձագիտական եզրակացություն չկա, էդ կովերի անկումը որտեղ է եղել, չի եղել…Հետո հերքվեց, դա կապ ունի՞ Սեւանի ջրի հետ, կխնդրեի պարզաբանել»:

Նախարարը պատասխանեց. «Գործոնները մի քանիսն են, նաեւ այս պահին կապտականաչ ջրիմուռների աճը, որը վիզուալ տեսանելի է, առկա է ինչպես Բայկալ լճում, այնպես էլ Սեւ ծովում եւ այլն: Խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս՝ կեղտաջրերի եւ կոյուղաջրերի ամբողջ ծավալը Գեղարքունիքում ձեւավորվող հոսում է Սեւանա լիճ, ինչպես նաեւ ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից այդ ամբողջ աղտոտող նյութերը: Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառ տնկարկներն են, որոնք նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում: Հիմնական պատճառը կապված էր նրա հետ,որ Սեւանում կար սառը շերտ՝ հիպելինիում կոչվող, որը մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր: Մակարդակի բարձրացումը պետք է բերի 6 մետր բարձրացումը պետք է բերի սառը շերտի պահպանմանը, որը հնարավորություն կտա, որ օրգանական նյութերը պակասեն ու Սեւանա լճի ջուրը մնա բարձր որակի»:

Նախարարը տեղեկացրեց, որ արդեն 2 միջազգային կառույցների հետ համագործակցելու նախադրյալներ են ստեղծել՝ ՅՈՒՆԵՍԿՕ եւ Գերմանիայի կառավարություն. «Հստակ ախտորոշում կարվի ու ավելի պարզ կլինի, թե ինչ լուծումներ պետք է տրվեն»:

«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը հորդորեց պատասխանատվության կանչել նրանց, ովքեր Սեւանի այս իրավիճակի համար պատասխանատու են. «Օրինակ, ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները պատշաճ կերպով եւ տարիներով չիրականացնելու համար, տարիներով չեն իրականացրել, չնայած պետբյուջեից հսկայական գումարներ են տարիներով տրվել, 2012-ից ի վեր լճի մակարդակի բարձրացումն արհեստականորեն կասեցման գործընթացներ իրականացնելու համար: Աշխատանքներ տարվո՞ւմ են, որպեսզի նաեւ պատասխանատվության կանչվեն որոշ պատասխանատուներ եւ այս հարցը»:

Էրիկ Գրիգորյանը պատասխանեց, որ Սեւանա լճի մակարդակը չբարձրացնելու մի քանի պատճառներ կան, մեկն այն է, որ Ջրային կոմիտեն շատ ավելի մեծ քանակի ջրառ էր իրականացրել Սեւանից. «Դատախազության կողմից ներկայացված տեղեկատվությամբ դուք տեղյակ եք, որ քրեական գործեր են հարուցվել ջրօգտագործող կազմակերպությունների հանդեպ 2,8 մլրդ դրամի տարբեր կեղծիքներ կատարելու եւ ֆիկտիվ պայմանագրեր կնքելով՝ լրացուցիչ ջրառաջարկ ներկայացնելով: Կարծում եմ, այս գործի արդյունքում լրացուցիչ բաներ կբացահայտվեն: Նաեւ, եթե չեմ սխալվում, քրեական գործ կա հարուցված Արփա-Սեւան թունելի շինարարության հետ կապված: Սրանից նույնպես պարզ կլինի, թե աշխատանքն ինչքանով է օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառով հետաձգվել: Ափամերձ տարածքների հետ կապված մենք ուսումնասիրություններ կատարել ենք ու ամբողջ տեղեկատվությունն ուղարկել ենք դատախազություն: Դատախազությունը նույնպես որոշակի գործողություններ կիրականացնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031