«Ուրախացա, որ հարեւաններ կունենամ, բայց հարեւանները գլխիս պատուհաս դարձան»-երեկ այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց 84-ամյա Ալբերտ Ավետիսյանը, որն ապրում է Ծարավ Աղբյուրի 55/13 նորակառույց շենքի հարեւանությամբ գտնվող տնակում:
Նշեմ, որ Ալբերտ Ավետիսյանը, նույն ինքը՝ «Լաչինի Աբոն», Արցախյան պատերազմի մասնակից է։
«Թաղապետարանի աշխատակիցները սպառնում են ինձ, որ խնդիրներ կունենամ»,-ասում է նա։ Նրա խոսքով՝ իր տնակի անմիջապես դիմաց ցանկանում են ավտոկայանատեղի կառուցել, այդ նպատակով ուզում են կտրել իր մշակած ծառերը եւ ասֆալտապատման աշխատանքներ սկսել, ինչից հետո սկսել շինարարական աշխատանքներ։ Ըստ զրուցակցիս՝ շենքն արդեն ունի ստորգետնյա ավտոկայանատեղի. «երեւի չի բավականացնում»,-ասում է նա։ «Ի՞նչ տարբերություն, թե որտեղ կլինի ծառահատումը, վնասը վնաս է ,ինչու՞ Երեւանին ծառեր պետք չե՞ն»,- հարցրեց նա։
«Հուսով եմ տեղի ինքնակառավարման մարմինները կսթափվեն եւ թույլ չեն տա նման բան»,-հավելեց նա, ասելով, որ ունի բազմաթիվ առողջական խնդիրներ եւ չի պատրաստվում թողնել, որ իր քթի տակ ավտոկայանատեղի կառուցվի։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: