Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ի՛մ գիրքը կգրեմ Քոչարյանի մասին»

Օգոստոս 29,2019 14:30

Արամ Մանուկյանը հիշում է, թե ինչպես է Քոչարյանը վարվել իր ընկերների հետ

ՀԱԿ խմբակցության փոխնախագահ Արամ Մանուկյանին օրերս հարցրինք՝ կարդացե՞լ եք Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գիրքը, տեսե՞լ եք՝ ինչպես է գրքում ներկայացրել տարբեր քաղաքական իրադարձությունները: Արամ Մանուկյանը պատասխանեց. «Ե՞ս կարդայի, էլ բան ու գործ չունե՞մ: Խի ես իմ անձնական դիտարկումները չունե՞մ, պիտի նստեմ իր գի՞րքը կարդամ: Իրեն էս երկրում ամենալավ ճանաչողներից մեկը ես եմ: Աշոտի սվիտրի պատմությունը հիշո՞ւմ եք»:

Խոսքը ղարաբաղյան շարժման լիդերներից Աշոտ Մանուկյանի մասին է, ում տանը ապրել է Քոչարյանը՝ Հայաստան գալով: Արամ Մանուկյանը պատմել էր, թե ինչպես է Քոչարյանն իր այդ ընկերոջ հացը կերել, նրա բրդե բլուզը՝ սվիտերը հագել ու հետո ընկերոջը ձերբակալել (մանրամասները տես 01.03.2018 Aravot.am-ում):

Արամ Մանուկյանի խոսքով՝ Աշոտ Մանուկյանին երկու անգամ բանտ են նստեցրել ու երկրորդ անգամվա փաստարկները իրավաբանության «գլուխգործոց» են. «Ամեն մի քաղբանտարկյալի վրա գործ էին սարքում: Աշոտի վրա տես ոնց են սարքել՝ ոստիկանը գրում է՝ ես Ազատության հրապարակում էի, ոտքիս բորդյուրով խփեցին, շրջվեցի, տեսա բոլորի ձեռքին կար քար եւ փայտ, Աշոտի ձեռքին չկար քար եւ փայտ, եւ ես եզրակացրեցի, որ իմ ոտքին խփած քարն Աշոտի ձեռքին է եղել: Աշոտը 6 տարի նստեց: Էդ էն նույն Աշոտն է, որի տանը Ռոբը քնել է ամբողջ 88, 89, 90 թվին: Մենք Վանաձորից ենք ծանոթ Ռոբին: Էդ նույն տունը, որի տանը քնել է, այդ տան տերը նույն Աշոտն է, ու Աշոտը ստացել է Մարտի 1-ին 6 տարի ազատազրկման հոդված միայն նրա համար, որ ոստիկանն ասում է՝ ես շրջվեցի, տեսա ամբոխի մեջ, որ Աշոտի ձեռքին քար չկար, էդ նագլին է ինձ խփել, ու էս ցուցմունքը հերիք էր, Աշոտը 6 տարի գնաց: Ընդ որում, լույսերն անջատված էին, ոչ մի բան չէիր կարող տեսնել: Հիմա էսքանից հետո ինձ ասում ես՝ իր գիրքը կարդա՞մ, ստերի տո՞ւկը բացեմ: Ես ի՛մ գիրքը կգրեմ իր մասին»:

Արամ Մանուկյանն ասաց, որ եթե իրենք չլինեն, հինգ սերունդ անցնի, սերունդներ հետո կարող է Քոչարյանի գիրքը մի-երկու ջահել կարդան ու ասեն՝ «էս ի՞նչ են արել էս պրեզիդենտին, էս ի՞նչ երկիր է եղել»: «Բայց մենք կանք, ազիզ ջան»,-ասաց Արամ Մանուկյանը ու հիշեցրեց, որ Քոչարյանի հետ ընդհանուր ընկերներ շատ են ունեցել ու կարող են փաստել: Արամ Մանուկյանը հարցադրում արեց Քոչարյանին, թե այդքան ընկերներ ունեին, մեկը կա՞, որ իր կողքին է, իրեն զանգում է, սրճում են, գարեջուր են խմում:

Մեր դիտարկմանը, որ Քոչարյանին Պուտինն է զանգում՝ Արամ Մանուկյանը պատասխանեց. «Պուտինն իրեն ընկեր չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031