Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շնորհակալ մարդ եմ, դրական հույզերը` գնահատող»

Հուլիս 18,2019 23:00

Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը  հիշում է, թե ինչպես 6 տարեկանում համերգ ունեցավ ու բեմ բարձրացավ: Ասում է` բավականին գունեղ մանկություն է ունեցել, սակայն համերգը  մանկության ամենավառ հուշերից է: Հավելում է` որոշել էր ջութակահար դառնալ:

«Շատ հետաքրքիր զգացողություն ունեցա այդ օրը, ես Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում էի սովորում»,- Aravot.am-ի հետ զրույցում հիշում է Նիկոլայ Կոստանդյանը:

Մեզ հետ զրույցում նա անդրադարձավ հայ ժողովրդի համար այցեքարտային դեմքերին, Մաշտոցին, Կոմիտասին, Արամ Խաչատրյանին, Մանսուրյանին: Ասաց, որ հայ ժողովրդի նկարագրում կարեւորագույն դերակատարություն ունեցած հայ կոմպոզիտորական դպրոցի շատ ներկայացուցիչների կարելի է շեշտադրել այդ համատեքստում. «Դրանք մարդիկ են, որոնք ճանապարհ են կերտել մեզ համար, որպեսզի կարողանանք աշխարհին ներկայանալ որպես մշակութային հարուստ ժառանգություն ունեցող հնագույն երկիր եւ ժողովուրդ»:

1907թ.-ին Կոմիտասին Ալեքսանդր Մանթաշյանի նվիրած դաշնամուրի մոտ:

Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրենը` պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչից կարող է հիասթափվել եւ ոգեւորվել, ասաց, որ յուրաքանչյուր մարդու կյանքում էլ լինում են ոգեւորության եւ հիասթափության պահեր: «Ոգեւորությունը կարող է ծնվել լավ գաղափարից կամ որեւէ հետաքրքիր գործունեության արդյունքում ծնված դրական հույզերից»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է հիասթափությանը եւ զայրույթին, նշեց, որ ինքը հուզական առումով կայուն մարդ է եւ  իրեն դժվար է հիասթափեցնելը կամ զայրացնելը:

Խոսեցինք նաեւ վերջին շրջանում կարդացած գրքերից: Նիկոլայ Կոստանդյանը նշեց, որ Կոմիտաս թանգարան-ինստիտուտում աշխատանքի ընթացքում եւ հատկապես Կոմիտասի համար հոբելյանական տարում ժամանակը չի բավականացնում նոր գրքեր կարդալու համար եւ ինքը հիմնականում գործի բերումով այժմ կենտրոնացած է մասնագիտական գրականության վրա:

Շարլ Ազնավուրի հետ:

Մեր զրուցակիցը նշեց, որ Կոմիտաս ինստիտուտ-թանգարանի հետ կապված շատ տպավորիչ դրվագներ կան` սկսած կառուցումից, վերջացրած այցելություններով եւ ընթացիկ միջոցառումներով: Նա ձեռնպահ մնաց որեւէ յուրահատուկ այցելուի առանձնացնել: «Այն էմոցիոնալ ուժը եւ ցանկությունը, որ այս թանգարանը լինի, ծնեց  այն աուրան, որի շուրջ ձեւավորվեց թանգարանը:  Կոմիտասի անունը կրող թանգարանի էներգետիկ դաշտը տալիս է յուրատեսակ հանգստություն եւ այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ ցանկանում են շատ լինել: Ես Կոմիտաս թանգարան-ինստիտուտի ստեղծումը համարում եմ հաջողված: Այստեղ տարեկան 200-250 միջոցառում է կայանում…Կոմիտասն այն անձն է, որ մարդկանց կարողանում է համախմբել իր շուրջը,  ոգեւորել»,-նշում է նա: Մեր զրուցակիցը հիշեց Շարլ Ազնավուրի այցը թանգարան, որը իրադարձություն էր բոլորի համար. «Թանգարանում այդ պահին նաեւ մի դասարան կար` Գյումրիից, երեխաները հնարավորություն ունեցան շփվելու շանսոնյեի հետ ու տեսնելու, թե ինչ անմիջական մարդ է նա»:

Իսկ ինչպիսի՞ ընկեր է Նիկոլայ Կոստանդյանը:  Այս հարցին հետեւյալ պատասխանը ստացանք. «Ընկերություն հասկացությունը բարդ է, դրա մասին որեւէ թեորեմ գոյություն չունի, դա առօրյա կյանքում կառուցվող հարաբերությունների ամբողջություն է, որը մարդիկ փորձում են հարստացնել, ընկերությունը երկկողմանի պարտավորություն է, որը պետք է պահպանել եւ ամեն օր շեշտադրել»,-ասում է Կոստանդյանը:

Իսկ իրեն հաջողակ մարդ համարո՞ւմ է: «Եթե մարդը ծնվել է, ուրեմն արդեն հաջողակ է, մնում է դրական մտքեր ունենա ու դրական հույզերով շրջապատի իրեն: Ես շնորհակալ  մարդ եմ եւ դրական հույզերը գնահատող: Փորձում եմ մարդկանց մեջ առաջին հերթին դրականը տեսնել, օրվա ընթացքում առավելագույն դրական հույզեր փոխանցել եւ ստանալ»,- նշում է Նիկոլայ Կոստանդյանը: Եվ իրեն ամեն դեպքում հաջողակ է համարում:

Յուրի Սպիվակովի հետ:

Սիրում է հումորով մարդկանց, ասում է` նրանցից դրական հույզեր է ստանում, չի թաքցնում, որ պատահել է, երբ հումորով շատ խնդիրների լուծումներ է գտել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` Նարեկ Ավագյանի եւ Նիկոլայ Կոստանդյանի արխիվից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031