Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հանրային կառավարման համակարգում առկա խնդիրները

Օգոստոս 10,2019 13:30

Հեղափոխությունից մի տարի անց ուժգնացան Հայաստանում հանրային կառավարման համակարգում առկա տարբեր խնդիրների վերաբերյալ հիշատակումները: Մայիսի 20-ին վարչապետը մատնանշեց դատաիրավական համակարգի կոռուպցիան և սերտաճումը նախորդ գործադիր իշխանությունների հետ, իսկ օգոստոսի 4-ին` հիշատակեց առհասարակ հանրային կառավարման համակարգում առկա խնդիրների մասին:

Հայաստանում հանրային կառավարման խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի. Առաջինը բարեվարքության անբավարար մակարդակի և կոռուպցիայի էթիկական խնդիրներն են, իսկ երկրորդը` կառավարման ու ռազմավարական ունակությունների պակասը:

Մաս առաջին: Բարեվարքության պակաս

Սկսած վեթինգի մասին քննարկումներից, հայ հասարակայնության բառապաշարում դատաիրավական բարեփոխումների ենթատեքստում շրջանառության մեջ մտավ բարեվարքություն հասկացությունը: Սա նոր տերմին չէ`Պաշտպանության նախարարությունում գործում է Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն, որն ունի նաև բողոքներ ընդունելու թեժ գիծ: Սակայն երկու ամիս տևած քննարկումներից հետո, դատաիրավական վեթինգի գաղափարը աստիճանաբար փոխակերպվեց հակա-կոռուպցիոն պայքարի վրա խիստ շեշտադրման, որի ենթատեքստում էլ ներկայումս մշակվում են բարեվարքության չափանիշներն ու ազդարարի մեխանիզմը:

Չնայած հակակոռուպցիոն պայքարի ամբողջ կարևորությանը, հանրային կառավարման և դատա-իրավական համակարգի խնդիրները, բարեվարքության չափանիշների սահմանումը և ազդարարի մեխանիզմի ստեղծումը միայն կոռուպցիայի դեմ պայքարի ենթատեքստում դիտարկելը մտահոգիչ է, քանի որ դա կարող է այնպիսի տպավորություն ստեղծել, որ մյուս արատավոր երևույթները թույլատրելի են: Ըստ որում, հասկանալի չէ, թե արդյոք խոսքը գնում է զուտ ֆինանսական կոռուպցիայի մասին, որը պետք է բացահայտել ֆինանսական հայտարարագրերով, թե ընդգրկում է նաև քաղաքական կոռուպցիան: Վերջինս ներառում է ոչ միայն կաշառակերությունը, այլև նեպոտիզմը, ֆավորիտիզմը, քրոնիզմը և հովանավորչության այլ դրսևորումները: Նշվում է, որ հայտարարագրում հարց կա նաև շահերի բախման վերաբերյալ, սակայն դա անբավարար է:

Ըստ ՄԱԿ-ի բարեվարքության բնորոշման, կազմակերպության` միջազգային քաղաքացիական ծառայողներ հանդիսացող աշխատակիցներից պահանջվում է դրսևորել անաչառություն, արդարամտություն, ազնվություն և ճշմարտացիություն ամենօրյա վարքագծում և գործունեության մեջ, գործել առանց անձնական շահի հետապնդման, որոշումների կայացման ընթացքում դիմադրել անպատեհ քաղաքական ճնշմանը, չչարաշահել պաշտոնական դիրքը և արագորեն միջոցառումներ ձեռնարկել ոչ պրոֆեսիոնալ կամ ոչ էթիկական վարքագծի ականատես լինելու դեպքում:

ՄԱԿ-ում կա նաև փաստաթուղթ աշխատավայրում պաշտոնական դիրքի չարաշահումից և հետապնդումներից, այդ թվում սեռական հետապնդումներից պաշտպանության վերաբերյալ, որոնց շրջանակը նույնպես պարզաբանվում է նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ սահմանումներով:

Ինչպես տեսնում ենք բարեվարքության սահմանումից, արատավոր երևույթների ականատես լինելու դեպքում միջոցներ ձեռնարկելը քաղաքացիական ծառայողի համար պարտավորություն է: Այդ ուղղությամբ կազմակերպությունում գործում են մի քանի մեխանիզմներ, որոնցից մեկն ազդարարությունն է:

Այնինչ Հայաստանի հանրային կառավարման համակարգում բացասական երևույթների դեմ պայքարի փոխարեն տասնամյակներ շարունակ խրախուսվել են կոնֆորմիզմն ու օպորտունիզմը` նույնացվելով աշխատանքային ցանկացած միջավայրում խրախուսվող` թիմային աշխատանքի ունակությունների հետ: Այդ ընկալումը գալիս է սկզբում խորհրդային, իսկ հետո դրան հաջորդած խնամիական, բարեկամական և ընկերական կապերի, տարբեր գործոններով պայմանավորված ազդեցիկության աստիճանի վրա հիմնված մենեջմենթի ոճից: Ազդարարները համարվել են խնդրահարույց, «գործ տվող», աշխատանքային մթնոլորտ փչացնող, մինչդեռ միջազգային քաղաքացիական ծառայությունում աշխատանքային ներդաշնակ մթնոլորտի խախտող են համարվում այն երևույթները, որոնց դեմ ուղղված են ազդարարների զեկույցները: Միջազգային քաղաքացիական ծառայությունում ազդարարի մեխանիզմը ներառում է ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարը, այլև բարեվարքության ցանկացած նորմի խախտման վերաբերյալ զեկուցելը կամ հետաքննող մարմինների հետ համագործակցությունը:

Այն դեպքերում, երբ ազդարարը զեկուցում է առավել բարձր պաշտոնատար անձի կողմից գործադրված խախտումների մասին, վերջինս կարող է վրեժ լուծել ազդարարից` տրամադրելով բացասական բնութագիր, սահմանափակել ազդարարի աշխատանքային գործառույթները, խոչընդոտել նրա կարիերային առաջընթացը, ազդարարի շուրջ ստեղծել թշնամական աշխատանքային մթնոլորտ, և նույնիսկ հասնել նրան հաստատությունից դուրս մղելուն: Այդ իսկ պատճառով էլ միջազգային քաղաքացիական ծառայությունում ստեղծված է նաև ազդարարի պաշտպանության մեխանիզմ, ինչպես նաև Էթիկայի գրասենյակ, որը մոնիտորինգ է իրականացնում բարեվարքության նորմերի խախտման մեջ մեղադրվող աշխատակցի կողմից ազդարարի նկատմամբ վարքագծի այն դրսևորումների հանդեպ, որոնք կարող են դիտարկվել որպես վրեժխնդրություն: Միաժամանակ, եթե հայտնաբերվի, որ ազդարարն անազնիվ նպատակներով և շահադիտական օրակարգ ունենալով ներկայացրել է կեղծ զրպարտություն, ազդարարի հանդեպ կարող են ձեռնարկվել կարգապահական միջոցներ:

Բացի բարեվարքությունից, միջազգային քաղաքացիական ծառայողներից պահանջվում է նաև ցուցաբերել հարգանք բազմազանության հանդեպ, որը ներառում է արդյունավետ աշխատելու կարողություն ցանկացած ծագման և բնույթի մարդկանց հետ, պահանջում է նրանց վերաբերվել հարգանքով ու արժանապատվորեն, ամենօրյա գործունեության և որոշումների կայացման ընթացքում հարգել տարբեր տեսակետներ, վերլուծել սեփական նախապաշարմունքները և վարքագծի դրսևորումները` խուսափելու համար տարբեր իրավիճակներում կարծրատիպային ձևերով արձագանքելուց, և խտրականություն չդրսևորել որևէ անհատի կամ խմբի հանդեպ:

Թվում է, թե հանդիսանալով էթնիկապես համարյա թե միատարր պետություն, այս չափանիշը Հայաստանի հետ քիչ աղերս ունի, սակայն դա այդպես չէ: Առաջին հերթին, հայ հասարակայնության շրջանում նկատելի են ծայրահեղ ազգայնականության դրսևորումներ, որոնք երբեմն հասնում են քսենոֆոբիայի և ռասիզմի աստիճանի: Որոշ պաշտոնատար անձիք իրենց հրապարակային ելույթներում բացասական երևույթները ասոցիացրել են որոշակի ազգությունների հետ, օգտագործելով «բոշա», «եզդի», «ալբանացի» պիտակները, կամ գերակա տոնով են արտահայտվել, օրինակ, «աֆրիկացիների» մասին: Հայրենասիրությունը չպետք է նույնացնել ազգայնականության հետ. Եթե առաջինը հայրենիքի ու սեփական ժողովրդի հանդեպ սերն է, որը երբեմն կարող է նաև արտահայտվել սեփական երկրում և սեփական ժողովրդի շրջանում դրսևորվող բացասական երևույթների հանդեպ կառուցողական քննադատությամբ և դրանց դեմ պայքարով, ապա ազգայնականության ծայրահեղ դրսևորումները ստանում են սեփական ազգին մյուսների հանդեպ գերակա համարելու, ֆետիշացնելու, սեփական երկրում և ժողովրդի շրջանում ոչ մի բացասական երևույթ չնկատելու և դրանք փոխելու ձգտման բացակայության բնույթ, որոնք չեն կարող նպաստել պետության առաջընթացին:

Եվ վերջապես, բնակչության կեսը և ինչպես վարչապետի հիշատակած փաստաթղթում է նշված, աշխատուժի կեսը կանայք են, սակայն նրանց ներուժը լիարժեք չի օգտագործվում: Դա մեծապես կանանց հանդեպ հանրային կառավարման համակարգում ցուցաբերվող, սակայն լայնորեն ժխտվող խտրականության արդյունք է, որի դրսևորումները կարող են լինել տարբեր բնույթի` սկսած անհավասար հնարավորություններից, այդ թվում տղամարդկանց հետ համարժեք կրթության, ունակությունների և արդյունքների դեպքում համարժեք գնահատականի չարժանանալուց և անհամաչափ կարիերային աճից և վերջացրած ծանրագույնով` սեռական հետապնդումներով, որոնք հայ հասարակայնության շրջանում միշտ հանդիսացել են արգելված թեմա: Կանանց կողմից սեփական կարծիք ունենալն ու արտահայտելը, կամ նախաձեռնող լինելը, կարող է առավել բացասաբար ընկալվել, քան նույնանման վարքագծի դրսևորումը տղամարդկանց կողմից` վերջինիս դեպքում այն կարող է ընկալվել որպես առաջնորդության ունակություն: Հաճախ կանանց կարիերային աճը նույն որակի աշխատանքի դեպքում առավել դանդաղ է ընթանում, և կամ էլ միջին օղակում, ինչպես օրինակ` ավագ մասնագետ, խորհրդական կամ բաժնի վարիչ, կանգ է առնում, հատկապես այն ոլորտներում, որոնք ավանդաբար կանացի չեն համարվում:

Հետհեղափոխական շրջանը բացառիկ հնարավորություն է ընձեռում հանրային համակարգում արմատական բարեփոխումների և կազմակերպությունների մշակույթի դրական փոփոխությունների համար, որոնց շրջանակում հարկավոր է ներառել վերոնշյալ էթիկական նորմերի կարգավորումը` բարեվարքության չափանիշների կիրառման և խտրականության բացառման նկատմամբ հարգանքի միջոցով:

Հոդվածի երկրորդ մասում կանդրադառնամ հանրային կառավարման առավել մասնագիտական ունակությունների շարքին դասվող` ռազմավարական ունակությունների պակասի խնդրին:

Շարունակելի
Սոսի  ԹԱԹԻԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.08.2019 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031