Լրահոս
Օրվա լրահոսը

«Չարդարացված պոպուլիզմի պոռթկո՞ւմ, թե` հաշվարկված ծրագրի մի մաս». Ո՞ւր կտանեն Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակ նետված «միացում» եւ «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» թեզերը

Օգոստոս 08,2019 14:49

Aravot.am-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանը

– Տիկին Կարապետյան, օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «միացում» եւ «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» արձանագրումները ինչպե՞ս կազդեն հարցի կարգավորման բանակցային գործընթացի վրա:

– Նախ, դժվար թե գտնվի որևէ հայ մարդ, ով չցանկանա Արցախյան հիմնահարցի լուծումը տեսնել «միացում» և «Արցախը Հայաստան է, և վերջ» տրամաբանությամբ: Մեկ ազգ և երկու պետություն ձևաչափի տրամաբանական շարունակություն է սա: Սակայն, դիվանագիտական ուղին երկար է, քարքարոտ, լի է մարտահրավերներով, և միայն հետևողական աշխատանքն է բերում հաջողությունների: Մի փոքր մանրամասնեմ. նմանօրինակ խնդիրների դեպքում, երբ հարցը դիտարկվում է ազգերի ինքնորոշման իրավունքի ներքո, շատ պետություններ անցնում են նախ անկախացում` ամրագրելով իրենց կամարտահայտումը հանրաքվեի միջոցով, և ապա, նման ցանկության դեպքում, դնում քննարկման այս կամ այն պետության հետ միացումը: Ի սկզբանե, Արցախի անկախացումը արտահայտվել է անկախ պետություն ունենալու ցանկությամբ, և բանակցային ողջ գործընթացը այս երկար ու ձիգ տարիների ընթացքում, եղել է այս լույսի ներքո: Սա նաև ընդունվել է վարչապետ Փաշինյանի կողմից, գոնե այն պնդմամբ, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, քանի որ ինքը չի կարող ներկայացնել Արցախի դիրքորոշումը մի պարզ պատճառով`ինքն ընտրված չէ արցախցիների կողմից:

Վարչապետ Փաշինյանի կողմից հնչեցված այս երկու կոչ-հայտարարություններն, իհարկե, հակասության մեջ են վերոնշյալ տրամաբանության հետ, և կարծում եմ, դեռ շատ գլխացավանք կառաջացնեն բանակցային գործընթացում: Առաջին հերթին, բնականաբար, Արցախի` բանակցային ձևաչափի վերադարձն այս պարագայում դառնում է գրեթե անհնար: Թե ի՞նչ տվեց մեզ և անձամբ վարչապետ Փաշինյանին միացման թեզի ասպարեզ վերադարձնելը, արդյոք սա չարդարացված պոպուլիզմի պոռթկո՞ւմ էր, թե՞ հաշվարկված ծրագրի մի մաս, ներկա պահին կարող եմ պնդել, որ այն միանշանակ պետք է դիտարկել միմիայն ներքին լսարանի և ներքին խնդիրների լուծման տեսանկյունից, և որ արտաքին քաղաքականությունը սրանից, մեղմ ասած, որևէ օգուտ ակնհայտորեն չունեցավ:

– Ադրբեջանի արձագանքը չուշացավ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը «սադրիչ» էր որակել ՀՀ վարչապետի հայտարարությունը` ասելով. «Թող ոչ մեկը չկասկածի, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Հետևանքների պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի վրա»: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր, Ձեր կարծիքով:

– Նման արձագանքը խիստ կանխատեսելի էր և բավականին հեշտությամբ հաշվարկվող: Թե ինչո՞ւ չի հաշվի առնվել այս զարգացումը, մնում է միայն կռահել, որ այս ելույթը վարչապետը չի քննարկել արտաքին գերատեսչության հետ:

Թե Հիքմեթ Հաջիևի, և թե Ադրբեջանի ԱԳՆ արձագանքները տրամաբանական էին` հաշվի առնելով այս տարիների ընթացքում այս պետության վարած անազնիվ քաղաքականությունը: Ադրբեջանին ներկա պահին խիստ անհրաժեշտ էր նման մի թեմա` բանակցություններից շեղվելու և Հայաստանի դեմոնիզացիան իրենց ներքին լսարանից արդեն իսկ միջազգային հարթակ տեղափոխելու համար: Նախկինում ևս եղել են նման փորձեր նրանց կողմից, բայց, այսպես կոչված, դեմոնիզացիան կատարվել է Հայաստանի նախկին ղեկավարների անցած մարտական ուղու վրա հիմնված: Հիմա հենց նրանք են սկսել «սադրիչ» բառապաշար օգտագործել, անվանելով մեզ օկուպանտ, ագրեսոր, և բացարձակ անցնելով դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը, Հայաստանի վարչապետի մասին անհարգալից արտահայտվելով:

Ինչ վերաբերում է Հաջիևի հնչեցրած միանշանակ հայտարարությանը, թե Ադրբեջանը անկասկած կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը, ապա այստեղ պատասխանը միանշանակ է, այն կոնկրետ ուղղված է իր ներքին լսարանին:

Թե ի՞նչ զարգացումներ կլինեն, թույլ տվեք հրապարակայնորեն չքննարկել` հարցի լրջության և վտանգի աստիճանից ելնելով: Կարծում եմ, որ Ադրբեջանը սա տարբեր հարթակներում դեռ շատ երկար կշահարկի, և մեր դիվանագիտությանը դեռ շատ ջանքեր կպահանջվեն այս ամենը չեզոքացնելու և սրբագրելու համար:

– Համարժե՞ք էր ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը:

– Փորձեմ պատասխանել հնարավորինս կարճ` սա դեռ սկիզբն է, և գոնե մեր ԱԳՆ-ի կողմից պահպանվել են էթիկայի կանոնները և դիվանագիտական բառապաշարը; Շատ դժվար է պատասխանել պարկեշտ, երբ դիմացինդ իրեն պահում է ոչ պատեհ:

Սակայն ինձ, հայտարարության մեջ, մտահոգեց մեկ այլ բան` փաստացի կրկնվում է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակի որոնման թեզը: Առաջին անգամ այս թեզը հնչեցրել է վարչապետը, ապա` կրկնել այն հարցազրույցներից մեկում, և հիմա էլ ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ է այն օգտագործվում: Հենց բուն այս արտահայտությունն է ինձ մի տեսակ լարում, երբ տարանջատվում է մեր ժողովրդի մի հատվածը: Իսկ բուն իմաստին անդրադառնալով, ասեմ, որ ես չեմ կարծում, որ ռազմատենչ բառապաշարով, խաղաղասիրությունն արհամարհող և հաճախ նաև դա կոնկրետ գործողություններով ապացուցող մեր հարևանը պատրաստ է մի տարբերակի, որը ընդունելի է բոլորի համար (հիշենք, որ բավականին վերջերս Ադրբեջանը ակտիվորեն կրակում էր Ելփին գյուղի արոտավայրերի վրա` բացելով Նախիջևանի կողմից երկրորդ ճակատ, եթե Տավուշը դիտարկենք Արցախի հետ մի ճակատում` բացարձակապես խաղաղ բնակչությանը պատճառելով զգայուն վնաս): Ադրբեջանի ներկա պահվածքից ինձ մոտ չի ստեղծվում տպավորություն, որ այդ երկիրը կարող է գնալ զիջումների: Այստեղ շատ կարևոր է մեր կողմից վարել կշռադատված խոհեմ քաղաքականություն, մենք սայթաքումների իրավունք չունենք:

Հայտարարության մեջ ինձ նաև դուր չեկավ այս հատվածը` «…Ադրբեջանի իշխանությունները, սակայն, հետևողականորեն չեն կարողացել փոխադարձել իրենց պատրաստակամությունը և կարողությունը՝ հասնելու բոլոր կողմերի համար ընդունելի կարգավորման»։ Ինչու է այստեղ օգտագործվել «բոլոր» բառը։ Այս մեկ բառը Հայաստանին դարձնում է հակամարտության լիարժեք կողմ, մինչդեռ իրականում հենց նույն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի համաձայն` մենք հանդիսանում ենք երաշխավոր, այլ ոչ թե կողմ։

Ես ունեմ մտավախություն, որ դիտարկելով Հայաստանին, որպես հակամարտության լիարժեք կողմ, Ադրբեջանին կհաջողվի կտրուկ փոխել հակամարտության բուն էությունը՝ տեղափոխելով այն տարածքային վեճի դաշտ, և ոչ ազգերի ինքնորոշման։

Ինչևէ, ես հաճախ սիրում եմ կրկնել, որ դիվանագիտությունն իր լրջությամբ չի զիջում ռազմական արվեստին, և մենք պետք է առավել, քան երբևէ ուշադիր լինենք:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031