Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացառիկ փաստաթղթեր» ինչի՞ մասին

Օգոստոս 08,2019 10:00

Մարտի 1-ի իրադարձությունների մասին BBC-ի ռուսական ծառայության նյութը առանձին սենսացիաներ չի պարունակում եւ հիմնականում ներկայացնում է այն փաստերը, որոնք մեզ՝ հայաստանցիներիս, վաղուց հայտնի են: Հրապարակման հեղինակ Գրիգոր Աթանեսյանը (անձամբ ես նման լրագրողի չեմ ճանաչում) հենց սկզբից հայտարարում է, որ բացառիկ հնարավորություն է ստացել ծանոթանալու մարտի 1-ի քննության փաստաթղթերին, բայց եթե անգամ նման հնարավորություն նա իսկապես ստացել է, ապա կա՛մ ուշադիր չի կարդացել փաստաթղթերը, կա՛մ նյութեր տրամադրողները մոլորության մեջ են գցել հեղինակին:

Նման հետեւության կարելի է հանգել առնվազն երկու հանգամանք հաշվի առնելով: Թեեւ ես, ինչպես եւ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը, վստահ եմ, որ մարտի 1-ին 10 հոգու սպանության գլխավոր պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, սակայն պետք է արձանագրել, որ նրա դեմ առաջ քաշած մեղադրանքում այդ սպանությունները չեն մեղսագրվում: Նա, ինչպես հայտնի է, մեղադրվում է, մասնավորապես, քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ սահմանադրական կարգի տապալում: Թե ինչու նրան հնարավոր չէ մեղադրել անզեն մարդկանց վրա կրակելու հրաման տալու համար՝ դա պետք է հարցնել ՀՔԾ-ին: Սակայն BBC-ի նյութի համատեքստում տպավորություն է ստեղծվում, որ «բացառիկ փաստաթղթերին» տիրապետող լրագրողին հայտնի չէ, թե ինչ է մեղսագրվում երկրորդ նախագահին:

Երկրորդ՝ հայաստանյան լրատվամիջոցներում արդեն բազմիցս նշվել է, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) գլխավորած ղարաբաղյան ջոկատն այդ օրերին գտնվում էր կառավարության շենքում, ոչ թե նախագահականի նկուղում, ինչպես նշվում է BBC-ի նյութում: Ի դեպ, «Առավոտի» հետ զրույցում դա եւս մեկ անգամ հաստատեց ինքը՝ Օգանովսկին: Իհարկե, հարց է ծագում՝ ո՞ւմ հրամանով է ղարաբաղյան ջոկատը բերվել Երեւան՝ հայաստանյան ներքաղաքական գործընթացներին միջամտելու նպատակով եւ արդյոք դա ինքնին հանցագործություն չէ՝ մարտական դիրքերից զինծառայողներին բերել՝ իշխանությունը պահելու համար: Այդ հարցին դարձյալ պետք է պատասխանի քննչական մարմինը: Նույն ՀՔԾ-ն պետք է ասի՝ արդյո՞ք Օգանովսկու ջոկատը դուրս էր եկել կառավարության շենքից եւ մասնակցել ողբերգական իրադարձություններին:

Մի հանգամանք, սակայն, արժանի է ուշադրության: Պատահակա՞ն է արդյոք, որ այդ, այսպես ասենք, ոչ այնքան արհեստավարժ նյութը հայտնվել է BBC-ում հենց այն օրերին, երբ Արցախում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը խոսում է ազգային միասնության մասին: Դա արդեն հայաստանյան եւ արցախյան հասարակությանն ուղղված հարց է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Garo says:

    Պարոն Աբրահամյան ցանցում կա Լևոն տեր-Պետրոսյանի ինքնախոստովանական ցուցմունքները, որ ինքը բանակցումա պաշտպանության փոխնախարարների հետ, նրանց հրավիրումա հրապարակ:
    Կա ներքաղաքական պրոցեսին Լևոնի կոչով խառնված զինդատախազ Գագիկ Ջանգիրյան: Ընդ որում էտ պրոցեսը սկսվելա դեռ փետրվարի 21ին առնվազն:
    Այսինքն ապացուցված փաստա, որ հենց Լևոննա փորձել բանակը ու երկրապահը, նույն մարդկանց ովքեր 96-ին ի օգուտ իրեն կեղծում էին ընտրությունների արդյունքները ներգրավել ներքաղաքական պրոցեսների մեջ:

    Երկրի նախագահը որպես գերագույն հրամանատար իրավունք ունի բանակը օգտագործի կառավարական շենքերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում ռազմական հեղաշրջման փորձը կանխելու համար:
    իսկ Լևոնի կողմից պաշտպանության նախարարներին, ռազմականացված երկրապահին ներգրավելը ոչ այլ ինչա քան ռազմական հեղաշրջման փորձ:

    Նենց որ ոչ մի կերպ չի ստացվի Քոչարյանին դատել ու էտ ներկայացնել իբր արդարության հաղթանակ:
    Լևոննել պիտի դատվի, 96-ին սահմանադրական կարգը տապալելու 2008-ն տապալելու փորձի համար:

  2. Garo says:

    Բոլորսել հասկանում ենք որ 2008-ին ընդամնեը նախկին հանցավոր ռեժիմը 1990-ականների չինովնիկներ/Սմբատ Այվազյան, Մուշեղ Սաղաթելյան ուրիշ շատերը/ ժողավրդական ունեցվածքը կոպեկներով սեփականցնելով հարստացած օլիգարխներ /Խաչատուր Սուքիասյան ու ավելի մանրեր/ փորձեցին ռեվանշի հասնել ու նորից վերցնել իշխանությունը:

    Էտ ամենը ներկայացնել իբր բարի ու չարի պայքար, պայքար հանուն ժողովրդի, դեմոկրատիայի նայիվա:

  3. Արթուր says:

    Իրոք, 2008 թ. մարտի 1ի գործով անհրաժեշտ էր ավելի լայնածավալ, համակողմանի (ընդդիմություն/իշխանություն) եւ մանրամասն (րոպե առ րոպե) քննություն, խստագույնս պահպանելով անմեղության կանխավարկածը, որպես իրավական երկիր դառնալու հավակնորդ…..
    Ինչ վերաբերվում է BBCի տարածած նյութին, պարոն Աբրահամյան լիովին կիսում եմ Ձեր տեսակետը, վաղուց հայտնի փաստերի եւ ֆեյքանման լուրերի համդրում, տարածման համար ընտրված ժամանակահատված…. Ընդհանրապես, բոլոր օտար լրատվամիջոցների տարածած նյութերին պետք է վերաբերվել վերապահումով, չմոռանանք նրանք սպասարկում/հետապնդում են իրենց երկրների շահերը!!!!

  4. Քաղաքացի says:

    Զարմանում եմ, որ Քոչարյանը և նրա թիմը այսքան խոչընդոտներ են ստեղծում մարտի 1-ի դատավարության մեկնարկին դեմ։ Թող բաց ճակատով կանգնեն դատարանի առջև, փառք Աստուծո, աշխարհի փաստաբանները իրենց տրամադրության տակ են, և ապացուցեն իրենց անմեղությունը, ինչ խնդիր։ Հիմա էլ 2008 թիվը չէ, որ զանգով մարդ են ուղարկում ցմահ բանտախուցը, հետն էլ ամբողջ դատական համակարգը դեռ իրենց կադրերն են, ևս ոչ մի խնդիր։

  5. Ruben says:

    Եթե Քոչարյանին մեղադրեն սպանության մեջ, ապա նա իր հետևից կտանի Սերժ Սարգսյանին: Սերժը՝ ԼՏՊ-ին, իսկ ԼՏՊ-ն Փաշինյանին:
    Այսօրվա սցենարը հիշեցնում է «Մկների ժողովը»:

  6. Alfred says:

    իսկ քոչարյանի ինչին էր պետք մարդկանց մահը։եթե մահերը չլինեին ինչ է լևոնականները գալու էին իշխանության։ մահերը հենց լևոնին ու Նիկոլին էին պետք

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031