Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման հայտարարությունները հետագայում ավելի բարդացնելու են բանակցային գործընթացը». Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է և վերջ», «միացում» հայտարարությունների մասին

Օգոստոս 08,2019 17:46

«Նման հայտարարությունները հետագայում ավելի բարդացնելու են բանակցային գործընթացը, քանի որ Ադրբեջանն արդեն սկսել է օգտվել առիթից, շահարկել Փաշինյանի հայտարարությունները՝ ասելով, որ եթե դա միասնական ընդհանուր հայրենիքի մի մաս է, ապա ավտոմատ դուք եք ստանձնում պարտավորությունը և լիազորությունը բանակցելու»,- Aravot.am-ի հարցին՝ հուլիսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում «միացում» և «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարություններն ինչպե՞ս կանդրադառնան բանակցային գործընթացի վրա, մանավանդ կարծիքներ կան, որ այն հակասում է ՀՀ վարչապետի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին հայտարարություններին, այսպես պատասխանեց քաղաքագետ Անժելա Էլիբեկովան:

Ըստ նրա՝ այստեղ առաջնահերթ խնդիրը դա չէ: Նա պարզաբանեց. «Պարզ էր, որ մոտակա տարիներին Ստեփանակերտն, այնուամենայնիվ, չի վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Այստեղ ավելի կարևոր են Ադրբեջանի ուղերձները՝ պաշտոնական Բաքվի, որոնք և′ նախագահի աշխատակազմի, և′ ԱԳՆ մակարդակով հղվեցին մեզ այն մասին, որ դա փաստացի ՀՀ իշխանությունների կողմից պատերազմի հայտարարման համարժեք հայտարարություն էր»: Քաղաքագետը փաստեց՝ դա այդպես չէ, բայց նաև նշեց, որ Ադրբեջանը դա օգտագործում է այն համատեքստում, որ Հայաստանը, խոսելով Արցախը ՀՀ-ին միացնելու մասին և հանրաքվեի ակնկալիքի ակնարկներ անելով, փաստորեն Ադրբեջանին դրդում է պատերազմի. «Բնական է, որ մեկ հայտարարությունը չի կարող դառնալ պատճառ պատերազմի, բայց պատրվակ, որպեսզի իրավիճակն առաջնագծում Ադրբեջանը սրի և գնա սադրանքների իրենց համար շատ հանգիստ կարող են դա օգտագործել»:

Անժելա Էլիբեկովայի կարծիքով՝ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձի առումով պետք է հասկանալ, որ վերջին մեկ տարվա ընթացքում պարզ էր, որ դա իրատեսական չէ. գործնականում տեղաշարժ այդ ուղղությամբ չկա, քանի որ դեռ անցյալ տարի Ադրբեջանը շատ հստակ իր դիրքորոշումը այդ հարցի շուրջ արտահայտել էր: Եթե վերադառնում է պաշտոնական Ստեփանակերտը, ապա նույն լիիրավ կարգավիճակում պետք է վերադառնա այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, ինչը հայկական կողմի համար ընդունելի տարբերակ չէ, քանի որ ադրբեջանական համայնքն այդ իր պաշտոնական ներկայացուցիչների գլխավորությամբ առավելագույնը մենք կարող ենք թույլ տալ, որ բանակցի Հայաստանում Ադրբեջանից Հայաստան փախստականների կազմակերպությունների ղեկավարների հետ և ոչ ավելի բարձր մակարդակով. «Այսինքն՝ լեգտիմացնել այդ կառույցը մեզ համար անընդունելի է, հետևաբար պարզ էր, որ Ադրբեջանը բոյկոտելու էր ցանկացած եռակողմ ձևաչափ՝ Երևան, Ստեփանակերտ, Բաքու»:

Մեր այն հիշեցմանը՝ կարծիքներ կան, որ այս հայտարարությունները հակասության մեջ են Նիկոլ Փաշինյանի այն պնդումների հետ, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան և ինքը չի կարող ներկայացնել արցախցիների դիրքորոշումն այն պատճառով, որ ընտրված չէ արցախցիների կողմից և հարցին՝ արդյոք նման հակասություն տեսնո՞ւմ է, Անժելա Էլիբեկովան պատասխանեց. «Ինձ համար առաջնահերթ է ոչ թե խոսքի հակասությունը, այլ գործողությունների: Եթե, այնուամենայնիվ, ՀՀ-ն սկսի Ադրբեջանի հետ բանակցել, դա կնշանակի, որ Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ որպես պլան չի աշխատել, կամ հեռանկարային չէ մոտ ժամանակները, իսկ ՀՀ-ն այնուամենայնիվ, ստիպված է բանակցային գործընթացի մեջ մտնել, քանի որ Ադրբեջանն անընդհատ տալիս է ինչ-որ ակնարկներ, որ իրենց համբերությունն անվերջ չէ, և ինչ-որ պահից գործընթացը պետք է վերականգնվի և երկար այդ ժամանակը, որը տրվել էր հայկական կողմին ծանոթացման պրոցեսի համար, անվերջ տևել չի կարող: Վաղ թե ուշ բանակցային գործընթացը պետք է նորից վերականգնվի: Հիմա արդյոք կհայտնվի՞ սեղանի շուրջ նաև Ստեփանակերտը, ես քիչ հավանական եմ համարում: Ամենայն հավանականությամբ, ՀՀ-ն պրոցեսի մեջ ներգրավվելու է ինքնուրույն՝ իր մասով բանակցի: Այստեղ այլ հարց է, որ բնականաբար, Ստեփանակերտը օբյեկտիվ պատճառով պետք է լինի, քանի որ հաճախակի կարող են լինել նույնիսկ տեխնիկական հարցեր, որոնցում Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշումները կարող են լինել տարբեր, և այն հարցերը, որոնք վերաբերում են կոնկրետ Արցախի Հանրապետությանը, Արցախի Հանրապետության ղեկավարությունն ինքնուրույն պետք է խոսի պաշտոնական Բաքվի հետ սկսած պրիմիտիվ հարցերից: Օրինակ՝ հիմա խաղաղասիրական նախաձեռնությունների շրջանակում փորձում են կազմակերպել լրագրողների այցեր, Շուշիում կալանավորված ադրբեջանցի դիվերսանտների ընտանիքի այցը: Ես որպես փորձագետ համարում եմ, որ այստեղ պետք է խոսեն Ստեփանակերտն ու Բաքուն իրար հետ: Բաքվին պետք է ստիպել, որ դիմի պաշտոնական Ստեփանակերտին այդ հարցով: Եթե իրենք ուզում են, որ իրենց լրագրողները գան ԼՂՀ»:

Իսկ թե ինչպե՞ս էր հաշվարկված Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտի հրապարակում կատարված հայտարարությունը, Անժելա Էլիբեկովան դժվարացավ պատասխանել, պարզապես նշեց, որ դա գուցե ներքին լսարանի համար էր արվում, ինչպես, օրինակ, Ադրբեջանն է անում, երբ ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031