ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները երեկվանից շրջայց են սկսել Գյումրիում, նրանք ուսումնասիրում են պատմական այս քաղաքի կառույցները, ճարտարապետությունը, հետաքրքրվում են շենքերի սեյսմակայունությամբ։ Եղել են Ձիթողցոնց տուն-թանգարանում, ծանոթացել քաղաքի պատմությանն ու գյումրեցիների կենցաղին։ Նրանք Գյումրիում կմնան ևս երկու օր։
«Իմ կարծիքով, Գյումրին հրաշալի քաղաք է՝ հարուստ պատմամշակութային ժառանգությամբ։ Մենք տպավորված ենք կոմբինացիայով՝ 19-րդ դարի կառույցները իրենց մեջ կրում են նաև ավելի վաղ շրջանի տարրեր։ Մեզ դուր եկավ այցը Ձիթողցոնց թանգարան, որտեղ մեզ ներկայացրեցին Գյումրիի պատմությունը, մարդկանց սովորույթները, ավանդույթները, կենցաղը»,-լրագրողների հետ զրույցում իր մեկօրյա տպավորությունները կիսեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին։


Կարդացեք նաև
Քաղաքապետը, սակայն, փոքր-ինչ անակնկալի եկավ, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին ասաց, որ իր հիմնական աշխատանքը սեյսմիկ անվտանգության և արտակարգ իրավիճակների դեպքերում կանխարգելման միջոցառումների հետ է կապված և եկել է այս հարցում օգնելու։
«Մի քանի ամիս առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպանն ինձ մոտեցավ և խնդրեց օգնել ու ուսումնասիրել Հայաստանի պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը երկրաշարժերից։ Մեր պատասխանը ձեր դեսպանին այն է, որ մենք գանք ձեր մոտ, ուսումնասիրենք՝ ինչ խնդիրներ կան և ինչ հնարավորություններ ռիսկերի նվազեցման միջոցառումներն իրականացնելու համար»,-ասաց Ջիովաննի Բոկկարդին։
Սամվել Բալասանյանը, սա լսելով, հարցրեց․ «Հիմա դուք այստեղ են ռիսկերը իջեցնելո՞ւ, այս տրամաբանությամբ, թե՞ որպես պատմական քաղաք ուսումնասիրելու»։
Քաղաքապետին պարզաբանեցին, որ կա երկու բաղադրիչ՝ առաջին հերթին սեյսմիկ անվտանգության ապահովումն է, երկրորդը՝ պատմամշակութային ժառանգության գնահատումն է։
Գյումրու քաղաքապետը շեշտեց, որ իր համար շատ կարևոր է պատմական շենքերի գնահատումը։ «Մենք սպասել ենք՝ հասկանալով, որ ունենք պատմական քաղաք, պատմական շենքեր, «Կումայրի» արգելոց- թանգարանը։ Գյումրին յուրահատուկ քաղաք է Հայաստանի Հանրապետությունում, կուզենայինք, որ այն որպես պատմական քաղաք՝ անպայման ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ մտներ։ Իհարկե, առաջին բաղադրիչը նույնպես կարևոր է՝ կապված սեյսմիկ ռիսկերի հետ։ Հանրապետության նախագահը նույնպես դրականորեն է արտահայտվել, դեսպանի հետ ունեցել է հանդիպում։ Ֆրանսիայի դեսպանը, տեսնելով մեր քաղաքը, նույնպես շատ մեծ հակում ունի, որպեսզի այն մտնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում, դրա համար ձեր այցը շատ ենք կարևորում»,-ասաց Սամվել Բալասանյանը։
Ջիովաննի Բոկկարդին էլ նշեց, որ տեղեկացված է այդ մասին․ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանը հիշատակել է այն։
«Երբ որ անվանակարգային փաթեթը ներկայացվում է համաշխարհային ժառանգության կոմիտեին, ապա կից ունենում է նաև տեխնիկական փաստաթղթեր, որոնք ներկայացվում են, թե ինչպես պետությունը կամ տվյալ դեպքում իշխանությունները պետք է հոգ տանեն պատմամշակութային ժառանգության ուղղությամբ։ Մեր այցը հենց հիմնականում կապված է դրա հետ, թե ինչպես կարելի է հուշարձանները պահպանել երկրաշարժի ռիսկերից, որը շատ կարևոր բաղադրիչ կլինի անվանակարգային փաթեթի մեջ»,- ասաց Ջիովաննի Բոկկարդին։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը հաշվարկեց, որ դա կտևի մինչև 2022 թվականը․ նախնական ցանկում ընդգրկվելը կտևի 2-3 ամիս․ ձևաչափը ներկայացվելու է ՀՀ-ում համաշխարհային ժառանգության կենտրոն, որոշում ընդունելուց հետո անվանակարգային փաթեթն, ամենայն հավանականությամբ, կհասցնեն պատրաստել 2021 թվականին, որից հետո կսկսվի գնահատման գործընթացը։ Իսկ այն 18 ամիս է տևում։
«Թեկուզ 4 տարի հետո, բայց թող Գյումրին դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաք»,-հայտարարեց Սամվել Բալասանյանը։ Նա ևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներից հետաքրքրվեց, թե ինչ տպավորություններ ստացան Գյումրիից։
Նրանք ասացին, որ մի օր է շրջել են Գյումրիում և մեծ տպավորություններ ունեն․ մեծ կենսունակություն կա այս քաղաքում։ Ջիովաննի Բոկկարդին նաև նշեց, որ համաշխարհային ժառանգության մեջ ընդգրկվելու համար պիտի ունենան համաշխարհային բացառիկ արժեք, և հայկական կողմը պիտի հիմնավորի, թե ինչու է համարում բացառիկ արժեք․ կան 10 չափորոշիչներ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում այս պահին ընդգրկված են 250 քաղաքներ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































