Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուլսարի գործ. Քրեական հետապնդման հիմքեր չկան, երկրաշարժի դեպքում ազդեցությունը կրած ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի

Օգոստոս 14,2019 20:00

Այսօր քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանն՝ անդրադառնալով Ամուլսարի փորձաքննության եզրակացությանն, ասաց՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանգամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել, քրեական գործ հարուցելու հիմքեր չկան:

Իվանյանն ներկայացրեց հանքի հետազոտության վերջնական եզրակացությունից հատվածներ.«Ծրագրի տարածքի եւ Ջերմուկի թերմալ, տաք աղբյուրների միջեւ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Երկրաշարժի դեպքում ազդեցությունը կրած ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի: Ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը ծրագրի տարածքից կարող են չլցվել Սպանդարյան-Կեչուտ թունել, ինչպես նաեւ իզոտոպային տվյալների համաձայն, Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում թունել: Նույն կարծիքի համաձայն, Կեչուտի ջրամբարի եւ Սեւանի վրա ազդեցություն չի լինի: Նման պարագայում, երկրաշարժի դեպքում ազդեցությունը կրած ջրերի պոտենցիալ միախառնումը նախ Կեչուտի ջրամբարի ջրերի հետ, իսկ հետո Սեւանա լճի ջրերի հետ, չի առաջացնի Սեւանա լճի կոնցենտրացիայի նշանակալի կամ չափելի փոփոխություններ»:

Փորձաքննության տվյալների համաձայն, ինչպես ներկայացրեց Իվանյանը՝ Որոտան, Արփա, Դարբ գետերի վրա ազդեցությունն անորոշ է.«Քանի որ մոդելները չեն գնահատվում  եւ քանակապես չեն չափվում այդ ազդեցությունները՝ քանակական առումով: Սակայն, միեւնույն ժամանակ փորձագիտական խումբը «Լիդիան Արմենիայի» ներկայացրած մեղմման միջոցները գնահատել է ողջամիտ եւ համապատասխան, բայց, միեւնույն ժամանակ, առաջարկել է լրացուցիչ միջոցառումներ ու եկել եզրակացության, որ եթե նախատեսված միջոցները իրականացվեն պատշաճ նախագծված եւ սահմանված կարգով, ապա շրջակա միջավայրի ջրային ռեսուրսների վրա՝ ստորգետնյա ջրեր, հիմնական աղբյուրներ, գետեր, բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի»:

Ըստ Իվանյանի, «Լիդիան Արմենիան» առաջարկվող փոփոխությունների գերակշիռ մեծամասնություն արդեն իսկ ներառել է իր նախագծային փաստաթղթերում, իսկ նրանք, որոնք չի ներառել, որդեգրել է ակտիվ քաղաքականություն, ցուցաբերել է կառուցողական մոտեցում, պատրաստակամություն է հայտնել իրականացնել բոլոր լրացուցիչ միջոցառումները, որպեսզի հանքի տարածքից որեւէ աղտոտված ջուր դուրս չի  գալու:

Իվանյանն ընդգծեց՝ Ջերմուկի եւ Ամուլսարի ստորգետնյա ջրերի միջեւ կապ չկա:

Ըստ այդմ, ինչպես Իվանյանն ասաց.«Փորձաքննության եզրակացության ստացումից հետո, վերլուծելով ձեռքբերված փաստական տվյալները, վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան քրեական գործով վարույթի հետագա շարունակման համար»:

ՔԿ ներկայացուցչի խոսքերով՝  եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031